AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-03-09 22:53:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2962, Տպվել է` 472, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՁԵՐ ԲԱԽՏԸ ԲԵՐԵԼ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ամեն քառյակից մեկն, ինչպես հայտնի է, կին է: Նկատի ունեմՙ խորհրդարանական գալիք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակները: Ընդ որում, միայն Նաիրա Զոհրաբյանն է, որ Ծառուկյան դաշինքի ցուցակի երրորդ համարն է, մյուսները, այդ թվում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը (ՀՀԿ), իրենց ցուցակների հենց չորրորդ համարներն են: Սա շատ կարեւոր է, քանի որ հետաքրքրական է, թե այդ կանայք իրենց ցուցակների որերո՞րդ տեղում կլինեին, եթե օրենք չլիներՙ ամեն քառյակում գոնե մեկ կին ընդգրկելու մասին:

Այս առումով կանանց բախտն, ի դեպ, բերել է: Դե քանի որ յուրաքանչյուր քառյակում գոնե մեկ կին պետք է լինի, ապա նրանցից շատերն ավելի բարձր տեղեր են զբաղեցնում իրենց ցուցակներում, քան այն շատ տղամարդիկ, ովքեր ամեն օր իրենց կանանց ասում են, որ գնում են կուսակցություն (կամ դաշինք) աշխատելու, եւ իսկապես հենց կուսակցություն (կամ դաշինք) են գնում, իրոքՙ աշխատելու: Եթե կանանց ներգրավվածությունը ամեն քառյակում պարտադիր չլիներ, ապա այդ տղամարդկանց հավուր պատշաճի կգնահատեին, ցուցակներում բարձր տեղեր կտային, իսկ կան կուսակցություններ ու դաշինքներ, որտեղ 7-րդ տեղում նշվածը կարող է պատգամավորական մանդատ ստանալ, բայց այ 8-րդ տեղում նշվածը կարող է այդպես էլ պատգամավոր չդառնալ:

Մի խոսքով, կանանց բախտը մեր երկրում բերել է, որքան էլ այս կապակցությամբ զարմանան խոպանչիների կանայք, որոնք արդեն չորս տարի կլինի իրենց ամուսիններին միայն սքայփով են տեսնում, այն էլ ուշ ժամերին միայն, նրանց մոտից եկող կողմնակի կանացի ձայների զուգորդությամբ: Չնայած, ավելի ճիշտ կլինի ասելՙ մեր երկրում քաղաքականությամբ զբաղվող կանանց բախտն է բերել: Անգամ առաջիկա ընտրություններից դուրս մնացած տիկին Զարուհի Փոստանջյանի բախտն է բերել, դե քանի որ նա հաջորդ խորհրդարանում չի լինելու եւ կարող է հանգիստ ժամանակ անցկացնել իր չորս դստրերի հետ, որոնց բախտը, փաստորեն, եւս բերել է:

Այլ հարց են քաղաքականությամբ չզբաղվող կանայք: Ի զարմանս տիկին Հեղինե Բիշարյանի եւ Նաիրա Զոհրաբյանի, այդպիսիք եւս լինում են: Որպես կանոն քաղաքականությամբ չզբաղվող մեր կանայք աշխատում են (ի տարբերությունՙ քաղաքականության մեջ ներգրավվածների), հաճախՙ ընտանիքներում միակ աշխատողն են, եթե ուսուցիչ են, ապա չգնահատված են, եթե հացթուխ են, գիշերները տանը չեն, եթե լրագրող են, առհասարակ տանը չեն, մի խոսքովՙ նրանց բախտը չի բերել: Մեծ հաշվով, իհարկե, բերել է, քանի որ նրանք քաղաքականության մեջ չեն, բայց նրանց համար փոքր հաշիվներն այնքան շատ են, որ մեծ հարցերի վրա ուշադրություն դարձնելու ոչ ժամանակ ունեն, ոչ էլ տրամադրություն: Չնայած շատերը կուզենային թողնել դպրոցը, հացի արտադրամասը եւ մանավանդ լրագրողական գրիչ-թուղթն ու ընդգրկվել որեւէ կուսակցության համամասնական ցուցակի քառյակներից մեկում, լինել քառյակից մեկը: Կապ չունիՙ ո՛ր կուսակցության, կապ ունի, որ իրենք կլինեին քաղաքականության մեջ, ինչպես իրենց դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին, ինչպես իրենց հացի արտադրամասի տնօրենը, ինչպես իրենց գործընկեր լրագրողը... Իրենց կարծիքով այդ պարագայում իրենց բախտը կբացվեր, չնայած հրաշալի կահույքագործ ամուսին ունեն, երեք աննման երեխա եւ մասնագիտություն, որի մասին ամբողջ կյանքում երազել են:

Ու ես անկեղծ ասած չգիտեմ, թե մեր երկրում ո՞ր կանայք են ավելի երջանիկ: Նրանք, ովքեր քաղաքականության մե՞ջ են, թե՞ նրանք, ովքեր շարունակում են հաց թխել, երեխա կրթել եւ կամ հոդված գրել: Ամեն դեպքում կապ չունի ո՞ր քառյակում եք, քառյակում որերորդն եք, այն, որ մատնաքաշը ձեզ մոտ ավելի լավ է ստացվում, քան պուրին, կամ գրականության դասերին ավելի լավ եք զգում, քան լեզվի, կամ ընդդիմադիր հոդվածները ձեզ մոտ ավելի լավ են ստացվում, այս ամենը բոլորովին էլ կարեւոր չէ:

Գարուն է, եւ դուք կին եք, ուրեմն ձեր բախտը բերել է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.