AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 22. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՎԱԾԱՏՈ՞ՒՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017



Տեղադրվել է` 2017-03-09 22:53:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2852, Տպվել է` 470, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԱՐՉԱՐՎԱԾ, ՏԱՆՋՎԱԾ ԵՎ ԿՈՒՅՐ

Հ. ԱՖՅԱՆ

Երեքշաբթի օրը, երբ Ծառուկյան դաշինքն ու Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը Տավուշում նախընտրական հանդիպումներ էին ունենում, տեղի ունեցավ երկու ուշագրավ դեպք: Նախ, պարոն Ծառուկյանին Տավուշի գյուղերից մեկում մոտեցել է մի չափահաս տղամարդ եւ նրան հարցրելՙ «Պարոն Ծառուկյան, մայրս արդեն 50 տարի կույր է, չի տեսնում, հիմա այս խնդիրը ո՞նց պետք է լուծվի»: Պարոն Ծառուկյանը խոստացել է, որ բոլոր խնդիրները լուծվելու են, եւ կրկնել է, որ ինքը հենց այդ նպատակով էլ վերադարձել է քաղաքականություն, խաչը վերցրել է եւ այս անգամ այն մինչեւ վերջ կրելու է: Համաձայնեք, որ հատկապես կույր մարդկանց խնդիրների լուծման հարցում խաչակրությունը շատ կարեւոր է:

Եւ երկրորդը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքիՙ իջեւանյան հանդիպման ժամանակ (ի դեպ, այս դաշինքի նախընտրական հանդիպումներում Րաֆֆի Հովհաննիսյանը բացակայում է, հավանաբար Ամերիկայում կարեւոր գործեր ունի), Սեյրան Օհանյանը հայտարարել էՙ «Ես ուզում եմ մեր ժողովրդի հետ չարչարվել, տանջվել...»: Գնահատելի անկեղծություն է: Ամեն դեպքում, մարդը կարող էր տուրք տալ պոպուլիզմին եւ հայտարարել, որ ինքը քաղաքականություն է մտել, որպեսզի այլեւս թույլ չտա, որ մեր ժողովուրդը չարչարվի, տանջվի: Կամ նա կարող էր պարզապես ռոմանտիկ ցանկություն հայտնել, թե ինքը չի ցանկանում, որ մեր ժողովուրդը շարունակի չարչարվել, տանջվել: Սակայն որոշել է անկեղծ լինել եւ հստակ նշել, թե ի՞նչ է լինելու, եթե ժողովուրդը ընտրի ՕՐՕ դաշինքին: Եթե հիմա միայն ժողովուրդն է տանջվում, չարչարվում, ապա ՕՐՕ դաշինքի իշխանության գալուց հետո Սեյրան Օհանյանն էլ ժողովրդի հետ միասին տանջվելու եւ չարչարվելու է: Պարոն Օսկանյանի հարցում վստահ չեմ, իսկ այ պարոն Րաֆֆին այդ ժամանակ էլ հավանաբար կարեւոր գործեր կունենա Ամերիկայում:

Մի խոսքով, քարոզարշավը եռում է, վարչապետ Կարեն Կարապետյանի ձեռքի տակ հայտնված թմբուկների ու սիմբալի պես: Ի դեպ, լավ է նվագում, անգամ կարելի է ՀՀ վարչապետների առումով սահմանադրական մի փոփոխություն մտցնել, ըստ որի Հանրապետության վարչապետ նշանակվելու համար թեկնածուն պետք է տիրապետի առնվազն մեկ երաժշտական գործիքի: Այս իմաստով ուշագրավ է, որ նախկին մեր վարչապետներից Հրանտ Բագրատյանը նվագում էր, Տիգրան Սարգսյանըՙ նույնպես, երկուսն էլ կիթառ:

Ինչեւէ, սա հետագայի հարց է, հիմա մի կարեւոր հարց կա: Ինչպես անել, որ ՕՐՕ եւ Ծառուկյան դաշինքները միանան: Ես անգամ անվանում եմ մտածել այս հուժկու դաշինքի համարՙ ԾՕՐՕ: Խնդիրն այն է, որ Ծառուկյանը խոսք է տալիս, որ մենք չենք տանջվելու, իսկ ՕՐՕ դաշինքը գնում է տանջվելու: Միասին ոչ մեկս չենք տանջվի: Էլ չեմ խոսումՙ չարչարվելու մասին: Պարոն Ծառուկյանը բարեգործություն կանի, եթե օգնեցՙ լավ, եթե չօգնեց, եկեղեցում մոմ կվառենք, դա միշտ օգնում է, առնվազն հայրենական մոմագործության զարգացմանը:

Դե դուք միայն պատկերացրեք, թե որքան հետաքրքրական եւ ուրախ կանցնեն ԾՕՐՕ դաշինքի նախընտրական հանդիպումները: Մեկը մյուսից ուժեղ, հուժկու, հաղթանակած, բարեգործ, ազնիվ, պարկեշտ մարդիկ: Ծառուկյանը դիվանագիտությունից բան չի՞ հասկանում, Օսկանյանը կօգնի, կդժվարանա՞, Րաֆֆիին Ամերիկա զանգ կտան, կգա: Ռազմավարություն մշակելու հարց կա՞, Օհանյանը պատրաստ էՙ որպես հմուտ ռազմական գործիչ, բանակաշինության լուրջ մասնագետ, փողի՞ կարիք կա, փողի կարիք չկա: Մի խոսքով, իդեալական դաշինք կլիներ, եթե միայն կողմերը կարողանային որոշել, թե ո՞վ է լինելու առաջինը, երկրորդը, երրորդը... Տասնմեկերորդը պարզ է, Րաֆֆին է:

Ես չգիտեմ, գուցե այս առաջարկս ժամանակավրեպ է, բայց եթե այդպես չէ, խնդրում եմ փորձեք, ամեն դեպքում, պարոն Օհանյանն էլ ստիպված չի լինի Վահագնի թաղամասում վարձով ապրել եւ ամիսը չորս հազար ամերիկյան դոլար տան վարձ տալ. Ծառուկյանը մի բնակարան կնվիրի:

Իսկ եթե, այնուամենայնիվ, ժամանակավրեպ է, ապա խնդրում եմ ժամանակ գտեք եւ մի ծրագիր գրեք այն մասին, թե ինչպես անել, որ այլեւս չչարչարվենք, չտանջվենք եւ կարողանանք տեսնել:

Գրե՞լ եք, բայց մենք տանջված, չարչարված եւ կույր ենք, չենք տեսնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.