AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 54. ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՇ, ԽՈՐՈՎԱԾ, ԽԱՇՄԻՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017



Տեղադրվել է` 2017-04-06 23:20:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 5611, Տպվել է` 489, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի՞ՆՉ ԿԱՍԻ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՀԱՅԵՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԽՈՍՏԱՑԱԾ ԹՐԱՄՓԸ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Միացյալ Նահանգներում տիրող նոր ներքաղաքական իրողությունները յուրօրինակ ազդակ են հաղորդել հայկական կազմակերպություններին հզոր քարոզարշավ նախաձեռնելու Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով: Նրանք դիմելու են նորընտիր նախագահ Թրամփին, որպեսզի Ապրիլի 24-ին հայությանը հղվող ոգեկոչման իր առաջին ուղերձում նա հավուր պատշաճի հիշատակի Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը եւ համարժեք բնորոշում տա հայ ժողովրդի նկատմամբ իրագործված բարբարոսությանը Օսմանյան Թուրքիայում: Հայկական համայնքը պահանջելու է չմեղսակցել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը եւ մերժել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Մ. Նահանգների նկատմամբ այդ երկրի ձեռնարկածՙ «բերան փակելու» փորձերը: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ճիշտ ժամանակին այցը Թուրքիա, կարծես, մշուշեցին հայկական կողմի լավատեսական պատրանքները: Երկուստեք քննարկվողՙ Գյուլեն-Սիրիա-Իրաք-քրդական ինքնորոշում հանգույցների արանքում, Էրդողանը, ինչպես սպասվում էր, նախազգուշացրել է պետքարտուղարին չսատարել հայկական բանաձեւը, տեղեկացանք ԱՄՆ Հայ դատի կայքէջում տարածված լուրից: Սակայն սա նույնպես կարող է ոչինչ չնշանակել անկանխատեսելի Թրամփի ապրիլի 24-ին դրսեւորվելիք դիրքորոշման վրա: Համենայնդեպս, արվում է առավելագույնն այն հնարավորինս դեպի ճշմարտության, պատմական արդարության կողմը նժարելու համար: Ահավասիկՙ ստորեւ:

Ի տարբերություն նախորդ տարիների, նորերս առաջադրված «Ցեղասպանության կանխարգելման մասին» թիվՙ H.Res. 220 բանաձեւի նախագիծը ուշադրություն է սեւեռում ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւՙ Օսմանյան Թուրքիայում գրեթե միաժամանակ իրագործված ասորիների (Seyfo), Պոնտոսի հույների եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության փաստերին, այսպիսով ստեղծելով յուրօրինակ «Class action» թուրքական ժխտողականության դեմ, ինչըՙ աջակիցների աննախադեպ հզոր ճակատ է կազմավորել: Միառժամանակ ամերիկահայ ընտրազանգվածը, միանալով ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նախաձեռնած հրատապ ակցիային, ակտիվորեն կապ հաստատեց Կոնգրեսում իր ընտրած ներկայացուցիչների հետ, պահանջելով միանալ նախագահ Թրամփին առաքվող նամակի ստորագրահավաքին, որի վերջնաժամկետը լրացավ ապրիլի 5-ին:

Դեռ Օբամայի օրոքՙ 1916-ին, ԱՄն պետդեպարտամենտը, Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ընդունեցին բանաձեւեր, որով Մերձավոր Արեւելքում ազգային եւ կրոնական փոքրամասնություններիՙ քրիստոնյաների, եզդիների, ասորիների, շիա մահմեդականների դեմ «Իսլամական պետության» ահաբեկիչների կատարած վայրագությունները որակեցին որպես պատերազմի հանցագործություն, մարդկության դեմ կատարված ոճիր եւ ցեղասպանություն: Սակայն այս քայլը լիարժեքորեն չարտահայտեց բաղձալի արդարության ձայնը, քանի դեռ դատապարտված չէ երեւույթի անպատիժ նախադեպըՙ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, եւ որպես քրիստոնյաների նահատակության հետեւանքՙ նրանց աստվածաշնչյան դարաշրջանի հայրենիքի բռնազավթման փաստը, ասվում է բանաձեւում: «Մենք չենք կարող հետեւողականորեն պայքարել մեր օրերի ցեղասպանությունների դեմ եւ միեւնույն ժամանակՙ տարբերություն դնել, թեՙ ո՞ր սարսափելի դեպքերը ճանաչենք, իսկ որո՞նց դեպքում խուսափենք այդ քայլից, քանզիՙ դրանք կարող են հետեւանքներ ունենալ, եթե մենք, իրոք, ցանկանում ենք հավատարիմ մնալ մեր բարոյական եւ պատմական առաքելությանը»,- ասել է Ադամ Շիֆը:

Այս գործողություններին զուգահեռ ապրիլի 21-ին ամերիկյան կինովարձույթ կմտնի եւ լայն հանրությանը կներկայանա Հայոց ցեղասպանության մասին պատմող Քըրք Քըրքորյանի հովանավորածՙ «Խոստում» ֆիլմը: Սկսվել է ամերիկյան խոշոր մայրուղիների, կամուրջների վրա Հայոց ցեղասպանության մասին ազդարարող պաստառների տեղադրումը:

Ասենք, որ հայ քաղաքական վերլուծաբաններից շատերն են այն կարծիքի, որ Մ. Նահանգները վաղուց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ դրա վրա չարժե ժամանակ վատնել: Մասնավորապես, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հիմնադիր Հարութ Սասունյանն իր հոդվածներից մեկում հետեւյալ միտքն է արտահայտել. «Հայոց ցեղասպանությունն արդեն բազմիցս ճանաչվել է Միացյալ Նահանգների կողմիցՙ 1951 թվականին ԱՄՆ կառավարության Արդարադատության միջազգային դատարան ներկայացրած պաշտոնական փաստաթղթում, 1975 եւ 1984 թվականներին Ներկայացուցիչների պալատի ընդունած երկու բանաձեւերում, եւ 1981 թ. ապրիլի 22-ին նախագահ Ռեյգանի ընդունած Հռչակագրում: Ինչո՞ւ պետք է հայերը ձգտեն Հայոց ցեղասպանություն եզրույթին, երբ այն արդեն ասվել է նախորդ նախագահի կողմից: Արդյոք ԱՄՆ յուրաքանչյուր նախագա՞հ պետք է օգտագործի այդ եզրույթը, որպեսզի հայերը համոզված լինեն, որ Հայոց ցեղասպանությունն իրոք ճանաչվել է Միացյալ Նահանգներում»:

Տեսնենք, ո՞ւմ հավաստիք կտա ամենազոր ժամանակը, նրանցՙ ովքեր անխոնջ պայքարում են դեռ, թե՞ նրանցՙ ովքեր հոգնել են արդեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.