AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 85. ԽԱՆԴՈՏ ԱՄՈՒՍԻՆԸ ՎԵՐՑՐԵՑ ՄԻ ԽԱՆՁՈՂ, ԾԽԱԽՈՏ ՎԱՌԵՑ ԵՎ ՆԱԽԱՆՁՈՎ ՆԱՅԵՑ ԿՐԱԿԻ ՇՈՒՐՋԸ ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔՈՎ ԻՐԱՐ ԳԳՎՈՂ ԶՈՒՅԳԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017



ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2017-04-06 23:20:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 2840, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

ՆԱԻՐ ՅԱՆ

Այն, որ մեր երկիրը, մեր քաղաքը, մեր փողոցն ու մեր շրջապատը հարմարացված չեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդկանց, նորություն չէ: Հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցները պարբերաբար բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին, դժգոհում, որ ամբողջ կյանքում անպետքության զգացումով են ապրում, որովհետեւ ոչ թե սովորել, կրթվել, աշխատել, մարդավայել ապրել, այլ անգամ տեղաշարժվելն է նրանց համար գերագույն խնդիր:

Հաշմանդամություն ունեցող մարդիկ բոլոր առումներով անտեսված են, բայց արի ու տես, որ ընտրությունների ժամանակ նրանք մեկ-երկու ժամով կարեւորվում են, անգնահատելի դառնում: Եթե մտքներովդ անցած լինի, ինչպես իմ մտքով անցավ, որոշ ժամանակ կանգնել ընտրատեղամասի մոտակայքում ու հետեւել, թե ովքեր են գալիս ընտրության, կտեսնեք անգամ ձեր այն հարեւաններին, որոնք տարիներ շարունակ հաշմանդամության պատճառով տանից դուրս չեն եկել: Ընտրատեղամասերի առջեւ «հատուկ հանձնարարությամբ» կանգնած երիտասարդների խումբը մեկ էլ հանկարծ իրար է խառնվում. պետք է շտապ ու բարձր մակարդակով օգնություն ցույց տալ, հաշմանդամ է գալիս ընտրության: «Հատուկ հանձնարարականով» տղաները իրար առաջ կտրելովՙ վազում են, քիչ է մնում հաշմանդամին գլխներին դրած տանեն ընտրատեղամաս: Գլխներին դրած չէ, բայց համարյա գրկածՙ պոտենցիալ, թանկարժեք «քվեին» մոտեցնում են քվեախցիկին: Հենց քվեարկությունն ավարտվում է, պոտենցիալ, թանկարժեք քվեն նորից դառնում է սովորական հաշմանդամ:

Նույն մոտեցումն ու վերաբերմունքն է նաեւ ծերերի նկատմամբ: Տատիկ-պապիկների թեւերն ընկածՙ բերում են ընտրատեղամաս: Ընտրակարգի բոլոր փուլերը սահմանված ձեւով անցնում են, մեկ էլ տեսնում ես տատին քվեաթերթիկի վրա նշումն անում է ոչ թե քվեախցիկում, այլ քվեախցիկից դուրսՙ ցուցադրական ու իբր պատահաբար: Իսկ մի քանի զույգ աչքեր հետեւում են տատիի գրիչինՙ ոչ ցուցադրաբար ու իբր պատահաբար: Հանձնաժողովն իբր իրար է խառնվում. «Տատի ջան, ախր խախտում եք օրենքը, ուզում եք խոսակցությնուն բերե՞ք մեզ վրա: ...Դե լավ, մեծ կին է, ոչինչ»: Տատին ի տես մի քանի զույգ աչքերիՙ «պտիչկան» դնում է ու միամիտ-միամիտ ծլկում: Ու այսպիսի տատիկ-պապիկական բազմաթիվ հաշվետվություններ:

Ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչպիսի մասնակցություն են ունեցել հաշմանդամություն ունեցող մարդիկ նախագահական ընտրություններում: Եթե կան դիտարկումներ, ապա միայն մասնավոր: ԿԸՀ-ն բրայլյան գրերով ուղեցույցներ էր տպագրել, բայց միայն ուղեցույցներ: Քվեաթերթիկներ չկային: Այս ընտրություններում քվեաթերթիկներն ինն էին, ոչ թե մեկը, եւ ունեին երկու երես: Բնականաբար, բրայլյան այբուբենով ինը քվեաթերթիկ տպագրելը հնարավոր չեղավ, ու 5000-ից ավելի կույրերը չզգացին, որ իրենց իրավունքները պաշտպանված են: Իսկ թե նրանցից քանիսն է քվեարկել, կամ ինչպե՞ս է քվեարկել, հայտնի չէ:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը սայլակավոր հաշմանդամ է: Իր օրինակն է բերում. «Ես քվեարկել եմ Մայակովսկու անվան դպրոցում տեղակայված 9/16 ընտրատեղամասում: Նախորդ անգամներին եւս բողոքել եմ, որ այդ շինությունը հարմարեցված չէ սահմանափակ հնարավորությամբ մարդկանց: Ես ուսումնասիրել եմ, տեսել եմ, որ շենքն ունի թեքահարթակի հնարավորություն եւ ցանկության դեպքում այն կարելի է կառուցել, բայց ձայնս տեղ չի հասնում:

Իմ ծանոթներից մեկը քվեարկությանը մասնակցելու մեծ ցանկություն ուներ, եկավ-հասավ ընտրատեղամաս, բայց պարզվեց, որ երկու հարկ պետք է բարձրանա: Սայլակով էր, ինչպե՞ս բարձրանար. թողեց-հետ գնաց: Այսպիսի դեպքերը շատ են: «Ունիսոնը» 3000 անդամ ունի. սայլակով տեղաշարժվելու բարդությունների պատճառով նրանց մեծ մասը չի մասնակցել ընտրություններին»:

Լսողության խնդիրներով մարդկանց մասին էլ ոչ ոք չմտածեց: Հեռուստատեսությամբ հեռարձակվող քարոզարշավի սուրդո-թարգմանություն չկար, հետեւաբար, խուլ ու համրերը չկարողացան լսել պատգամավորության թեկնածուների ելույթներն ու նախընտրական ծրագրերը: Սայլակավոր հաշմանդամների համար եւս քարոզարշավն անհասանելի էր, որովհետեւ այն անց էր կացվում նրանց համար դժվարամատչելի վայրերում:

«Ունիսոն» հկ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել: Հաշմանդամություն ունեցող վեց անձ շրջել է 67 ընտրատեղամասերում ու դիտարկումներ արել: Նրանք պարզել են, որ 67 ընտրատեղամասերից միայն 3-ն է լիովին մատչելի եղել հաշմանդամների համար, այսինքնՙ 4 տոկոսը. հիմնականում մատչելի է եղել 8-ը, նույնն է, թե 12 տոկոսը, դժվարամատչելի է եղել 14-ը, այսինքնՙ 21 տոկոսը, եւ բոլորովին անմատչելի է եղել 42-ըՙ 62 տոկոսը: Ընտրատեղամասերը եղել են Ավան, Արաբկիր, Էրեբունի, Նոր Նորք, Կենտրոն վարչական շրջաններում:

Թույլ տեսնողների համար նախատեսված ոսպնյակները ձեւական բնույթ են կրել: Արմեն Ալավերդյանը պատմեց, որ ընտրատեղամասերից մեկում ոսպնյակն այդպես էլ չէր հանվել չհրկիզվող պահարանից: Նա ներկայացրեց դեպքեր, որոնց ականատեսն է եղել, օրինակ, թե ինչպես է ինքնուրույն ընտրելու հնարավորություն ունեցող քաղաքացուն մի երիտասարդ ուղեկցելՙ պատճառաբանելով, թե նա հաշմանդամ է եւ օգնության կարիք ունի: Իսկ երբ հակադարձել են նրան, թե քաղաքացին ինքը կարող է ընտրել առանց որեւէ մեկի օգնության, երիտասարդն ընդդիմացել է. «Հեռու գնացեք, ձեր գործը չի, ես եմ նրան տանելու ընտրության»: Իսկ հանձնաժողովի նախագահն ու անդամները հանդուրժողաբար լռել են եւ թույլ տվել, որ հենց իրենց աչքի առաջ օրինազանցություն կատարվի:

Ի՞նչ է նշանակում ազգային փոքրամասնություն. դասական ձեւակերպմամբՙ որեւէ պետության տարածքում հիմնական ազգաբնակչության մեջ ապրող մեկ այլ ազգի ներկայացուցիչների խումբ: Ըստ էությանՙ հաշմանդամություն ունեցող մարդիկ ազգային փոքրամասնության հոգվիճակ, կարգավիճակ, դեր ու դիրք ունեն: Եվ ոչ միայն նրանք: Ազգային փոքրամասնության պես է իրեն զգում այս երկրի բնակչության ուղիղ կեսը, որովհետեւ համոզված է, որ ինչպես ինքը, այնպես էլ իր քվեն, արժեք չունի:

Արցախյան հերոսամարտի զինհաշմանդամներից մեկը պատմեց. «Երբ բանակում ծառայում էի, բոլորիս մի մարդու պես տարան ընտրության: Հիմա ես ընտրության իրավունք ունեմՙ չեմ ընտրելու: Շատերը մտածում են, որ եթե իրենց ստիպում են, հորդորում, անգամ խնդրում, որ մասնակցեն ընտրություններին, ուրեմն իրենց ձայնը կարեւոր է, իրենք կարեւոր են: Ես այլ կերպ եմ մտածում. եթե ստիպում են, հորդորում, խնդրում, որ մասնակցենք ընտրություններին, ուրեմն մենք բոլորովին էլ կարեւոր չենք իրենց համար: Համ էլ, եթե անգամ մասնակիցների տոկոսը քիչ լինի, միեւնույն է, իրենք այդ քչի մեջ էլ մեծ տոկոս են կազմելու: Ես ինձ ձերբազատել եմ անկարեւոր լինելու պարտադրանքից: Սայլակովս դուրս կգամ, հուսամ, արեւոտ օր կլինի, մի քիչ ման կգամ ու տուն կվերադառնամ: Այդքանով գոնե ինքս իմ աչքում կարեւորված կզգամ»:

Սայլակով զինհաշմանդամն ինձ համար դարձավ ազգային փոքրամասնությունների մեջ իմ ճանաչած ամենապատվախնդիր ու ինքնաբավ ներկայացուցիչը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.