AZG Daily #19, 19-05-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 66. ԱՌԱԾ, ԱՌԱԿ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-05-12 00:14:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2932, Տպվել է` 433, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԶՐԱՍ ԱՐՔ. ՆԵՐՍԻՍՅԱՆ. «ՈՐՊԵՍԶԻ ԱՆՍԱՍԱՆ ԵՎ ԱՆՊԱՐՏԵԼԻ ՄՆԱՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Մոսկվայում ապրող եւ ստեղծագործող իմ հայազգի գործընկերներից շատ եմ լսել, որ Հայ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի հետ յուրաքանչյուր հանդիպումը վերածվում է մեր ժողովրդի ապագայի հանդեպ հավատի, հայրենասիրության եւ հայի անկոտրում ոգու հարատեւման մի անկեղծ դասի: Որքան էլ անտրամադիր եւ ամեն տեսակ հոգսերով ծանրաբեռ հանդիպես նրան, միեւնույն է` բաժանվելու ես ապրելու, պայքարելու եւ դժվարությունները հաղթահարելու լիցքեր ստացած: Ասես լույս ու հանգստություն է ճառագում այդ եկեղեցականից, մանավանդ երբ յուրաքանչյուր հանդիպումը սկսվում եւ ավարտվում է բարության լույսով եւ աշխարհը խաղաղ տեսնելու ցանկությամբ ու հավատով:

Բացառություն չէր նաեւ ապրիլի 24-ի նախօրյակին կայացած հերթական հանդիպումը, որի առիթը Ռուսաստանում եւ Մոսկվայում կայանալիք միջոցառումներն էին` Հայոց ցեղասպանության 102-ամյակի հիշատակի արարողությունները, որոնց միշտ էլ մի առանձնակի կարեւորությամբ ու պատասխանատվությամբ են պատրաստվում ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, Ռուսաստանի հայ համայնքն ու եկեղեցական կառույցները:

«ՏԱՍՍ» գործակալության մամուլի կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը , Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանը , հայ համայնքի ներկայացուցիչներն ու երաժիշտ, թատրոնի եւ կինոյի ռեժիսոր Ստաս Նամինը լրագրողներին ներկայացրին Հայոց ցեղասպանության 102-ամյա տարելիցի շրջանակներում անցկացվելիք միջոցառումների ծրագիրը: Իսկ երկու օր անց` ապրիլի 24-ին, մենք համոզվեցինք, թե ինչ է նշանակում մեր դեսպանատան, հայ համայնքի եւ հայ եկեղեցու խոսքի ու գործի միասնության եւ համերաշխության մեծ ուժը:

- ՌԴ-ում հայկական դեսպանատունը, Ռուսաստանի հայ համայնքն ու եկեղեցական կառույցները տարիներ շարունակ զգալի աշխատանք են կատարում, որպեսզի հնարավորինս նպաստեն Ռուսաստանում Հայոց ցեղասպանության թեմային առավել հնչեղություն տալուն,- ասում է Եզրաս սրբազանը: Ճակատագրի կամոք օտար ափերում հայտնված մեր հայրենակիցները գիտակցում են մի պարզ ճշմարտություն. մենք ենք մեր ճակատագրի տերը, ու մերն է մեր նախնիների ժառանգությունը: Մենք ենք մեր զավակների անամպ առավոտների երաշխավորն ու մեր ծնողների խաղաղ մայրամուտի գրավականը:

Իսկ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունըՙ մարդկության հանդեպ մեծագույն հանցագործություններից մեկը վերապրած մեր ժողովրդի համար ապրիլի 24-ը նաեւ վերածննդի խորհուրդ ունի: Մենք չենք կարող անտարբեր մնալ նաեւ ներկա ժամանակի թելադրած մարտահրավերների հանդեպ: Մենք չենք կարող հանգիստ նստել ու սպասել, թե ի՞նչ տեղի կունենա եւ ի՞նչ է սպասվում մեզ: Ընթացիկ հարյուրամյակն իր դաժան մարտահրավերներով նման անհոգության տեղ չի թողնում: Համազգային միասնությամբ մենք կարող ենք դիմակայել այդ մարտահրավերներին: Եվ ես հպարտ ու մխիթարված եմ զգում, սիրտս բերկրանքով է լցվում, երբ իմ առաքելության մեջ ես միայնակ չեմ, այլ շրջապատված եմ փառապանծ ու սքանչելի հայորդիներով, բարեպաշտ եւ ազգասեր զավակներով, ովքեր երբեք անտարբեր չեն մնում հայապահպան գաղափարների կյանքի կոչման ծրագրերի նկատմամբ...

Խոսում է Եզրաս սրբազանը, եւ ես մտովի տեղափոխվում եմ այն պատմական օրը, երբ մի քանի տարի առաջ Մոսկվայի կենտրոնում հայերիս տեսադաշտում վեհորեն հառնեց Սուրբ Պայծառակերպության եկեղեցին եւ մենք լսեցինք նրա զանգերի ախորժելի ղողանջները... Վեհություն եւ հանդիսավորություն հաղորդող մի եկեղեցի, որ կառուցվել ու կյանքի է կոչվել առավելապես թեմի առաջնորդի գործադրած, բառի բուն իմաստով` հերոսական ջանքերի եւ Ռուսաստանում ապրող մեկենասների աջակցությամբ: Այն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ եզակի եւ հպարտության արժանի կառույց է, եւ ռուսաստանաբնակ հայերս լավ գիտենք, թե ինչպիսի մեծ, աներեւակայելի ճիգ ու ջանք, նվիրում եւ անձնազոհություն է պահանջվել այս ամենին հասնելու համար: Միակ մարդը, որ կարողացավ համախմբել եւ իր շուրջը հավաքել նվիրյալների մի ստվար բանակի` իր ապշեցուցիչ ծավալներով ամենամեծ եկեղեցին կառուցելու համարՙ Եզրաս սրբազանն էր:

2001 թվականից ի վեր, առաջնորդ սրբազանի պաշտոնավարության սկզբից մինչեւ օրս, Ռուսաստանի տարբեր մասերում կառուցվել է երկու տասնյակից ավելի եկեղեցի, եւ Սրբազանը մտադիր է Ռուսաստանում դեռեւս շատ եկեղեցիներ կառուցելու եւ տարագիր մեր հայրենակիցներին համախմբելու ճշմարիտ ու ազգապահպան հավատի շուրջ: Նա նաեւ խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին, փառաբանում է իր կողքին կանգնած, իրեն աջակից հայորդիներին, եւ ես հասկանում եմ, որ զրուցակցիս առինքնող կերպարն է ներշնչում ու իր շուրջը հավաքում մարդկանց, նրա մեծ հավատն է հուսադրում բոլորին` նորանոր գործերի լծվելու եւ նվիրաբերվելուՙ ի բարօրություն մեր ազգի...

- Մեր բոլորի սրտերում միշտ եղել ու մնում է ամենաթանկը` մեր Հայրենիքը,- ասում է Սրբազանը: Հայաստանը բոլորիս հայրենիքն է եւ անկախ աշխարհագրական հեռավորությունից, յուրաքանչյուրիս հոգու ու սրտի մի մասը մշտապես հայրենիքում է, մենք ապրում ենք մեր երկրի, մեր հող ու ջրի, մեր եղբայրների ու քույրերի ցավով ու մտահոգությամբ, որպեսզի շեն ու ծաղկուն տեսնենք աշխարհի հնագույն ազգերի մեջ իր ուրույն տեղն ու դիրքն ունեցող հայ ազգը:

Տ. Եզրաս արք. Ներսիսյանը մի առանձնակի սիրով հիշում է ամիսներ առաջ իր հանդիպումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, երբ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը ՀՀ կառավարության ղեկավարը այցելել է Հայ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի:

Իսկ եկեղեցում, գովաբանական աղոթքից հետո, Տ. Եզրաս արք. Ներսիսյանը ողջույնի եւ օրհնության խոսք է ուղղել վարչապետ Կարապետյանին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին, մաղթել բարեբեր աշխատանք:

Թեմի առաջնորդը, պատմական որակելով վարչապետի այցը, ընդգծել է, որ Կարեն Կարապետյանը կարեւոր դերակատարություն ունի ոչ միայն որպես քաղաքական գործիչ, բարձրաստիճան պաշտոնյա, այլ նաեւ բարերար:

- Ինչպես տեսնում եք, անչափ հագեցած ու բովանդակալից են անցնում մեր օրերը եւ ամեն բացվող օրվա հետ առ Աստված աղոթք եմ բարձրացնում, որ անսասան եւ անպարտելի մնա մեր ժողովուրդն ու հայոց աշխարհը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.