AZG Daily #16, 28-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 75. ԳԼՈՐԵՆՔ ԴՈՒՐՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-04-19 16:01:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 3410, Տպվել է` 490, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՇԻՆԵԼ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ստացվեց այնպես, որ Երեւանի քաղաքապետ է ցանկանում դառնալ երեք հոգի: Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը եւ իհարկե Տարոն Մարգարյանը: Տարոն Մարգարյանըՙ իհարկե, քանի որ այնպիսի տպավորություն կա, որ Տարոն Մարգարյանը միշտ է ցանկանում դառնալ Երեւանի քաղաքապետ, ավելի ճիշտՙ Տարոն Մարգարյանն այլ ցանկություններ չունի: Ինչեւէ, գալիք մայիսին երեւանցիները ընտրություն են կատարելու «Ելք» կուսակցությունների դաշինքի, «Ծիրանի երկիր» կուսակցության եւ Հանրապետական կուսակցության միջեւ, որոնցից մեկը, գուցե երկուսը, հնարավոր էՙ երեքն էլ անցնելու են քաղաքապետարանՙ ձեւավորելով ավագանի, որն էլՙ ձայների մեծամասնությամբ, ընտրելու է մայրաքաղաքի քաղաքապետին, եւ բնականաբար շատ կարեւոր է, թե ո՞ր կուսակցությունը կամ դաշինքն է ձեւավորելու այդ մեծամասնությունը ավագանիում:

Բայց մինչ այդ, Գագիկ Ծառուկյանը, ով «Ծառուկյան» դաշինքի առաջնորդն է, եւ, ըստ որոշ լուրերի, պատրաստվում է ինքն անձամբ գլխավորել «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական 30 հոգանոց խմբակցությունն ու մասնակցել ԱԺ-ի բոլոր նիստերին, հայտարարեց, որ իր անունը կրող դաշինքը չի մասնակցելու երեւանյան ընտրություններին: Ինչո՞ւ, նա փորձեց բացատրել: Ծառուկյանը նաեւ հույս հայտնեց, որ երեւանցիները ըմբռնումով կմոտենան իր այս որոշմանը: Երեւանցիներն էլ, ինչպես գիտենք դեռ 90-ականների սկզբներից, սիրում են ըմբռնումով մոտենալ յուրաքանչյուր հարցի, անձի, խնդրի, ու որեւէ խնդիր չառաջացավ Ծառուկյանի ասածն ըմբռնելու հետ կապված:

Ծառուկյանի հայտարարությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴաշնակցությունը, թե բաՙ մենք էլ Ծառուկյան ենք... ներողություն, չենք մասնակցելու երեւանյան ընտրություններին: Սա այն պարագայում, երբ մի քանի օր առաջ դաշնակցականները պնդում էին, որ Երեւանի ընտրություններին իրենց չմասնակցելու համար որեւէ պատճառ չեն տեսնում: Ավելի ուշ, կոնկրետՙ անցած երեքշաբթի օրը, Դաշնակցության այս որոշումը մեկնաբանեց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով բառացիորեն ասել է հետեւյալը. «Նախ, վերլուծելով կոնկրետ Երեւան քաղաքում ստացած արդյունքները, որը մեզ չէր գոհացնում, լուրջ եզրակացություններ արեցինք, որ չենք մասնակցելու ընտրություններին պարզապես մասնակցելու համար, այլ իրական հնարավորությունները պետք էր գնահատել եւ դրա հետ կապված վերանայումներ կատարվեին Երեւանի մակարդակով»: Հետո, պարոն Ռուստամյանն ավելի կարեւոր բան է ասելՙ «Այս ընթացքում հնարավոր չէր վերադասավորվել եւ գնահատել բացթողումները եւ գնալ նոր ընտրությունների»: Սա, իրոք, անգամ գովելի հայտարարություն է: Բանն այն է, որ հրաշալի է, երբ Դաշնակցությունը կամ որեւէ այլ կուսակցություն ընդունում է սեփական բացթողումները, փորձումՙ գնահատել ստեղծված իրադրությունը, ինչ-որ հարցեր վերանայել, տեսնել սեփական հնարավորությունների սահմանը եւ ոչ թե մարտի նետվելՙ առանց համապատասխան գիտելիքների, փորձառության, ուժի, անգամ համազգեստի: Բայց մյուս կողմից, այնպես է լինելու, որ երեւանյան ընտրությունները մշտապես հաջորդելու են խորհրդարանական ընտրություններին, իսկ այդ ընտրություններում, փաստ չէ, որ կոնկրետ Դաշնակցությունը կոնկրետ Երեւանից իրեն գոհացնող մակարդակի ձայներ է ստանալու: Հիմա ի՞նչ, ամեն անգամ խորհրդարանական ընտրություններից հետո Դաշնակցությունը ժամանակ չի՞ ունենալու, որպեսզի վերադասավորվի եւ գնահատի բացթողումները, Դաշնակցությունը կամ որեւէ այլ կուսակցություն, դաշինք....Պարզ չէ:

Ինչեւէ, Դաշնակցությունն ու Ծառուկյանը չեն մասնակցելու: ՀՎԿ-ն, նույն ինքըՙ «Հայկական վերածնունդը», նույնինքնՙ ՕԵԿ-ը, ըստ որոշ տեղեկությունների, խորը դեպրեսիայի մեջ է, այնտեղ ոչ թե փորձում են վերադասավորվել կամ գնահատել իրավիճակը, այլ տակավին չեն հասկանում, թե ինչպե՞ս է հնարավոր, երբ կուսակցությունըՙ ՀՎԿ-ն ունենում է 200 հազար անդամ, բայց ընտրություններին ստանում է 58 հազար 265 ձայն... Կոնգրես-ՀԺԿ-ին հավանաբար չի պատշաճում երեւանյան քաղաքային ընտրություններին մասնակցելը, չնայած դրա փորձն ունեն, քանի որ Կոնգրես-ՀԺԿ-ին, մանավանդ ՀԺԿ-ին, ինչպես գիտենք, հանրապետական, անգամ աշխարհաքաղաքական մասշտաբի հարցերն են հուզում, իրենք նման հարցերի մասնագետներ են:

Ազատ դեմոկրատնե՞րը: Իրենք, թերեւս, կարող էին: Բանն այն է, որ այս կուսակցությունը անցած խորհրդարանական ընտրություններում ձայների զգալի, եթե ոչ հիմնական մասը ստացավ հենց Երեւանից, այլ հարց է, որ Հրանտ Բագրատյանը ուզում է վարչապետ դառնալ, ոչ թե Երեւանի քաղաքապետ:

Կոմունիստներին, իհարկե, երեւանցիները սիրում են, ավելի ճիշտՙ սիրում էին, բայց դա այլ ժամանակներ էին եւ այլ կոմունիստներ:

Ամենահետաքրքրականը ՕՐՕ դաշինքն է: Ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությանՙ այս դաշինքից Վարդան Օսկանյանը մեկնել է ԱՄՆ, ինչպես պնդում են այդ լրատվամիջոցներըՙ «մի կողմ նետելով շինելը», դե այսինքն հրաժարվելով մարտից: Իհարկե այս տեղեկությունը հիմնավորող փաստ չկա, եթե անգամ պարոն Օսկանյանը մեկնել է ԱՄՆ, չի բացառվում, որ շուտով վերադառնա եւ «նորից սկսի Հայաստանը տանել ժողովրդավարացման կոմպլիմենտար ճանապարհով», բայց փաստն այն է, որ ՕՐՕ-ն չի մասնակցելու երեւանյան ընտրություններին: Եթե Օսկանյանը «շինելը նետել է», Րաֆֆին դա վաղուց է արել, չնայած իրեն չեն ասում, որ տրամադրությունը չընկնի, իսկ Օհանյանը, թեեւ շինել ունի եւ շատ թարմ տեսքի, բայց միայն շինելով Երեւանը չես վերցնի: ՕՐՕ-ն փակվելո՞ւ է, չգիտեմ, արդե՞ն փակվել էՙ կրկին պարզ չէ: Այս դաշինքի հետ կապված միայն մեկ բան է պարզ, այն էլՙ վաղուց. մարտը վաղուց է ավարտվել եւ շինելը կախելու ժամանակն է:

Մի խոսքով, երեւանցիներն ընտրելու են կա՛մ պարոն Փաշինյանին, կա՛մ տիկին Փոստանջյանին, բայց արդյունքումՙ պարոն Մարգարյանին: Սա այն պարագայում, երբ տիկին Փոստանջյանի կուսակցությանՙ «Երկիր ծիրանի»-ի ցուցակի 55 տոկոսը կանայք են, եւ սա այն պարագայում, երբ ելք, այո, կա. ելք միշտ կա: Իհարկե տեսականորեն, զուտ տեսականորեն, հնարավոր է, որ Տարոն Մարգարյանը չհաղթի ընտրություններում եւ Երեւանի քաղաքապետ դառնա ոչ պարոն Մարգարյանը, վերջինս էլ գնա հանգիստ պատգամավոր աշխատի եւ գիտական նոր աշխատություններ հեղինակի: Տեսականորեն ամեն բան էլ հնարավոր է, օրինակ այն, որ Տարոն Մարգարյանը զբաղվի գիտական նոր աշխատությամբ, ընդ որում սա ավելի շատ է հնարավոր, քան այն, որ նա չի ընտրվի քաղաքապետ: Բա էլ ինչո՞ւ ենք գնում ընտրության եւ ընտրում, շատ պարզ. բա ուրիշ ի՞նչ անենք, կամ ինչպե՞ս անենք...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.