AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 112. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԴԱԼԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017



ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-05-12 00:14:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 3898, Տպվել է` 413, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԵՐՍԻՄԻ ՀԱՅԵՐԻ ՄՈՒՆՋ ԱՂԱՂԱԿԸ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Ուզայ Բուլութ անունը կարեւորության չէր արժանանա, եթե պարբերաբար չհայտնվեր Էրդողանին անխնա քննադատող, հայամետ մի շարք հոդվածների տակ: Վաշինգտոնաբնակ թուրք լրագրողի անմիջական օգնության շնորհիվ հնարավոր եղավ էլեկտրոնային կապ հաստատել թուրք կինովավերագրողՙ Քյազըմ Գյունդողանի հետ: Արմատներով դերսիմցի Քյազըմի նախնիները զոհվել են 1938թ-ի կոտորածների ժամանակ: Տարիներ շարունակ նա, կնոջՙ Նեզահաթի հետ, ուսումնասիրել է ազգային եւ կրոնական փոքրամասնությունների մշտաբորբոք այդ օջախի պատմությունն ու ժողովրդագրական պատկերը: Այդ աշխատանքների ընթացքում հառնել է մահմեդական հայերի անցյալի ու ներկայի մասին վավերագիր եւ կենդանի վկայությունների մի հսկա ժառանգություն: Նրանք ապրում են քրդերի, զազաների, ղըզլբաշների, ալավիների կողքին, նրանցից առերեւույթ գրեթե չտարբերվելով: Մոտ չորս տարի, կրելով ֆինանսական եւ գրաքննական բնույթի դժվարություններ, աշխատել են մահմեդական հայերի մասին պատմողՙ «Վանքի երեխաները» ֆիլմի վրա, որի շնորհանդեսը կայացել է ամիսներ առաջ Ստամբուլում: Գյունդողան ամուսինները Թուրքիայում աստիճանաբար ստվարացող Հայոց ցեղասպանությունը ճանաչած մտավորականներից են, որոնք իրենց գործով նպաստում են այդ շարժման ընդլայնմանը:

Ծննդավայր Դերսիմից հեռացել է 1980-ին զինվորական հեղաշրջումից հետո: Սոցիալ-քաղաքական հայացքների պատճառով տասը տարի ազատազրկման է ենթարկվել թուրքական բանտում, հայտնեց ինձ թուրք կինոգործիչը: Անձնական որեւէ կապ չունի հայերի հետ, թերեւս միայն Հրանտ Դինքի հետ ծանոթությունն է ընդհանրացնողը, եւ այն, որ համոզմունքներով ոչՙ քեմալիստ է, ոչՙ իսլամիստ, հետեւորդ է սոցիալական հավասարության արժեքների: Այդ տեսակետից անարդարացի կլիներ անտեսել Դերսիմում առկա հայկական այն վիթխարի հետքը, որը տանում էր մեզ դեպի 1915 թվական, ասաց նա: Հասկանալու համար 1937-1938 թվականների Դերսիմի կոտորածների պատճառները, պետք է խորամուխ լինել առաջինիՙ Հայոց մեծ եղեռնի իրականացման մոտիվների մեջ, այդ մասին բացառիկ նյութերն ու մարդկանց հիշողությունները խնամքով հավաքագրել ու ներկայացրել են ֆիլմում: Դերսիմցի հայ վերապրածներին Գյունդողան ամուսինները նկարահանել են նաեւՙ Կոնիայում, Բալուում, Իզմիրում եւ Ստամբուլում:

Ավանդության հայկական տարբերակը վկայում է, որ Դերսիմ անունը հայ հոգեւորական Դէր Սիմոնի կրճատված տարբերակն է, ով դեռ 17-րդ դարում քարոզել է հայերին մահմեդականություն ընդունել խուսափելու համար թուրքական հալածանքներից: Կամավոր եւ բռնի մահմեդականություն ընդունելովՙ Դերսիմի հայության մի ստվար զանգված կարողացել է փրկվել 1915-ի նախճիրից, սակայն կոտորածի է ենթարկվել 1937-1938 թվականներին, այնտեղ ծագած խռովությունների ընթացքում: Ոչ մի վիճակագրություն չկա, թե դարերի ընթացքում որքա՞ն հայեր են իսլամ դավանել, նրանցիցՙ որքա՞նն են ուծացվել ու որքա՞նն են այսօր, ի հեճուկս հանգամանքների, ծածուկ պահպանում նախնիների ավանդույթը եւ ձգտում վերագտնել իրենց հայկական ինքնությունը: Աղբյուրների վկայությամբ այդ հայերի թիվը հասնում է միլիոնների:

Դժվար է այդ հարցին հստակ պատասխան տալ, ասում է Քյազըմ Գյունդողանը, չի կարող մեծ լինել ազգային այն հատվածի թիվը, ով ենթարկվել է կրկնակի կոտորածների, իսկ խաղաղ պայմաներումՙ կրոնական հալածանքների: Դերսիմի երեք-չորս գյուղերում են պարփակված հայերը, շատերը սփռված են մեծ քաղաքներում: Ընդհանուր մի քանի տասնյակ հազարի կարող է հասնել հայությունը չթաքցրածների թիվը, ոչ ավելին:

«Վանքի երեխաները» ֆիլմում վկայակոչվում է Հալվորի Վանք գյուղի 9-րդ դարում կառուցված եւ Եղեռնից փրկված Սուրբ Կարապետ վանքը, ինչը դերսիմահայության միակ աղոթավայրն է եղել: 1938 -ին Դերսիմի ապստամբությունը ճնշելիս վանքը հիմնովին ավերվել է թուրքական օդուժի ռմբակոծությունից, իսկ վանահորը, տեղի հայությանն ու ալավիներին թուրքերը դաժանորեն ոչնչացրել են: Ի դեպ, Դերսիմի դեմ թուրքական օդուժի հարվածներում, որպես ռմբարկիչ օդաչու մասնակցել է նաեւ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգրած դուստրՙ Սաբիհա Գյոքչեն, ով, ըստ Հրանտ Դինքի լրագրողական մի ուսումնասիրության, ունեցել է հայկական արմատներ:

Թուրք ազգագրագետ, մարդասեր այս ընտանեկան զույգի միակ նպատակն է «Վանքի երեխաները» ֆիլմով դիմել հայ համայնքի կառույցներին` եկեղեցուն, մշակութային հիմնարկներին, հայ հասարակությանը, որպեսզի նրանցՙ մահմեդականացված հայերին, ընդունեն այնպիսին, ինչպիսին կան, չօտարեն, չվանեն հայկական միջավայրից: Փոխըմբռնմամբ նրանց հայկական ինքնությունը կզարգանա, աստիճանաբար դարձի կգան իրենց արմատներին, ասում են ֆիլմի հեղինակները: Նրանք ծրագրում են այն ցուցադրել եվրոպական մի շարք քաղաքներում, ինչպես նաեւ Երեւանում:

Թերեւս հայության յոթանասուն տոկոսն իր նախնիներից լսած կլինի գաղթի ճանապարհին կորած դստեր, քրոջ, հիմնականումՙ իգական սեռի այլ հարազատների անհայտ ճակատագրերի մասին: Նրանցից շատերը, Ցեղասպանությունից հետո պահվել են թուրքական որբանոցներում, ոմանցՙ հենց ճանապարհից վերցրել են թուրք ընտանիքները, ոմանցՙ առեւանգել են քրդերը, շատերըՙ բռնի կնության եւ կրոնափոխության են ենթարկվել: Ո՞վ գիտե, քանի հազար հայուհիներ են եղել մահմեդական այս հայերի մայրերն ու մեծմայրերը...

Ու եթե ճակատագրի բարեբախտ թեքումով, մի օր, Արարատի շուրջ մեզ վիճակվի ապրել օտարի հետ կողք-կողքի, թող որ դրանք լինեն հայկական արմատներին փարվել ցանկացող այսօրվա մահմեդական հայերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.