AZG Daily #27, 21-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 39. ՀԱՅԻ ՀԱ-Ն ԱՅՈ Է, ՉԷ-Նՙ ՈՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017



Տեղադրվել է` 2017-05-05 00:11:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 5650, Տպվել է` 479, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է, ԲԱՅՑ ՓՈՔՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԱՆՆՊԱՍՏ ՎԻՃԱԿՈՒՄ

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երկրի զարգացածության մակարդակը որոշվում է նրա արդյունաբերության զարգացման աստիճանով: Պատահական չէ «զարգացած արդյունաբերական երկիր» արտահայտությունը եւ այն, որ այդպիսիք համարվում են զարգացած արդյունաբերություն ունեցող պետությունները: Զարգացած է Հայաստանում արդյունաբերությունը, թե՞ ոչ, կարելի է եզրակացնել համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) նրա մասնաբաժնից: Այսպեսՙ 2016-ին Հայաստանի Հանրապետության 5 տրլն դրամ կազմող համախառն ներքին արդյունքի, այսինքնՙ տնտեսության ամբողջ ծավալում արդյունաբերության արտադրանքի ծավալը կազմել է 1,4 տրլն դրամ: Այսինքն, թեեւ արդյունաբերության ցուցանիշը երկրորդն է առեւտրի շրջանառության ծավալներից հետո, բայց Հայաստանը արդյունաբերական երկիր համարել դեռեւս չենք կարող: Խորհրդային տարիներին Հայաստանի արդյունաբերությունը տնտեսության գերիշխող ճյուղն էր, իսկ նրա ծավալները մի քանի տասնյակ անգամ գերազանցում էին ներկայիս ծավալները: Դրա շնորհիվ Հայաստանը իրավմամբ համարվում էր արդյունաբերական հանրապետություն:

Այդուհանդերձ, վերջին տարիներին, սկսած 2010-ից, Հայաստանի արդյունաբերությունը կայուն եւ ամբողջ տնտեսության աճի տեմպից բարձր աճ է ունեցել, ինչի արդյունքում 2010-2016-երին ճյուղն իր ծավալներն ավելացրել է գրեթե 54 տոկոսով: Սա նշանակում է, որ այդ 7 տարիներին արդյունաբերության միջին տարեկան աճը կազմել է 7,7 տոկոս: 2017-ի առաջին երեք ամիսների ցուցանիշները վկայում են, որ այդ միտումը պահպանվում է: Ավելինՙ աճի տեմպը բարձրացել էՙ հասնելով 16,2 տոկոսի: Հատկապես կարեւոր է, որ ամենամեծ տոկոսային աճըՙ 21,4 տոկոս, արձանագրվել է մշակող արդյունաբերությունում, որը թողարկում է պատրաստի (ոչ թե հումքային) արտադրանք:

Կան առանձին ապրանքատեսակներ, որտեղ հատկապես տպավորիչ ցուցանիշներ են գրանցվել թե՛ գումարային, թե՛ տոկոսային առումով: Օրինակՙ խմիչքների արտադրության ծավալները ավելացել են 43,6 տոկոսով, այդ թվումՙ կոնյակինըՙ 2,1 անգամ, գինունըՙ 36,5 տոկոսով, ոչ ալկոհոլային խմիչքներինըՙ 30 տոկոսով: Դժվար չէ պատկերացնել, թե հատկապես կոնյակի եւ գինու արտադրությունների զարգացումը ինչպիսի կարեւոր նշանակություն ունի նաեւ գյուղատնտեսության, մասնավորապես խաղողագործության համար:

Ընդհանուր առմամբ, սննդամթերքի արտադրության ծավալներն ավելացել են 8,2 տոկոսով, կազմելով 59 մլն դոլար: Սա ամենամեծ մասնաբաժինն է մշակող արդյունաբերության 202 մլն դոլար ընդհանուր ծավալի մեջ: Մշակող արդյունաբերության մեջ երկրորդ տեղում հիմնային մետաղների արտադրությունն էՙ 41 մլն դոլար ծավալներով եւ 32,3 տոկոս աճովՙ պողպատյա խողովակների, ֆեռոմոլիբդենի, ցինկի խտանյութի, մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալների ավելացման շնորհիվ: Ծխախոտի արտադրությունն ավելացել է 4,8 տոկոսով: Այս ճյուղը երրորդն է իր ծավալներով պատրաստի արտադրանք թողարկողների մեջՙ 32 մլն դոլար:

Կարելի է ասել աննախադեպ բարձր տեմպերով ծավալներն ավելացնում են ոսկերչական իրերիՙ 2,7 անգամ, էլեկտրական սարքավորումներիՙ 3 անգամ, համակարգիչների, էլեկտրոնային եւ օպտիկական սարքավորանքիՙ 93,4 տոկոսով, արտադրությունները: Առանձին ապրանքատեսակներից էլեկտրական հաշվիչների արտադրությունն աճել է 3,8 անգամ, տրանսֆորմատորներինըՙ 3 անգամ, էլեկտրաշարժիչներինըՙ 2,9 անգամ, մետաղահատ գործիքներինըՙ 2,8 անգամ, ավտոմոբիլային մարտկոցներինըՙ 32,4 տոկոսով, մալուխներինըՙ 2,3 անգամ, իսկ օպտիկա-մեխանիկական սարքերի եւ սարքավորումների արտադրությունն ավելացել է 8 անգամ:

Այս ամենով հանդերձ, Հայաստանի արդյունաբերության ամենախոշոր ճյուղը դեռեւս շարունակում է մնալ հանքարդյունաբերությունը, որի ծավալները առաջին եռամսյակում կազմել են ավելի քան 361 մլն դոլարՙ աճելով 13,8 տոկոսով: Մետաղների միջազգային գների աճը հնարավորություն է ստեղծել մեր հանքարդյունաբերության համար ավելացնելու ինչպես հանքանյութի արդյունահանման, այնպես էլ իրացման ծավալները:

Այսպիսով, դիտարկելով արդյունաբերական արտադրանքի աճի ցուցանիշները, կարելի է եզրակացնել, որ հիմքեր կան դրա շարունակականությունն ակնկալելու համար: Արդյունաբերությունում նման զարգացումները նաեւ ներդրումային ծրագրերին պետական աջակցության քաղաքականության արդյունք են: Սակայն, եթե խոշոր ներդրումային ծրագրերին կառավարությունն իսկապես աջակցում էՙ տրամադրելով հարկերի հետաձգման արտոնություններ եւ զանազան այլ խթաններ, ապա փոքր արտադրությունները անտեսված են մնում: Հարկային դաշտը նրանց համար անհավասար եւ անարդար է մնում:

Եթե առեւտրով զբաղվողների համար շրջանառության հարկը նվազեցվում է մինչեւ 1 տոկոսի, ապա արտադրությամբ զբաղվողների համար այն կազմում է 3,5 տոկոս: Մինչդեռ, առեւտուրը չի ստեղծում ոչ մի հավելյալ արժեքը եւ հիմնված է առավելապես ներմուծման վրա: Այն խթանելու տնտեսական հիմնակավորում գոյություն չունի, իսկ փոքր արտադրությունների համար եթե ոչ ավելի նպաստավոր, ապա գոնե համարժեք շրջանառության հարկի տոկոսադրույք սահմանելը նպաստավոր գործոն կլինի այս ճյուղի զարգացման համար: Այն իր հետեւից կբերի մյուս ճյուղերի, այդ թվումՙ առեւտրի զարգացմանը, որը ավելի շատ կողմնորոշված կլինի արդեն տեղական, այլ ոչ թե ներմուծվող արտադրանքի վաճառքի վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.