AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 98. ՆԻԳ - ԱՊԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-05-12 00:14:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 6986, Տպվել է` 457, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՎԿԱՍԻ ԹԱԼԻԲԱՆՆԵՐԸ ԵՎ... ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մի քանի օր առաջ, մայիսի 5-6-ը, Բաքվում գումարվեց «Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորում» կոչվող հավաքը Իլհամ Ալիեւի հովանավորությամբ եւ UNESCO-ի, ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինք, ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջություն, ISESCO, Եվրոխորհրդի հյուսիս-հարավ կենտրոն եւ միջազգային այլ կազմակերպությունների համագործակցությամբ: Բաքվում 4-րդ անգամ գումարվող այդ հավաքին, ըստ Ազերթաջի տեղեկատվության, հրավիրված են եղել աշխարհի տարբեր երկրներից շուրջ 200 պատվիրակներ, ինչպես նաեւ միջազգային մամուլը:

Տեղեկությունները քաղելով բացառապես նույն գործակալության անգլերեն հաղորդագրություններից, քանի որ միջազգային լրատվամիջոցները առայժմ ձեռնպահ են մնում որեւէ լրատվություն հայթայթելուց (հակառակ որ Բաքուն նախապես մեծ գումարներ էր ծախսել գովազդային ֆոն ապահովելու նպատակով), կարող ենք վստահորեն ասել, որ, այո՛, ինչպես 2011 թ.-ից ի վեր երկու տարին մեկ գումարվող նախորդ համաժողովները, այս անգամ եւս այդ միջազգային ֆորում կոչվածը չուներ որեւէ այլ նպատակ, գիտական որեւէ առաջադրանք, քան մերկապարանոց քարոզչությունը, մեկ անգամ եւս պնդելը, թե Ադրբեջանը հանդուրժողականության, խաղաղ գոյակցության, մշակույթների ու կրոնների միջեւ երկխոսության, կայուն զարգացման դրախտավայրն է, Արեւելք-Արեւմուտք մշակութային հանդիպավայր-կամուրջը, ուր պաշտպանված են մարդու իրավունքները, իսկ ազատությունը` երաշխավորված: Թե՛ Իլհամ Ալիեւի բացման խոսքում, թե՛ վարչակազմի արտաքին հարաբերությունների գծով ղեկավար Նովրուզ Մահմադովի եւ թե խորհրդարանի միջազգային եւ միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովի ելույթներում ընդգծվում էր, սակայն սովորականից մեղմ, որ այսպիսի իդեալական երկիրը 25 տարուց ի վեր իր մի մասով գրավված է մնում Հայաստանի կողմից, սակայն, ավելացվում էր, Բաքուն վճռակամ է միայն խաղաղ բանակցություններով լուծելու այդ հարցը եւս:

Հայկական լսարանի համար այս բոլորը նորություն չեն. ադրբեջանցիք լավ գիտեն ինչը որտեղ պետք է ասել եւ մանավանդՙ ինչը ինչպես պետք է ասել: Ու պետք է խոստովանել, որ նրանք նման հավաքները շատ լավ են կազմակերպում, հատկապես երբ հարցը վերաբերում է անբովանդակ ձեւին:

Միակ նորությունը կլիներ այն, որ օտարերկրյա մասնակիցներից ոմանք, մանավանդ միջազգային կշիռ ունեցող կազմակերպությունները, ինչպիսին են Global Compass-ը, Guerraud-Herme՛s միջազգային հիմնադրամը, կամ գոնե Եվրոխորհրդի ներկայացուցիչները առարկեին ինքնագովության այդ շքահանդեսի դեմ եւ, առնվազն, հիշեցնեին պետական վանդալիզմիՙ հայկական քաղաքակրթության հետքերի սիստեմատիկ անհետացման եւ հատկապես 1998-ից մինչեւ 2003 թ.ը Ջուղայի խաչքարադամբարանների թալիբանատիպ ոչնչացման (ի դեպ, այդ ժամանակ Ադրբեջանի մշակույթի նախարարը Բյուլբյուլօղլին էր, այժմ UNESCO-ի տնօրենի պաշտոնի հավակնողը) փաստերըՙ որպես թուրքական հանդուրժողականության ամենացայտո՜ւն օրինակ: Կամ գոնե Իրանից ժամանած (եթե որեւէ մեկը այդ երկրից ներկա է գտնվել այդ հավաքին) որեւէ պատվիրակ հիշեցներ մշակութային այն բազմաթիվ գողությունների ու յուրացումների մասին, որ հյուրընկալ երկիրը, միշտ պետականորեն, իրականացրել է պարսիկ գրականության, ճարտարապետության, երաժշտության նկատմամբ: Միջազգային անկախ լրատվության բացակայության պայմաններում մեզ հայտնի չէ նման ճշմարտախոսության որեւէ օրինակ:

Փոխարենը, կրկին հիմք ընդունելով Ազերթաջի հաղորդագրությունները, երկօրյա հավաքի ժամանակ շատ առատ են եղել շողոքորթությունն ու քծնանքը: Օրինակ, անթաքույց մտնողականության բացառիկ նմուշներ են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր տիկին Զահիդա Փարվին Մանզուրի (Zahida Parveen Manzoor) եւ Մ. Նահանգների Էթնիկական փոխհասկացողության հիմնադրամի նախագահՙ ռաբբի Մարկ Շնեյերի (Marc Schneier) ելույթները: Առաջինը ասել է. «Նախագահ (Ալիեւի) ուղերձի համար ես երախտապարտ եմ. թվում էՙ նա նախապես կարդացել է մեր մտածումները», մինչ ռաբբին պարզապես Ադրբեջանը հռչակել է «ողջ աշխարհում հանդուրժողականության մոդել»:

Ընթերցողներիցս շատերը, վստահ եմ, կրկին պիտի հիշեն նավթադոլարներն ու խավիարը: Ի զուր: Դրանք արդեն հոմանիշ են դարձել որպես չքմեղանք մեր անգործունեությանը, ծուլությանը, «խորհրդապահականի» շղարշի ներքո: Մինչդեռ ադրբեջանական այս նախաձեռնությունից բխող տխուր եզրակացությունը մեկն էՙ Բաքուն ներսից ամբողջությամբ գրավել է UNESCO-ն եւ, երկրորդ, «միջազգային 4-րդ ֆորումը» բենեֆիսն էր Բյուլբյուլօղլուիՙ առաջիկա ընտրություններին ընդառաջ:

Ի՞նչ կարող ենք հակադրել այս բոլորինՙ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը պե՛տք է հռչակել մշակութային մեկ եւ միասնական տարածք:

Բայց այս մասինՙ հաջորդիվ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.