AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 23. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՄԽԻԹԱ՞Ր
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017



ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-06-29 23:29:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 13478, Տպվել է` 439, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՑ ՀԱՐՑ` ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՍԵՐԺԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

Զրուցեց ՀԱՍՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

- Ի՞նչ կասեք ՀՀ դատաիրավական համակարգի 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի եւ 2015 թ. սահմանադրության համակարգային եւ արմատական փոփոխությունների շրջանակներում իրականացվող բարեփոխումների մասին: Ըստ Ձեզ, որո՞նք են ոլորտում առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրները:

- Դատաիրավական համակարգում այսօր առաջին հերթին, անհրաժեշտ է բարեփոխել, հստակեցնել, զարգացնել ինչպես դատական իշխանության առաքելության, դատարանների անկախության հիմնական գործառույթները, այնպես էլ դատական համակարգի բնականոն գործունեությունն ապահովող կառույցների գործունեության կազմակերպման հիմքերը: Անհրաժեշտ է նաեւ կատարելագործել եւ հստակեցնել դատավորի կարգավիճակի, կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի, ընթացակարգի, Բարձրագույն դատական խորհրդի գործունեության, ինչպես նաեւ դատարանների նախագահների նշանակման հետ կապված հարցերը:

Չնայած օրենսգրքի հայեցակարգի, նախագծի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը տասնյակ դիտողություններ ու առաջարկություններ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն, սակայն դատական իշխանության ներկայացուցիչների հետ դրանք պատշաճ ձեւով չեն քննարկվել: Անտեսվել է նաեւ պրակտիկ իրավաբանների, դատավորի հարուստ փորձ ունեցող անձանց կարծիքը, որը կարեւոր է:

Դատական համակարգի 3-րդ փուլի բարեփոխումները, որոնք մի շարք նորամուծություններով հանդերձ իրականացվել են 2009-2011 թթ. ռազմավարական գործողությունների ծրագրի շրջանակներում, սակայն հիմնարար լուծում չստանալու պատճառով, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության արդյունավետությունը չի բարձրացել: Այդ է պատճառը նաեւ, որ դատարանների նկատմամբ հանրության վստահությունը լիաժեք չէ, ինչը մտահոգվելու առիթ է տալիս:

Այսօր ՀՀ դատական համակարգում առաջնային են եւ լուծումներ են պահանջում`

1. դատարանների մատչելիության,

2. արդար դատաքննության ապահովման եւ իրավական պաշտպանության ոչ բավարար արդյունավետ միջոցների,

3. գործերի արդյունավետ վերանայման մեխանիզմների բացակայության (ներկայումս վերաքննիչ եւ վճռաբեկ վերանայման վարույթները ըստ էության միմյանց կրկնում են),

4. անկախ, անկողմնակալ եւ օրենքի առջեւ հաշվետու դատական համակարգի ձեւավորման,

5. ինչպես նաեւ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների ցածր գործունեության վերաբերյալ հիմնախնդիրները:

- Ինչպիսի՞ կարգավիճակ կունենա ՀՀ վճռաբեկ դատարանը նոր բարեփոխումների համատեքստում: Արդյո՞ք Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները շարունակելու են պարտադիր լինել ստորադաս դատարանների համար:

- ՀՀ Սահմանադրության (2005 թ. փոփոխություններով) 92-րդ հոդվածում ամրագրվել է, որ ՀՀ բարձրագույն դատական ատյանը (բացի սահմանադրական արդարադատության հարցերից) վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու նաեւ օրենքի միատեսակ կիրառությունը:

Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական առաքելությունից ելնելով գործող ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված է. «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում նաեւ օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:

ՀՀ Սահմանադրության (2015 թ. փոփոխություններով) 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայնՙ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցովՙ ապահովում է օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը եւ վերացնում է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումները:

Դժվար չէ նկատել, որ ՀՀ Սահմանադրության 2015 թ. փոփոխություններով Վճռաբեկ դատարանի դերն ու նշանակությունը օրենսդրական ակտերի միատեսակ կիրառության ապահովման եւ արդարադատության իրականացման գործառույթների առումով էապես մեծացել է: Այսպես, Վճռաբեկ դատարանը կոչված է ապահովելու ոչ միայն օրենքների, այլեւ այլ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

Բացի այդ, արդարադատություն իրականացնելիս, Վճռաբեկ դատարանը կոչված է վերացնելու մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումները:

Քրեական արդարադատության ոլորտին առնչվող քրեական պալատի նախադեպային որոշումները (500-ից ավելի), ներկայումս օժտված լինելով պարտադիրության հատկանիշով, ապահովում են արդարադատության կանխատեսելիությունը, իրավական որոշակիությունը, նպաստում են միասնական, արդյունավետ եւ կանխատեսելի իրավակիրառ պրակտիկայի ձեւավորմանը, ընձեռում են օրենսդրության անհստակությունները, հակասությունները եւ բացերը հաղթահարելու հնարավորությունը: Արդյունքում դատավարության եւ քրեական օրենսդրության նորմերի կամայական մեկնաբանության հնարավորությունը էականորեն նվազել է: Այն զգալիորեն նպաստել է ոչ միայն կոռուպցիոն ռիսկայնությունը չեզոքացմանը, այլեւ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը:

Այսպես` 2016 թվականին ՀՀ դատարանները ստացել են մոտավորապես 23000 քրեական վարույթ: Վճռաբեկության կարգով բողոքարկվել է 1781 դատական ակտ, ինչը կազմում է կայացված ակտերի ընդամենը յոթ տոկոսը:

Քրեական արդարադատության ոլորտում դժվար է գտնել քրեական պալատի կայացրած երկու որոշում, որոնցում նույն իրավական հարցի վերաբերյալ արտահայտված լինեն հակասական եւ իրարամերժ դիրքորոշումներ:

Արդյունքում, վերջին տարիներին կտրուկ նվազել են նույնանման փաստական հանգամանքներով քրեական գործերին ստորադաս դատական ատյանների կողմից հակասական եւ կամայական լուծումներ տալու դեպքերը:

Հատկանշական է նաեւ, որ քրեական պալատի կայուն նախադեպային որոշումների շնորհիվ զգալիորեն կայունացել է ոչ միայն դատական, այլեւ քննչական պրակտիկան` դառնալով կանխատեսելի:

Պատահական չէ, որ ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծում (հոդված 16-րդ) առաջարկվում է Վճռաբեկ դատարանի որոշումները նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ պարտադիր դարձնել ոչ միայն ստորադաս դատարանների, այլ նաեւ քրեական վարույթն իրականացնող բոլոր մարմինների համար: Դա ճիշտ մոտեցում է, մանավանդ, որ քրեական վարույթն իրականացնող մարմինները նույնպես ղեկավարվում են պալատի որոշումներով:

Պատահական չէ, որ քրեական պալատի որոշումների յոթ հատորանոց ժողովածուները եւ գիտագործնական մեկնաբանությունները, որոնք լույս են տեսնում ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ, դարձել են իրավաբանի «սեղանի գիրք»: Այլ խնդիր է, երբ հանրությունը չի ընդունում այս կամ այն նախադեպային որոշումը կամ երբ տեսականորեն, օրինակ` նույն իրավական հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը արտահայտի իրարամերժ դիրքորոշումներ:

Ինչպես նշեցի, քրեական պալատի կայացրած որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները նման խնդիրներ մինչեւ օրս չեն առաջացրել: Դրանք հստակ, պարզ եւ կանխատեսելի են դարձնում իրավակիրան պրակտիկան:

Անհրաժեշտության դեպքում Վճռաբեկ դատարանը կարող է փոփոխել նախադեպային որոշումները, քանի որ իրավունքի զարգացումը ենթադրում է նաեւ հետագա զարգացում (ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել օրենքները, անհրաժեշտություն առաջանա նախորդ որոշումներում արտահայտած դիրքորոշումների կիրառելիության հարցերի հստակեցումը եւ այլն):

Այնուամենայնիվ, բոլոր դեպքերում, քրեական պալատը պատրաստակամ է նոր օրենսդրության պայմաններում (սպասվում է նոր քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերի ընդունում) պատշաճ մակարդակով ապահովել սահամանդրաիրավական իր գործառույթները:

- Ամփոփել ե՞ք արդյոք քրեական պալատի 2016 թ. գործունեությունը, եթե այո, ապա խնդրում եմ հնարավորինս համառոտ ներկայացրեք արդյունքները:

- Քրեական պալատի 2016 թ. գործունեության ամփոփումը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախաձեռնությամբ , անցկացվել է 2016 թվականի դեկտեմբերի 9-ին (քրեական գործեր քննող Հայաստանի բոլոր դատավորների)` ծառայողական խորհրդակցության ժամանակ: Ընթացքում ամփոփվել են 2015 թ. եւ 2016 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում դատարաններում ստացված եւ քննության առնված քրեական գործերի եւ մինչդատական վարույթի վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Զուգահեռաբար բարձրաձայնվել, վերլուծվել են դատական համակարգում թույլ տրված սխալներ, քննարկվել` արդարացի դատական քննության ապահովման հետ կապված խնդիրներ, ողջամիտ ժամկետում քննվելիք գործեր, ինչպես նաեւ դատական ակտերի որակի բարձրացման եւ այլ արդիական հարցեր: (Նշված ժամանակահատվածի գործունեության ամփոփումը մեջբերված է «Դատական իշխանություն» գիտագործնական ամսագրի 12/210 համարում):

Նշեմ, որ 2016 թվականին ՀՀ առաջին ատյանների ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել է 22316 քրեական վարույթ (4599 քրեական գործ եւ 17717 միջնորդություն` կապված դատական վերահսկողության ոլորտի հետ), որը 1548-ով ավելի է 2015-ի ցուցանիշներից: Զուգահեռաբար` 187 անձի վերաբերյալ կայացվել է 160 արդարացման դատական ակտ (արդյունքում 140 անձ ձեռք է բերել լրիվ, իսկ 47-ըՙ մասնակի արդարացվածի կարգավիճակ):

Հարկ եմ համարում նշել, որ արդարացման դատական ակտերի առումով հետխորհրդային տարածքում, Հայաստանի դատական համակարգը գրանցել է դրական միտումներ: Միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ հանուն ցուցանիշների անհիմն արդարացումները վտանգավոր են եւ հեղինակազրկում են կոնկրետ դատավորին եւ արդարադատության համակարգին:

Հավելեմ, որ վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2016 թվականին ստացել է 1781 բողոք, որը 18 %-ով (կամ 1455 հատով ) ավելի է 2015 թվականի ցուցանիշից: Նշված բողոքներից վարույթ է ընդունվել 72-ը (4%), վերադարձվել է` 366-ը (կամ 20.6%-ը), առանց քննության թողնվել`187-ը (8.8%-ը): Նույն թվականին մերժվել է վարույթի ընդունման համար ներկայացված 922 (51.8%) վճռաբեկ բողոք, իսկ 13 (կամ 0.7%) բողոք էլ` մերժվել վերանայման վարույթի հարուցման համար:

Ամփոփումը վկայում է, որ բերված վճռաբեկ բողոքների կեսը ներկայացրել են դատախազները, մյուս կեսըՙ պաշտպաններն ու դիմողները:

Ուսումնասիրություններից պարզվել է, որ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքների թիվը 2017 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում ավելացել է շուրջ 50-ով:

Այսօր դժվար է գտնել որեւէ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք, ինչպես նաեւ դատական ակտ, որոնք հիմնավորված չլինեն պալատի այս կամ այն իրավական դիրքորոշման վրա: Հատկանշական է, որ նախադեպային բնույթի որոշումները դարձել են նաեւ ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների, գիտական եւ այլ կազմակերպությունների քննարկման առարկա:

Չկա նյութական եւ դատավարական իրավունքի հիմնահարցերին նվիրված որեւէ գիտագործնական վերլուծություն եւ ատենախոսություն, որոնցում օգտագործված չլինեն պալատի որոշումները:

Կասկածից վեր է, որ այսուհետ էլ պալատի որոշումները հսկայական եւ կանխորոշիչ ազդեցություն կունենան ոչ միայն դատական պրակտիկայի, օրենսդրության զարգացման, այլեւ ողջ քրեական արդարադատության գործընթացների վրա:

- Դուք նշեցիք, որ դատարաններն աշխատում են ծանրաբեռնված: Արդյո՞ք այդ ծանրաբեռնվածությունը չի հանգեցնում դատական սխալների:

- «ՀՀ նոր դատական օրենսգրքի» հայեցակարգը մշակելիս հեղինակները առանցքային ուշադրություն են դարձրել դատարանների գերծանրաբեռնվածության հարցին: Առաջարկվել է ստեղծել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատարաններ: Սակայն օրենսգրքի նախագծում հեղինակներն այդ գաղափարից հրաժարվել են` առաջարկելով դատավորների թվակազմը թողնել անփոփոխ: Կարծում եմ, որ այնուամենայնիվ, վերոնշյալ մասնագիտացված դատարանների ստեղծման պարագայում, դատավորների ծանրաբեռնվածությունը նվազելու է:

Այսօր, մինչդատական վարույթի նկատմամբ, հսկողություն իրականացվում են նաեւ քաղաքացիական գործեր քննող դատավորները, ինչը ճիշտ չէ:

Գերծանրաբեռնված աշխատանքի արդյունքում մեծանում է դատական սխալների հավանականությունը, ընկնում արդարադատության որակը: Ինչպես ասում են «էժան արդարադատություն չի լինում»: Ուստի այս հարցը պետք է օպտիմալ լուծում ստանա:

- Ի՞նչ կասեք լրամշակված «Քրեական օրենսգրքի» նոր նախագծի մասին

-ՀՀ նոր «Քրեական օրենսգիրքի» նախագիծը մշակվել է (2012-2016 թթ.) Երեւանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դասախոսների կողմից` դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում:

Նախագծի հսկայածավալ աշխատանքի արդյունքում ներառվել են բազմաթիվ նորամուծություններ, նոր ինստիտուտներ ու նորմեր: Քրեական պալատը, օրենսգրքի հայեցակարգի եւ նախագծում առկա բազմաթիվ թերությունների եւ բացթողումների վերաբերյալ, ներկայացրել է փոփոխությունների եւ լրացումների ծավալուն փաստաթուղթ:

Իմ հեղինակությամբ, դեռեւս 2012 թվականին լույս է տեսել «ՀՀ նոր քրեական օրենսգրքի առաջնահերթությունները եւ հեռանկարները» վերտառությամբ մենագրությունը, որում ներկայացվել է նոր օրենսգրքի արմատական փոփոխությունների հայեցակարգը:

Ցավոք, աշխատանքային խմբում պրակտիկ աշխատակիցներ ընդգրկված չեն:

- Պարոն Ավետիսյան, Դուք 100-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ եք, այդ թվումՙ 10 մենագրության, որոնք լույս են տեսել Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Գերմանիայում, Հունգարիայում: Հայտնի է նաեւ, որ Դուք համահեղինակ եք առաջին անգամ 35 հատորով Սանկտ Պետերբուրգում լույս տեսնող «Քրեական իրավունքի հանրագիտարանի», այդ ամբողջի մեջ խնդրում եմ նշեք ամենակարեւորն ու հրատապը:

- Բոլոր աշխատանքներն էլ կարեւոր ու հրատապ են, ինչպես հրատարակման, այնպես էլ հետագայի համար, քանի որ դրանցում վերլուծվել են քրեական իրավունքի, քրեական դատավարության իրավունքի եւ արդարադատության հիմնահարցերին առնչվող տեսական եւ գործնական նշանակություն ունեցող արդիական, բարդ եւ վիճահարույց հիմնահարցեր: Հիմնական արդյունքները տարիներ շարունակ օգտագործվում են Հայաստանի, Ռուսաստանի ուսումնական բուհերում, իրավակիրառ մարմինների կողմից եւ օրենսդրական դաշտում:

2016 թվականին լրացավ դատական համակարգում իմ աշխատանքային եւ գիտամանկավարժական գործունեության 25-ամյակը: Դա լավ առիթ էր ամփոփելու անցած կյանքը, գնահատելու կատարածը, այդ թվում` ստեղծագործական գործերը, վերաիմաստավորելու ներկան եւ ուրվագծելու նոր գործեր: Այդ առիթով հրատարակել եմ իմ «Մարդու, հասարակության եւ պետության քրեաիրավական պաշտպանության հիմնախնդիրները» վերնագրով առանձին աշխատանքների (792 էջանոց) ընտրանին, որը սիրով նվիրում եմ ընկերներիս եւ գիտությամբ զբաղվող երիտասարդ մասնագետներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.