AZG Daily #11, 24-03-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-03-02 22:17:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 3875, Տպվել է` 475, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՉԻՑ ԱՌԱՋ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Սփյուռքահայերին ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանի կոչը տարատեսակ ու հակասական գնահատականների արժանացավ, եւ դա բնական էր: Զանց առնելով ջղային եւ անբարյացակամ արձագանքները եւ սպասելով սփյուռքի ինստիտուցիոնալ կառույցների ու երեւելի անձնավորությունների անդրադարձներին, զանց առնելով նաեւ կոչի լեզվախմբագրական անհարթությունները, կարելի է վստահորեն ասել, որ այն հարիր էր հայության ձգտումներին, շատերիս ազգային տեսլականին, հետեւաբար արժանի ամենայն ուշադրության:

Դեռեւս անկախությունից շատ առաջ, հատկապես անցյալ դարի 70-ական թվականներից սկսած, անգամ առանց պաշտոնական հայտարարությունների ու կոչերի հնչում էր միտքը, թե Հայաստանը ողջ հայության հայրենիքն է եւ նրա հզորացումը բոլորիս, սփյուռք թե մայր հայրենիք, խնդիրն է: Հետագայում, աղետալի երկրաշարժը, Արցախյան ազատամարտը եւ Անկախության հռչակումը եկան անիմաստ դարձնելու մինչ այդ եղած բոլոր տեսակի վերապահությունները եւ, փոխարենը, հիմնավորելու հայության մեկության գաղափարի իրականացումը: Հիմա քչերն են հիշում ռոմանտիզմի այն ալիքը, որը հորձանք տվեց Սփյուռքից դեպի Հայաստան, առաջնորդությամբ, պե՛տք է շեշտել պատմական այս պարագան, Ռամկավար Ազատական կուսակցության եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությանՙ գոնե տնտեսական ու մարդասիրական մասով: Դժբախտաբար այդ ալիքը փշրվեց երկրում կապիտալի պաշտպանության օրենքների անկատարության, կաշառակերության, հախուռն սեփականաշնորհման, արագ հարստանալու մոլուցքի եւ չտես անհատների զոռբայության արգելապատնեշի վրա:

Եկավ մի պահ, հիշում եմՙ 1992 թ.ին, երբ Հայաստանի տնտեսական ու հասարակական զարգացման մեծագույն ջատագովներից Լուիզ Մանուկյան-Սիմոնը անձամբ ինձ խորհուրդ էր տալիս սփյուռքահայ մեր ներդրողներին չքաջալերել: «Նրանք կորցնելու են իրենց ներդրումները, որից հետո այլեւս երբեք չեն վերադառնա այստեղ», մարգարեանում էր ՀԲԸՄիության այն ժամանակվա ղեկավարը:

Հետո եկան ավելի բարենպաստ տարիներ, օրենքները կատարելագործվեցին, ներդրումային մթնոլորտը բարելավվեց, եղան մի քանի խոշոր ներդրումներ- Քըրք Քըրքորյան, Էդվարդո Էռնեքյան, Թյուֆենքճյան եւ ուրիշներ-, սակայն «կրիշ ունենալու», «վերխը սկզբից» տալու, «փայ» մտնելու, «ատկատի», պետական պաշտոնը եւ խորհրդարանական անձեռնմխելիությունը անձնական բարեկեցության եւ հարստացման հետ շփոթելու կամ անշփոթ կիրառելու մոլությունը: Հնից մնացին նաեւ երկիրը միանձնյա ղեկավարելու, իշխանության տարբեր թեւերի հակակշռի անհրաժեշտությունը արհամարհելու, վերջապեսՙ ավտորիտարՙ իրարահաջորդ վարչակարգերը, որոնց նվիրականացումը, այժմ, ներկա օրերին, առավել ցայտուն տեսանելի է նախընտրական ցուցակներից, որտեղ ոչ թե սահմանադրական իշխանությունների հակակշիռների սկզբունքն է գործելու, այլՙ կրկին աշխատելու է անձերի ու խմբերի հակակշռությունը միմյանց, ավելի շուտՙ զուգակշռությունը, այսինքնՙ միշտ կենսունակ թայֆաբազությունը: Հետեւաբար ինչ էլ որ լինի հետագայում, նույնիսկ եթե հրաշալի գործեն սահմանադրական նոր կարգերը, վարչապետական դրությունը, այս ընթացքով, կրկնում եմՙ այս ընթացքով, Հայաստանում մենք չենք ունենա տնտեսական այն հզորանքը, որը հիմքն է երկրի անվտանգության, հասարակական բարօրության, Հայաստան-Արցախ-Սփյուռք իրական միասնության:

Վարչապետի կոչը բնականաբար տեղիք է տալիս տարբեր հարցադրումների: Ուստի փորձեմ դրանց մի մասը շարադրել ստորեւ.

- Ի՞նչ եք ծրագրում անել սփյուռքում կազմակերպությունների ներսում եւ միջեւ համախոհություն հաստատելու կամ դրան նպաստելու ուղղությամբ: Ընդունո՞ւմ եք, որ այս կարեւոր առաջադրանքը տապալվել է իշխանության որոշ օղակների կողմից նաեւ:

- Ի՞նչ է անելու սփյուռքահայ երիտասարդ մասնագետը (բժիշկ, ճարտարագետ, ճարտարապետ կամ ֆինանսիստ), երբ գալիս է Հայաստան առանց նախնական պայմանավորվածության. ո՞վ է զբաղվելու իր աշխատանքի տեղավորման եւ մյուս հարցերով: (Խնդրում եմ, միայն չասեքՙ սփյուռքի նախարարությունը, որի հետ մեր մյուս նախարարություններն անգամ զգուշանում են համագործակցել):

- Ի՞նչ է անելու, օրինակ, ամերիկահայ ներդրողը, որն ընդամենը 3 օրում Իռլանդիայում գտել է (իրական դեպք եմ պատմում) իրեն հարմար գործարանը բեռնատար մեքենաների կարպյուրատոր արտադրելու համար, մինչդեռ Հայաստանում 8 օրվա ընթացքում համապատասխան մարմինները չկարողացան նրան ներկայացնել ոչ իսկ մեկ գործարանի սեփականատիրոջը, ոչ էլ բիզնես ծրագիրը:

- Ինչպե՞ս եք պաշտպանելու սփյուռքահայ ներդրողներին հարկային մարմինների կամայականություններից, բանկերի վաշխառությունից, թաղային եւ այլ հեղինակություններից:

- Ձեր հրապարակած կոչը ուղղված է «սփյուռքահայերին» եւ ոչ սփյուռքահայությանը: Ի՞նչպես հասկանալ, Դուք նկատի ունեք միայն փողատերերի՞ն, թե՞ առհասարակ հայ մարդկանց, ովքեր, համենայնդեպս, ցանկություն կունենան վերադառնալ կամ գալ Հայաստանՙ բնակվելու:

- Ի՞նչ եք կարծում, որքա՞ն կտեւի Ձեր պաշտոնավարությունը: Իսկ Ձեզ հաջորդող վարչապետները կշարունակե՞ն դեպի սփյուռք բացվելու կուրսը, թե՞ այն նորից կփակվի եւ կմնա լոկ իբրեւ գրավիչ կարգախոս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.