AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017



ՄԱՏՆԱՆՇՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2017-05-18 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 4028, Տպվել է` 462, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՄ ՔԱՄՈՒ ԷՆԵՐԳԻԱՆ ԿԴԱՌՆԱ՞ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., Էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ

Հոդվածի նախորդ մասում կիսել էի մտահոգություններս, որ արեւի ու քամու էներգիայի արդյունաբերական շահագործումը մի շարք խնդիրներ են առաջացնում, ինչը պայմանավորված է, ինչպես ցույց է տալիս Արեւմտյան փորձը, այդ էներգիայի ոչ գրագետ օգտագործման ու շատ դեպքերում դրա հնարավորությունների չափազանցման հետ: Այս առումով «ԱԶԳ»ի ընթերցողներին հարկավոր է որոշ պարզաբանումներ տալ, թե ինչի մասին է խոսքը:

Նախ, երբ խոսում ենք վերկանագնողական էներգիայի մասին, պետք է հստակ կերպով տարանջատել դրանց, այսպես կոչված կենցաղային եւ արդյունաբերական բաղադրիչները: Փորձը ցույց է տվել, որ երկրները, որոնք հարուստ են արեւային էներգիայով, կարող են այն լայնամասշտաբ կերպով օգտագործել էլեկտրաէներգիա ստանալու համար: Ըստ որոշ հաշվարկների, Երկիր մոլորակ հասնող արեւի էներգիան 15 հազար անգամ ավելին է, քան այն պահանջարկը, որ մարդկությունը ունի էներգիայի սպառման բնագավառում, ամբողջ խնդիրը այն գրագետ օգտագործելու (այսինքն կարողանալ այդ էներգիան ձեւափոխել արդյունաբերական ստանդարտներին համապատասխանող էլեկտրաէներգիայի) մեջ է, ինչը խոստովանենքՙ միշտ չէ որ ստացվում է:

Սակայն արեւի էներգիայի շահագործման գործընթացը բավականին արդյունավետ է, երբ խոսքը գնում է կենցաղային, կամ փոքր էներգետիկայի մասին: Մասնավորապես, երբ նմանատիպ կայաններ օգտագործվում են բնակարանները ջեռուցելու կամ տնամերձ ջերմոցներ, չորանոցներ կառուցելու եւ այլ նպատակներով: Այսինքն սա բավականին հասանելի միջոց է անհրաժեշտ էներգիա ստանալու եւ համապատասխան քանակով էլեկտրաէներգիա խնայելու համար:

Այս առումով եւս պետք է տարբերակել, մենք մեր առջեւ ինչ նպատակ ենք դնումՙ ստանալ էլեկտրա թե՞ ջերմային էներգիա: Փորձը ցույց է տալիս, որ ֆոտովոլտային պանելների միջոցով էլեկտրաէներգիա ստանալը բավականին թանկ է, եւ սա այն դեպքում, երբ բավական էժան է ջերմային էներգիա ստանալը: Այստեղ արժի հիշատակել թերեւս Սահարայի անապատում արեւային հսկայական կայան կառուցելու Եվրոմիության փորձը, ինչի արդյունքում հույս ունեն բավականին էժան էլեկտրաէներգիա ստանալ եւ այն սպառել Եվրոպայում: Սակայն կատարված հետազոտությունները ցույց տվեցին այդ ծրագրի բարձր ռիսկայնությունը եւ հիմա այն իրականացվում է համեմատաբար ավելի փոքր մասշտաբով: Այստեղ նաեւ պետք է հաշվի առնել, որ Եվրոմիությունը էլեկտրաէներգիայի սպառման հսկայական շուկա է, որի պահանջարկը կտրուկ կերպով աճում է հատկապես ձմեռվա ամիսներին:

Սակայն հետագայում գերհզոր կայան կառուցելու ծրագրից հրաժարվեցինՙ հաշվի առնելով դրա կառուցման ու առավել եւս շահագործման թանկությունը. նախատեսված էր ծախսել մինչեւ 700 մլրդ եվրո գումար: Ներկայումս փորձ է արվում կառուցել մոտ 500 ՄՎ հզորության կայան 2500 հեկտար տարածքի վրա: Այստեղ կարեւոր է հասկանալ, որ արդյունաբերական մասշտաբի նման կայանների ցածր արդյունավետությունը պայմանավորված է նաեւ այն հսկայական տարածքով, որը դրանք ընդգրկում են: Ըստ ամերիկյան հետազոտական ինստիտուտի (Nuclear Energy Institute) 1000ՄՎ հզորության էներգիա ստանալու համար քամուՙ հողմաղացային տեխնոլոգիա օգտագործելու դեպքում հարկ կլինի 360 անգամ, իսկ արեւային էներգիայի դեպքումՙ 75 անգամ ավելի մեծ տարածք, քան միջուկային կայան կառուցելու պարագայում:

Վերականգնող, հատկապես քամու էներգիայի օգտագործման մեծ փորձ ունի Գերմանիան, որտեղ այն կազմում է իր արտադրական հզորությունների մոտ 30%: Սակայն սրա արդյունքը թանկ էլեկտրաէներգիան է, որով էլ Գերմանիան տարբերվում է Եվրոմիության անդամ մյուս պետություններից: Նմանատիպ կայանների աշխատանքները այդ պետություններում սուբսիդավորվում են, իսկ սա մի հաճույք է, որը իրենց կարող են թույլ տալ հարուստ պետությունները միայն, մյուսները այս հարցերին պետք է մոտենան խելամտորեն եւ այս ուղղությամբ ծախսեր անելուց առաջ հասկանան, թե որքանով են դրանք ռացիոնալ:

Արեւային էներգիայի զարգացումը Հայաստանում էլ ավելի հետաքրքրական կլիներ, եթե դա խթաներ տեխնոլոգիական զարգացումը: Իսկ այս առումով, Հայաստանում կան ավանդույթներ, գիտական ներուժ, ինստիտուտներ ու նույնիսկ արտադրական հզորություններ, որոնք կարելի կլինի գործարկել համապատասխան պահանջարկի ձեւավորման դեպքում: Հիշենք թեկուզ Բարիս Հերունու կողմից իրականացված մշակումները, որոնք ցավոք սրտի հիմա ԱՄՆ-ում են, կամ Վահան Համազասպյանի իրականացրած աշխատանքները ջերմային էներգիա ստանալու համար: Չնայած այդ մշակումները նպատակ չունեին արդյունաբերական մասշտաբի սպառում ապահովել, սակայն այս փորձերն իսկ ցույց են տալիս գիտական այն հնարավորությունները, որ մենք ունենք: Այս ուղղությամբ է, որ պետք է աշխատանք իրականացվի, որ Հայաստանը արեւի էներգիայի պարզ սպառողից փորձի դառնալ համապատասխան տեխնոլոգիաների արտահանող:

Սակայն ցավոք սրտի, էներգետիկայի նախարարության կողմից հայտարարված մրցույթի ողջ իմաստը դրսից ֆոտովոլտային պանելների ներմուծումն է, ինչը, ինչպես նշեցի, ոչ ռացիոնալ է ու ոչ հեռատեսական: Նման ծրագրերի իրականացման համար համաշխարհային ֆինանսական ինստիտուտները պատրաստ են հսկայական գումարներ տրամադրել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի կայանների կառուցման համար, ինչը միայն ավելացնելու է մեր արտաքին պարտքը: Իսկ հաշվի առնելով այդ կայանների ցածր արդյունավետությունը ու դրանց արտադրած էլելկրատէներգիայի ինքնարժեքի թանկությունը, նմանատիպ կայանները դառնում են անմրցունակ (նույնիսկ ռուսական եւ իրանական գազով աշխատող ջերմակայանների համեմատ), թե՛ Հայաստանի ներքին շուկայում եւ թե՛ դրանց արտահանման հեռանկարի առումով:

Պետք է նկատել, որ վերջին տարիներին Հայաստանի էլեկրաէներգիայի սպառման շուկան կրճատվում է, իսկ գործող հզորությունները լիովին բավարար են ներքին պահանջարկը գոհացնելու համար, իսկ ապագային միտված ծրագրերի հիմքում պետք է լինի ցածր ինքնարժեքով էներգիայի արտադրությունը: Միջազգային շուկա արտահանելու համար այդ կայանների արտադրած էլեկտրաէներգիայի գինը պետք է լինի ոչ ավելի քան 5 ցենտը 1 կվ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց, հակառակ դեպքում այն մրցունակ չէ: Իսկ այսօր այդ կայաններըՙ արեւային ու քամու, նմանատիպ էլեկտրաէներգիա կարող են առաջարկել միայն 9 ցենտ (սա ըստ պաշտոնական աղբյուրների, իսկ իրականումՙ ավելի թանկ) գնով, ինչը շատ ավելի անգամ թանկ է, քան ներքին եւ արտաքին շուկայի պահանաջարկը:

Ամփոփելով նշենք, որ արեւային էներգիայի հեռանկարը Հայաստանում մեծ է, ինչը չես ասի քամու էներգիայի մասին, հաշվի առնելով ծովի մակերեւույթից մեր երկրի միջին բարձրությունը եւ օդի խտությունը: Սակայն առաջին հերթին պետք է փորձել խթանել կենցաղային էներգետիկայի զարգացումը, ինչը հեռանկարային է, հատկապես եթե հաշվի առնենք դրա ջերմային կոմպոնենտը: Այսինքն ջերմային էներգիայի ստացումը, որի սակագինը մոտ 0.30-0.40 դրամ է 1 կվ/ժ -ի դիմաց, շատ էժան է եւ որոշակի հեռանկարներ է բացում Հայաստանի համար համապատասխան մշակումների դեպքում: Հարկավոր է նպաստել այս բնագավառում հայկական տեխնոլոգիաների եւ մշակումների զարգացմանը ու դրանց արտահանմանը միջազգային շուկա, որտեղ այդ տիպի էներգիայի պահանջարկը շարունակաբար աճում է եւ այդ շուկան մեծ հեռանկար ունի: Այսինքն գրագետ աշխատանքի դեպքում արեւի էներգիան ոչ թե ՀՀ արտաքին պարտքը կավելացնի, այլ կնպաստի արդյունաբերության ու էներգետիկ ոլորտի զարգացմանը:

(Սկիզբը նախորդ համարում եւ վերջ)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.