AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 21. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՆԱՆԵ՞
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017



Տեղադրվել է` 2017-02-17 02:34:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2934, Տպվել է` 466, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ «ԾՈՒՂԱԿՆԵՐ» ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ

Պ. Ք.

Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքի փորձություն

Միջազգային հարաբերությունների ոլորտում մասնագիտացած ամերիկյան Foreign Affairs հանդեսը օրերս փորձեց պարզել, թե «մոտալուտ ռուս-ամերիկյան գագաթաժողովում» Մերձավոր Արեւելքի խնդիրներին վերաբերող ինչպիսի ծրագրերով հանդես կգան նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը: Սպիտակ տունը նոր-նոր է ձեւավորում այդ տարածաշրջանով զբաղվող մասնագետների թիմը: Թրամփը Պենտագոնին եւ մի շարք այլ գերատեսչությունների հանձնարարել է 30 օրվա ընթացքում նախապատրաստել գործողությունների հատուկ ծրագիր: Ամերիկյան որոշ լրատվամիջոցների տվյալներով, Թրամփը արդեն իսկ իրականացնում է ինչ-որ «գաղտնի ծրագիր», որը միայն խիստ հեռավոր կապ ունի իր հռչակած հակաջիհադիստական պայքարի ծրագրի հետ:

Նորընտիր նախագահը Իրանի միջուկային ծրագրին առնչվող Վիեննայի համաձայնագրերի նախապատրաստման ու կատարման հարցում իրեն նախորդած Բարաք Օբամայի քաղաքականությունը «սնանկ» է որակել, սակայն ինքը Մերձավոր Արեւելքում շարունակում է Օբամայի քաղաքականությունը, ռազմատեխնիկական օգնություն է ցուցաբերում սիրիացի քրդերինՙ չնայած այն բանին, որ Սիրիայում ռազմական բոլոր բաղադրիչներն առկա են «Իսլամական պետությանը» ջախջախելու համար: Խոսքը Դամասկոսի կառավարության զինված ուժերի մասին է, որոնց աջակցում են ռուսական օդուժը, Թուրքիայի եւ Իրանի ռազմական ստորաբաժանումները: Ավելին, Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան դաշինք կազմած համակարգում են իրենց ռազմական ու քաղաքական ջանքերը հանուն ընդհանուր նպատակի, այն էՙ «Իսլամական պետության» ջախջախում եւ Սիրիայի խնդրի իրոք քաղաքական կարգավորում: Այսինքն, Թրամփի հետ հանդիպման ժամանակ Պուտինը կարող է սեղանին դնել փաստորեն ձեւավորված ծրագիր եւ իր ամերիկացի պաշտոնակցին առաջարկել որոշելու սեփական տեղն այդ «խաղի» մեջ:

Իսկ ի՞նչ կարող է առաջարկել ԱՄՆ նախագահը: Ներկայումս քաղաքագետները փորձում են գոնե ընդհանուր գծերով պարզել, թե Մերձավոր Արեւելքում գործողությունների ինչպիսի ռազմավարություն է նախապատրաստում Վաշինգտոնը եւ արդյոք հույս ունի՞ «ընդհանուր լեզու» գտնել որեւէ մեկի հետ: Ռուսաստան-Իրան-Թուրքիա «եռյակի» առաջին երկու պետությունները զանազան պատճառներով ենթակա են դարձել պատժամիջոցների: Նկատի ունենալով ԱՄՆ-ՌԴ տնտեսական կապերի սակավությունը, Թրամփը կարող է չեղարկել պատժամիջոցները, բայց չի կարող երաշխավորել Եվրոմիության հակառուսական պատժամիջոցների վերացումը: Նախագահ Օբաման ուզում էր Իրանին ազատել պատժամիջոցների բեռիցՙ կարծելով, թե այդպիսով կհաջողվի Թեհրանին իր կողմը գրավել տարածաշրջանային քաղաքականության հարցում: Նրան խանգարեցին: Տեսականորեն միայն Թուրքիան կարող է հանդես գալ հօգուտ ԱՄՆ-ի, եթե վերջինս հրաժարվի Սիրիայի «Ժողովրդավարական դաշինք» քրդական կուսակցությանն աջակցելուց: Սակայն, ինչպես կարծում է թուրքական Hurriyet թերթը, փոխարենը Թուրքիային կառաջադրեն նոր պահանջներ. ավելի լայն մասնակցություն «Իսլամական պետության» դեմ ծավալված ցամաքային գործողության, երկրի ներսում քրդերի նկատմամբ «ժողովրդավարացման նախաձեռնության» գործընթացի վերսկսում, հրաժարում Կիպրոսից եւ ԱՄՆ-ին օգնության ցուցաբերում Իրանի հետ լարված հարաբերությունների պայմաններում: Միեւնույն ժամանակ Hurriyet-ը ուշադրություն է դարձնում նաեւ այն հանգամանքին, որ Ռուսաստանի առաջարկած Սիրիայի սահմանադրության նախագիծը ենթադրում է այդ պետության տարածքում քրդական ինքնավարության ստեղծում: Այսպիսով, քրդական «խաղաքարտը» միաժամանակ Մոսկվայի եւ Վաշինգտոնի ձեռքին է: Որոշակի պահին ինչ-որ մեկի «խաղում» այն կարող է դառնալ «հաղթաթուղթ»: Այնպես որ Թրամփը, Մերձավոր Արեւելքում Օբամայի վարչակազմի ժառանգության վերանայում սկսելով, Իրանի հետ առճակատման մեջ մտնելով, դեռ Պուտինի հետ չհանդիպածՙ Թուրքիայի հետ պայմանավորվածություն փնտրելովՙ հայտնվում է «քրդական ծուղակում», որը կապված է ոչ միայն Սիրիայի եւ Իրաքի, այլեւ Թուրքիայի հետ:

Ավելին, Al Jazeera կայքը գրում է, որ «Օբամայի վարչակազմի օժանդակությամբ Իրանն արագորեն վերականգնվեց որպես տարածաշրջանային տերություն, որը Սիրիայում հավասարակշռում է Թուրքիային եւ Սաուդյան Արաբիային», դարձավ «Ռուսաստանի մերձավոր գործընկերը, դաշինք կազմեց Թուրքիայի հետ»: Այստեղից ծագում է գլխավոր հարցը. Վաշինգտոնին կհաջողվի՞ արդյոք Անկարային համոզել, թե իրանական ուղղությամբ գոյություն ունեն թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր ուղեգծի հնարավորություններ: Երկրորդ տարբերակը Ռուսաստանի հետ «իրանական տանգո պարելն» է: Դժվարությունը հենց այն է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հարաբերվելիս Թրամփը հանդես է գալիս որպես «Օբամայի սխալները շտկել պատրաստվող մեղավոր կողմ», իսկ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ Մերձավոր Արեւելքի հարցի առթիվ շփվելիս այլեւս հանդես չի գալիս որպես ուժեղ կողմ:

Ամերիկյան Newsweek շաբաթահանդեսը արձանագրում է. «Մերձավոր Արեւելքում անցկացված հաշտության բոլոր բանակցություններում ԱՄՆ-ը եղել է գլխավոր խաղացողը: Այժմ Թրամփը ստիպված է բախվել տհաճ իրողությանը. հաշտության համաձայնագրեր կնքելու, ահաբեկչության դեմ պայքարելու եւ տարածաշրջանում ամերիկացիների տնտեսական շահերը պաշտպանելու համար նա կարող է չունենալ այլ ընտրություն, քան Պուտինի հանդեպ հիացմունքի արտահայտումը, ով այդքան բարդացրեց ԱՄՆ նախկին ղեկավարի նախագահության ութ տարիները»:

Իր հերթին Al Jazerra-ն կարծում է, որ «Վաշինգտոնի ներկայիս մերձավորարեւելյան բոլոր ջղաձգումները Թրամփին կվերադարձնեն այն ճահճի մեջ, որից մեծ դժվարությամբ դուրս էր եկել Օբաման»:

Եթե Վաշինգտոնը ուժի մեջ թողնի հակառուսական եւ հակաիրանական պատժամիջոցները, ապա դրանով իսկ կամրապնդի Մոսկվա-Թեհրան դաշինքը: Ինչ վերաբերում է Թուրքիային, այդ ուղղությամբ եւս ԱՄՆ-ը ստիպված կլինի դիմել աշխարհաքաղաքական լուրջ զոհողությունների: Բայց ներկայումս Մերձավոր Արեւելքում Թրամփի քաղաքականության գերակայությունները խիստ անորոշ են: Խնդիրը ոչ միայն «Իսլամական պետությունն» է, այլեւ մեկ ուրիշ, ավելի լայնընդգրկուն բան: Ուստի Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի քաղաքականությունը պետք է հստակեցվի, որպեսզի հասկանալի դառնա հետեւյալը. սա աշխարհաքաղաքական նոր շրջափուլի սկի՞զբն է, թե՞ դրա ավարտը, երբ տարածաշրջանում ԱՄՆ-ը վերջնականապես կորցնում է իր զսպիչ լծակները եւ ազդեցությունը, նահանջում է, որպեսզի ուժերը կենտրոնացնի արդեն ուրիշ աշխարհաշրջանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.