AZG Daily #16, 28-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 39. ՀԱՅԻ ՀԱ-Ն ԱՅՈ Է, ՉԷ-Նՙ ՈՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017



Տեղադրվել է` 2017-04-19 16:01:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 4389, Տպվել է` 492, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՇՓՈԹԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

1996 թվականին, երբ ես աշխատում էի «Մոլորակ» թերթում, նախագահական ընտրություններին հաջորդած հրապարակումներում ինչպես ես , այնպես էլ մեր թերթի մյուս լրագրողներն անդրադարձել էինք ընտրակեղծիքներին ու կասկածի տակ էինք դրել նախագահի ստացած տոկոսները: Այն ժամանակ միակ հեռուստաընկերություն Հ1-ով իշխանության կառուցվածքներից մեկի խոսնակը, մեջբերելով իմ հրապարակումից տողեր, առանց անուն տալու նշել էր, թե զանազան գրչակներն այդպիսով (այսինքն` ընտրակեղծիքների մասին գրելով) հարվածում են մեր պետականությանը: Այն ժամանակ ես իմ հաջորդ հրապարակման մեջ պատասխանեցի, թե, հակառակը, մատը ցավի վրա դնողներն ու հիվանդությունները ճիշտ ախտորոշողներն են իրական պետականամետը, իսկ կեղծիքների վրա աչք փակողները եւ իրենց ջայլամի տեղ դնողներն իսկական հակապետական մարդիկ են:

Այդ ժամանակ «Հանրապետությունը» մի փոքրիկ խմբակցություն էր խորհրդարանում եւ աչքի էր ընկնում ազգային նկարագրով, երբեմն քննադատելով օրվա իշխանությանը: Անցան տարիներ, այն ախտը, որ հայերս վերավաստակեցինք ու քրոնիկական դարձրինք կոմունիստների իշխանությունից հետո, աստիճանաբար խորացավ` տարբեր ընտրությունների ժամանակ նորանոր ձեւերով մեր հասարակության մարմնի տարբեր օրգաններ վարակելով: Այսինքն` աճպարարությամբ, ընտրակեղծիքներով, վերջին երկու- երեք ընտրություններին էլ ընտրակաշառքներով ընտրությունները դարձան առհասարակ հայկական ընտրությունների բնութագիրը: Մեր բոլոր ջանքերն այդ մասին խոսելու` մշտապես ելել են մեր ընտրական ինստիտուտն իրապես աշխատող ու արդար տեսնելու կանխավարկածից: Բայց չէի կարծում, որ 1996 թվականից 21 տարի հետո, երբ ՀՀԿ-ն տասն անգամ ավելի մարդաշատ է խորհրդարանում, քան այն ժամանակ, կրկին հարկ կլինի պատասխանել իշխանության մեջ եւ բուն ՀՀԿ-ում գտնվող իմ այն ընկերներին, որոնք ինձ կշտամբում են, թե երբ գրում եմ, որ ընտրություններին դերակատար էր փողը, այդպիսով պետականությանն եմ հարվածում: 21 տարվա դիտարկումներիս փորձառության հաստատակաությամբ ասում եմ` պետականությանը հարվածել են ընտրակաշառք բաժանելուն խառնված բոլոր մարդիկ, անկախ այն բանից, թե նրանք որ մակարդակում են գտնվում, քանի որ այդպիսով նրանք օրվա իշխանությանն ու պետությանը նույնացնելով` հարվածել են հենց պետությանն ու նրա շահերին:

Պետությունը հավերժական կատեգորիա է, իսկ իշխանությունն ըստ գաղափարի, ըստ Սահմանադրության եւ այլ ըստերի` փոփոխական (ներկայիս մտայնությամբ, հա, անփոփոխ): Պետականությանը հարվածում են մեր միջի ցավերը վեր հանողներին իրենց գաղափարակիցն ու դաշնակիցը չհամարող մարդիկ, քանի որ առանց մեզ դուք լրիվ կկորցնեք պետականության զգացումը եւ իշխանավորերի (իսկ Հայաստանում իշխանություն ասելով հասկանում ես կոնկրետ մարդկանց) սոսկական սպասարկմամբ կզբաղվեք: Պետականությունն իմ նմանների համար անվիճարկելի ու գերագույն կատեգորիա է, որի համար, անկախ տարբեր խոչընդոտներից, շարունակելու ենք ջանալ` քննադատելով նրան սպառնացող յուրաքանչյուր երեւույթ: Առայժմ այսքանը:

ՀՀԿ-ի բազմազանությունը

Հետընտրական ՀՀԿ-ն բազմադեմ ու բազմաշահ է առավել, քան երբեւէ: Կտրուկ գմփոց ու ֆերմերների աչքերի փայլ ակնկալող վարչապետ Կարեն Կարապետյանի շահը սեփական վարչապետությունն արդարացնելն ու մնալն է, սա Հայաստանի տնտեսության աշխուժացման հետ է զուգորդվում, որը, որքան էլ տարօրինակ, կարող է ի վերջո հակասության մեջ մտնել այն ՀՀԿ-ականի շահի հետ, ով կուզենար նրա փոխարեն գրավել վարչապետական աթոռը: Տրամաբանորեն այդ մարդուն, ով էլ նա լինի, բոլորովին պիտի որ ձեռք չտա Հայաստանի տնտեսության կարապետյանական աշխուժացումը:

Տարոն Մարգարյանի շահը` մայրաքաղաքում վարչապետական գմփոցին հավասար գմփոց ապահովելն ու քաղաքապետ մնալն է, չզիջելով վարչապետից հետո ամենանշանակալի պաշտոնը: Ընդ որում` նրա շահը նույնպես կարող է վարչապետի շահի հետ չհամընկնել այս պահին զուտ մրցակցության առումով. ռեսուրսը նույնն է, ասֆալտը, որ կարելի էր գցել Կարեն Կարապետյանի տարած քարոզարշավի շրջանում եւ ողջ կուսակցության վարկանիշի համար աշխատեցնել, հիմա է գցվում` քաղաքապետի վարկանիշի համար, նոր ընտրություններին ընդառաջ, ու սա մի կողմից պրիմիտիվ է թվում, մյուս կողմից` գործուն. բա թե` տեսնում եք, ինչ գործ անող քաղաքապետ ունենք:

Նախագահ Սարգսյանի` 2018 թվից հետո իշխանությունն ուղղակի (որպես վարչապետ) պահպանելու, կամ մի այլ ձեւով գլխավոր որոշողը մնալու գործոնը նույնպես հակասության մեջ է եւ գործող քաղաքապետի, եւ ապագայում նոր հավակնություններ ունեցող Տարոն Մարգարյանի պարագայում, իսկ Կարեն Կարապետյանի հաջողելու դեպքում` նաեւ նրա հետ: Բոլոր թվարկված շահերը բախման կետեր ունեն եւ ինչ- որ պահի Կռիլովի առակի հայտնի իրավիճակը կարող են հիշեցնել, ցավոք: Այդ բոլորի արտացոլանք Ազգային ժողովում, որտեղ ֆորմալ առումով վարչապետ եւ երկրի ապագա նախագահ են նշանակելու, նախ պետք է ձեւավորվի այն ստատուս-քվոն, որը կապահովի ՀՀԿ-ի ներսում ամենաուժեղի եւ ամենագործունակի իշխանությունը: Ուժերի հավասարակշռությունը նախ պետք է երեւա Ազգային ժողովի նախագահի եւ նրա երեք տեղակալների, ապա նոր խորհրդարանի տասն հանձնաժողովների նախագահ-տեղակալների պաշտոններում: Պատահական չեն զանազան արտահոսքերը ԶԼՄ-ներում, որոնք լոբբիինգի ու խուլ պայքարի հետեւանք են:

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մանդատների ստացումը դեռ կարող է մի երկու շաբաթով հետաձգվել, քանի որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, ընտրությունների արդյունքներն անվավեր համարելու դիմումով ԿԸՀ դիմելուց, մերժվելուց հետո մտադիր է նաեւ Սահմանադրական դատարան դիմել, այդպես հետաձգելով նորընտիրների մանդատ ստանալու բաղձալի պահն ու նոր ԱԺ-ի առաջին նիստի գումարման ժամկետը: Ընդ որում` ինտրիգն ավելի է խորանում, քանի որ ոչ ՀՀԿ-ում, ոչ «Ծառուկյան դաշինքում» հստակ ու հերթականությամբ չգիտեն` ով է գնում Ազգային ժողով, չնայած ե՛ւ ռեյտինգայինների քվեների թվերն են հայտնի, ե՛ւ համամասնական ցուցակներում թեկնածուների հերթականությունը: Դե` այդպիսի ուժերում, որտեղ մեկ հոգու ցանկություններն են կարեւոր, ու Ազգային ժողովի ուրվագծերը նախ այդ անձերի մտքում են ուրվագծվում, ապա նյութականանում, ընտրությունների արդյունքներն ու ստացած քվեները միշտ հարաբերական արժեքներ են:

Այս իմաստով եւ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի տարբեր առանցքներ ներկայացնող մարդկանց թեկնածության (Կարեն Կարապետյան, Էդուարդ Շարմազանով) մասին հրապարակումները կարող են ամենեւին չհամապատասխանել իրականությանը, կամ միգուցե հենց համապատախանել, ու մեր ասածը հակասություն չունի: Այսինքն` եթե Սերժ Սարգսյանը չգտնի Էդուարդ Շարմազանովի հավատարմությունն ու Հրայր Թովմասյանի գիտելիքները մեկ անձի մեջ միատեղված տեսնելու հնարավորությունը` միգուցե հենց առաջինին էլ ԱԺ նախագահ դարձնի, թեեւ, այնուամենայնիվ, հանրությանը հոգնեցրած դեմքերին գոնե ղեկավարության կազմում չունենալու գործոնը պիտի որ հաշվի առներ նա: Այդ իմաստով նույնիսկ Սամվել Ֆարմանյանի ավելի բարենպաստ կերպարը բովանդակային առումով կարող է չհամընկնել ՀՀԿ ղեկավարին հարկավոր բովանդակային նշանակության հետ, որն անպայման պետք է ուղերձ պարունակի 2018 թվից հետո Ս. Սարգսյանի մտադրություններին համապատասխան քաղաքականություն ապահովելու հետ: Բոլոր դեպքերում այս ղեկավարների ընտրության մեջ ավելի մեծ ինտրիգ կարող է լինել, քան բուն խորհրդարանի ընտրության մեջ եղավ:

Փաստորեն` «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմելով ԿԸՀ, ապա ՍԴ, մեծ ծառայություն է մատուցել կամ մատուցելու խորհրդարանի երկու դոմինանտ ուժերի լիդերներին` նրանց տալով մոտ երկու շաբաթ ժամանակ` խորհրդարան անցնող ամեն անձի «բարեմասնությունների», «հավատարմության» աստիճանի վերաբերյալ լրացուցիչ ծանրութեթեւ անելու համար:

Զարմանալի բան. թվում էր, թե ի վերջո ինչ-որ բան, այնուամենայնիվ, կփոխվի, գոնե ընտրություններից հետո նախկին գործելակերպը կաշխատեն կամաց-կամաց մոռանալ, գիտակցելով, որ ամեն ինչի համար սահման կա: Սակայն ոչ, մերոնց համար սահման հասկացություն չկա, վերեւներն առաջվա նման աշխատում են տեղավորել, պաշտոններով ապահովել ընտրություններին բոլոր միջոցներով ձայն ապահովածներին, հավատարիմներին ու մտերիմներին` այդ են վկայում ինչպես տարբեր, հատկապես դեսպանների եւ զանազան շահասուն պաշտոնների համար շրջնառվող անունները, այնպես էլ խորհրդարան մուտք գործելու հնարավորությունը ամենահարմար մարդկանց ընձեռելու գործելակերպը, որ խոսում է այն մասին, որ աստիճանաբար կմոռացվեն նաեւ փոխելու եւ փոխվելու խոստումները, եւ ամեն ինչ «հին-բարի ժամանակների» պես կլինի:

Երեւանի ավագանու ընտրությունների քաղաքական աստառը

Մայրաքաղաքի ղեկավարությանը եւ այդ առումով Երեւանի ավագանու ընտրությունների մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին «Ազգի» այս համարում անշուշտ հրապարակում կա: Կուզեինք, այնուամենայնիվ, այդ ընտրությունների քաղաքական կողմի մասին խոսել, որն անպայման Հայաստանի ցանկացած մակարդակի ընտրություններում այժմ անխուսափելիորեն առկա է: Իսկ մայրաքաղաքի ավագանու ընտրությունների հետ կապված քաղաքական հետաքրքությունը կապված է այն բանի հետ, որ խորհրդարանի ընտրություններին մասնակացած ինն ուժից միայն երկուսն են մասնակցում քաղաքային ընտրությանը` ՀՀԿ-ն ու «Ելքը», իսկ որ երեք քաղաքական ուժ օրենսդրությամբ պարտադիր պետք է մասնակցեն ընտրություններին` սա փաստորեն ապահովեց Զարուհի Փոստանջյանի գրանցած նոր քաղաքական խումբը` «Երկիր Ծիրանին»: Ինչ է ստացվում` խորհրդարան անցնելու համար պայքարող յոթ ուժ չեն ուզում պայքարել երկրի կեսը կազմող մայրաքաղաքը ղեկավարելու համար, սա աբսուրդ է իսկապես, որը վկայում է մեր սարքովի քաղաքական դաշտի սնանկության մասին: ՀՀԿ-ի ընդդիմությունը «Ելքն» է մնում, իսկ երկուսի` ՀՀԿ-ի եւ «Ելքի» միասնական ընդդիմությունը Զարուհին ու նրա «Երկիր Ծիրանին» է, այ քեզ բան: Ի դեպ` Փոստանջյանը խորհրդարանում բավական արմատական դիրքերից էր հանդես գալիս, այնպես որ Երեւանի արմատական ընդդիմադիր ընտրազանգվածները նախ դեպի Զարուհու քաղաքական ուժին են հակված լինելու, քանի որ «Ելքի» վերաբերյալ խորհրդարանական ընտրություններին սեւ քարոզչության տարրեր գործի գցվել են: Ակամա ստացվելու է նաեւ, թե այս երկու ընդդիմադիրներից ո՞ւմ է ավելի նախընտրում ընդդիմադիր ընտրազանգվածը, ո՞վ է մյուսի ձայները, ըստ այդմ էլ` վարկը փոշիացնելու: Չգիտենք` մտածված է սա, թե՞ ակամա, բայց աշխատող մեխանիզմ է: Իսկ ՀՀԿ-ի հանգստությունն այս առումով մեր կարծիքով այնքան էլ արդարացված չէ, քանի որ մայրաքաղաքի ընտրողները մեր մարզերի ընտրողներ չեն, որտեղ ընտրազանգվածը վախեցած կամ կաշառված էր, այստեղ, այնուամենայնիվ, բավական ընդգծված քաղաքացիական հասարակություն կա:

Չնայած` ինչ տոկոս էլ հավաքեն «Ելքն» ու «Երկիր ծիրանին»` նրանք երկուսն էլ այսպես , թե այնպես ներկայացված են լինելու ավագանիում, եւ բավական գլխացավանք են պատճառելու իշխող ուժին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.