AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 15. ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-02-17 02:34:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 3090, Տպվել է` 459, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԱԽՏԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՍՔԵՐՙ ՌՈՒՍԱՍՏԱՆԱԲՆԱԿ ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Տարիներ առաջ, Բուժաշխատողի օրվա առիթով հրապարակում պատրաստելու համար, ինձ պատեհ առիթ էր ընձեռվել հանդիպելու Ռուսաստանի մայրաքաղաքում ապրող եւ աշխատող մի շարք հայ բժիշկների եւ նրանց ներկայացնելու «Ազգի»-ի ընթերցողներին: Մեծ էր եղել ուրախությունս, երբ ինձՙ Մոսկվայում ապրող եւ աշխատող հայազգի լրագրողիս, Ռուսաստանի առողջապահության նախարարությունից վաստակաշատ եւ ՌԴ-ում մեծ ճանաչում ունեցող հայ բժիշկների մի մեծ ցուցակ էին ներկայացրել: Ես հպարտացել եւ այսօր էլ հպարտանում եմ իմ հայրենակիցներով, հպարտանում եմ, որ նրանք բնակվելով օտար եւ բազմազգ երկրում, ամենեւին խտրականություն չեն դնում ազգությունների միջեւ եւ Հիպոկրատի երդմանը հավատարիմՙ զբաղված են շատ կարեւոր առաքելությամբ` մարդկանց կյանք ու առողջություն պարգեւելով, եւ այդ գործում ցուցաբերում են առավելագույն վարպետություն ու մարդկայնություն:

Վերջերս ուրախությամբ տեղեկացա, որ ռուսաստանաբնակ հայ բժիշկների ընտանիքը, որը տարիների իր վաստակով ու փորձառությամբ կարողացել է մեծ հարգանքի եւ ճանաչման արժանանալ, վերջին երեք տարիների ընթացքում համալրվել է նոր անդամներով:

Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի հայ բժիշկների հաղթարշավն այսօր էլ շարունակվում է, եւ հարյուր-հազարավոր մարդիկ նրանց հավատում են եւ վստահում ամենաթանկը` կյանքն ու առողջությունը:

Օրերս պատիվ ունեցա կրկին հանդիպելու Ռուսաստանի հայ բժիշկների աստղաբույլի մի լուսավոր աստղիՙ Մոսկվայի Վնասվածքաբանության ինստիտուտի ոսկրային պաթոլոգիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Ապավենի Քոսյանին, ով միաժամանակ դասախոսում է Ի. Մ. Սեչենովի անվան Մոսկվայի պետական բժշկական համալսարանում: Կյանքի վեց տասնամյակն ուսած, մեծ ճանաչման եւ հեղինակության արժանացած այս բազմաշնորհ մասնագետի համբավն այսօր դուրս է եկել Ռուսաստանի սահմաններից, եւ պատահական չէ, որ տարիների իր վաստակն ու գործունեությունը աչքի առաջ ունենալովՙ ռուսաստանյան տասնյակ հարյուրավոր ընտանիքներ նրան մեծարում են «Ոսկե ձեռքերով բժիշկ» եւ «Աստվածատուր» ժողովրդական պատվանուններով: Ապավեն հայրանունն էլ, ասես, երբ մանավանդ նրան դիմում են հայ հիվանդները, համարձակության, ապահովության, երաշխիքի եւ կյանքն ու առողջությունը բժշկին ապավինելու վստահություն է ներշնչում:

Առիթ եմ ունեցել Մոսկվայի Վնասվածքաբանության ինստիտուտի ոսկրային պաթոլոգիայի բաժնի հենց միջանցքում զրուցելու նրա մի շարք հիվանդների եւ նրանց հարազատների հետ: Վերը հիշատակած «Ոսկե ձեռքերով բժիշկ» եւ «Աստվածատուր» բնորոշումներից հետո մարդիկ (ամենատարբեր ազգությունների) ասես խոսքերը մեկ արած նշում են Գուրգեն Քոսյան բժշկի կարեւորագույն հատկանիշըՙ մարդկային վերաբերմունքը:

Արդեն 40 տարուց ավելի Գուրգեն Ապավենի Քոսյանն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է ճերմակ խալաթը հագին: Նրա մոտ են գալիս ոչ միայն Ռուսաստանի, այլեւ աշխարհի ամենատարբեր ծայրերից, այդ թվում նաեւ` իր հայրենակիցները, որոնց մի առանձնակի ջերմությամբ է վերաբերվում:

Անվանի բժիշկը ծնվել եւ գիտակցական կյանքն անց է կացրել Ռուսաստանում, բայց հոգու եւ սրտի բոլոր թելերով կապված է Հայաստանին, եւ պատահական չէ, որ նրանց ընտանիքում հայերեն են խոսում եւ մեսրոպյան լեզուն գիտեն բոլորըՙ կինը, տղան, աղջիկը եւ 2 թոռները: Հոր կերպարն ու անցած բովանդակալից ճանապարհն առանձնահատուկ սրտամոտ է որդունՙ Հովսեփին, եւ պատահական չէ, որ նա եւս ընտրել է բժշկի մասնագիտությունն ու այսօր մեծ հաջողությամբ աշխատում է նույն հիվանդանոցում, հոր հետ կողք-կողքի, եւ առիթը հանդիսանալու դեպքում սիրում է պարծենալ, որ որպես բժիշկ իր ուսուցիչն իր հայրն էՙ Գուրգեն Քոսյանը: Հովսեփն այս տարի պաշտպանելու է թեկնածուական թեզը, եւ այսօր արդեն կան բոլոր նախադրյալները, որ նա նույնպես բոլորի կողմից սիրված եւ փնտրված բժիշկ է համարվելու, քանի որ քայլում է իր արժանի հոր ճանապարհով:

Հայր եւ որդի Քոսյանների հետ հանդիպումից երկու օր անց, ասես երջանիկ պատահականությամբ, ինձ առիթ ընձեռվեց հանդիպել նաեւ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր բժիշկ, եվրոպական էնդոկրինոլոգների ասոցիացիայի անդամ Աշոտ Մուսայելի Մկրտումյանին: Մեր ճանաչված հայրենակիցն այսօր անուրանալի ավանդ ունի հատկապես համաշխարհային էնդոկրինոլոգիայի զարգացման ասպարեզում: Նա Մոսկվայի պետական բժշկական-ստոմոտոլոգիական համալսարանի էնդոկրինոլոգիայի եւ դիաբետոլոգիայի ամբիոնի վարիչն է, ծնունդով` Տավուշի մարզի Ենոքավան գյուղից:

- Բժշկի համար շատ կարեւոր է նվաճել մարդկանց հավատն ու վստահությունը,- ասում է Աշոտ Մկրտումյանը: - Այսօր բժշկությունը մեծ արագությամբ զարգանում է, ներդրվում են նորագույն տեխնոլոգիաներ, բայց այդ ամենից զատՙ կայուն գիտելիքներով եւ մարդկային բարձր առաքինություններով օժտված բժիշկը պետք է ամուր եւ վստահ կանգնած լինի մարդու կողքին, եւ որ ամենակարեւորն էՙ մարդու համար ամենաարժեքավորի` առողջության պահպանման դիրքերում: Ուզում եմ հավաստիացնել, որ հայ բժիշկները Ռուսաստանում, Հայրենիքի կարոտը հոգում անթեղած, զբաղված են շատ կարեւոր առաքելությամբ` հիվանդությունների արագ եւ ճշգրիտ ախտորոշումովՙ մարդկանց կյանք պարգեւելով, առողջության վերականգնմամբ...

Ռուսաստանի հայ բժիշկների կատարած ամենաբարդ, անհավանական վիրահատությունների եւ անուրանալի սխրանքների մասին վկայում են հենց իրենք` հիվանդներն ու նրանց հարազատները: Իսկ բժշկի համար ամենամեծ գնահատականը հիվանդների եւ նրանց հարազատների երախտիքի խոսքերն են, նրանց օրհնանքներն առ Աստված, մանավանդ, երբ ամենաօրհասական եւ ծանր իրավիճակներում համոզվում ես, որ դրանք լսելի են եղել Աստծուն, քանի որ բխել են ի խորոց սրտի...

Նկար 1. Գուրգեն Քոսյան

Նկար 2. Աշոտ Մկրտումյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.