AZG Daily #35, 22-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-02-17 02:34:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 4512, Տպվել է` 482, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ԴԻՐՔԵՐԻ՞, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Քաղաքական բնապատկերը զարմանալիորեն արագ է փոխվում Հայաստանում: Քանի մոտենում է ընտրությունների վերջնաժամկետը, ծավալվող գործողություններն ավելի ինտենսիվ են դառնում: Գլխավոր պատճառներից մեկն այն նոր ձեւն է, որ կառավարությունն ստանալու է, երբ համակարգը նախագահականից խորհրդարանականի փոխվի: Քաղաքացիները ոչ տեղեկացված են, ոչ էլ բավականաչափ կրթված, որ հասկանան, թե ինչու կառավարման նոր ձեւը, ի հակադրություն գործողի, դեպի լավն է փոխելու իրենց կյանքը: Այն ինչ նրանք գիտեն` Ռուսաստանի օրինակն է, որը Հայաստանի իշխանությունները փորձում են ընդօրինակել: Վլադիմիր Պուտինը բծախնդրորեն մշակեց իր վերադարձն ու իշխանությունը երկարաձգելու ծրագիրը, թույլ տալով, որ Դմիտրի Մեդվեդեւը մեկ ժամկետով նախագահի, իսկ հետո ինքը նրան փոխարինի հաջորդ ժամկետում:

Հայաստանը նոր սահմանադրություն որդեգրեց ճիշտ այդ նույն նպատակի համար, որպեսզի երկարաձգի իշխանության ներկա առաջնորդի քաղաքական կացությունը:

Նախքան փոփոխությունը, նախագահության իր երկրորդ ժամկետի ավարտից հետո, Սերժ Սարգսյանը չէր կարողանալու երրորդ անգամ նախագահել: Նոր սահմանադրությունը հարթում է վերադարձի ճանապարհը, որովհետեւ գործադիր իշխանությունը փոխանցվում է վարչապետին: Այնպես որ, Սերժ Սարգսյանը կարող է իր թեկնածությունը առաջադրել վարչապետի պաշտոնի համար, կամ էլ իր ղեկավարած Հանրապետական կուսակցությունը, որը հավակնում է մեծամասնություն կազմել նոր խորհրդարանում, կարող է նրան առաջադրել այդ պաշտոնում: Այդ դեպքում նոր նախագահին միայն խրորհրդանշական դեր է վերապահվելու:

Ոչ մի հաշվարկ չկա այն մասին, թե ինչքան հաջողակ է եղել Հանրապետական կուսակցությունը, որպեսզի արդարացնի իր գոյության երկարաձգումը տեսանելի ապագայում: Տնտեսությունը շարունակեց կաղալ, երկրի ամենահրատապ հարցըՙ արտագաղթը, ոչ մի կերպ չլուծվեց, եւ ավելինՙ վտանգվեց երկրի անվտանգությունը անցյալ տարվա պատերազմական գործողությունների ընթացքում:

Ներքին այս թերություններով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը երկիրն առաջնորդեց դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) համագործակցելու Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ: Վերջին երկու երկրների առաջնորդները ոչ մի հարգանք չունեն իրենց «կրտսեր» գործընկերոջ հանդեպ եւ քանիցս ոտնահարել են նրա իրավունքներն ու շահերը եւ անպատիժ մնացել: Նրանք, Բելառուսն ու Ղազախստանը, համալիր տնտեսական համագործակցություն են ծավալում Հայաստանի թշնամուՙ Ադրբեջանի հետ, որը նույնիսկ ԵՏՄ-ի անդամ չէ: Նրանք, երկուսն էլ, պաշտպանում են Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», դեմ գնալով Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նույնիսկ հրաժարվեց կազմակեպության երեւանյան նիստերին մասնակցելուց, բայց վերջին վեց ամիսների ընթացքում արդեն երկու անգամ այցելել է Բաքու:

Մյուս կողմից, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որ միջազգայնորեն մերժված անձնավորություն է, վերջերս այցելելով Ադրբեջան պարտավորվեց պաշտպանել Ղարաբաղի հանդեպ ունեցած այդ երկրի պահանջները: Ավելին, օրերս նա ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեց Ադրբեջանին, որպեսզի այնտեղ կրի Ղարաբաղ այցելելու համար իր պատիժը: Եվ այս երկրները համարվում են Հայաստանի դաշնակիցնե՞րը:

Անշուշտ Հայաստանի հեղինակությունն ու դիրքը համաշխարհային քաղաքական դաշտում ունի իր դերը այս տխուր պատմության մեջ, սակայն դրանում ոչ պակաս դեր, վստահաբար, խաղացել է նաեւ Հայաստանի իշխանությունների թուլությունը: Իսկ առաջիկա ընտրությունների արդյունքում երկիրը ստիպված է լինելու հանդուրժելու այդ նույն իշխանությանը: Նոր սահմանադրությունը խորհրդարանի պատգամավորների թիվը 131-ից նվազեցրել է 101-ի: Խորհրդարանը (Ազգային ժողովը) լիազորված է լինելու նոր վարչապետ ընտրելու եւ անշուշտ մեծամասնություն կազմող կուսակցության ձայները որոշիչ են լինելու:

Ընտրական նոր համակարգը անհատ թեկնածուներին թույլատրում է կուսակցությունների միջոցով միայն ռեյտինգային սկզբունքով մասնակցելու ընտրարշավին: Այլ խոսքով, նրանք պարտավոր են լինել մի որեւէ կուսակցության կամ դաշինքի ընդհանուր ցուցակում: Այդ պատճառով էլ ներկայիս փոխզիջումային եռանդուն բանակցություններ են առաջ գնում դաշինքներ կազմելու համար: Իսկական, անզիջումային ընդդիմությունը բանտերում է գտնվում: Իսկ իշխանություններին անհրաժեշտ է ընդդիմադիր խմբակցություններ առաջ բերել, որպեսզի ընտրությունները իսկական եւ այլընտրանքային թվան, եւ իշխող Հանրապետական կուսակցությունը ամեն ինչ անում է ընտրություններում ձայների 60 տոկոսը կարողանալ ձեռք բերելու համար:

Ընդդիմադիր խմբակցությունները երկու խմբի կարելի է բաժանել: Մի խումբը այն կարծիքին է, որ իշխանությունները բավականաչափ կողոպտել են երկիրը եւ հիմա իրենց հերթն է շարունակելու կողոպուտը: Այս ընդդիմությանը կարելի է գնել ընտրությունների ընթացքում, իսկ երկրորդ խումբը իսկապես հավատացած է, որ ժողովրդավարական գործընթացին մասնակցելով, որոշակի դրական քայլերի կարելի է հասնել:

Հանրապետական կուսակցությունը պատրաստ է ընտրություններին: Վերջին համագումարի ընթացքում յոթ հազար հոգի անդամագրվեց կուսակցությանը, որպեսզի ապահովի իր հետագա ապրուստը որոշակի աշխատանքի անցնելու արդյունքում:

Ի դեպ, կուսակցության անդամակցելը նույնքան դյուրին է, որքան նրանից դուրս գալը, ինչպես պարզ դարձավ վերջին շրջանում մի քանի դեպքերի առիթով:

Բայց անդամակցելու գործընթացից բացի, բոլոր դպրոցները, համալսարանները, պետական կառույցներն ու տարածքային կառավարիչները զգուշացվել են, որ իրենց ապագան կախված է ընտրություններին ապահոված իրենց քվեների քանակից: Նման համակարգի գործունեության պայմաններում Հանրապետական կուսակցությունը կարիք չի ունենա քվեներ գնելու: Բացի այդ, վստահություն կա, որ մոնիտորինգական խմբավորումները կհաստատեն, թե ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան կամ... գրեթե համապատասխան:

Կառավարական ճամբարից դուրս ձեւավորվել է մի քանի խմբավորումների խճանկար, որոնք ձգտում են ձեռք բերել մնացած պատգամավորական աթոռները: Նրանցից ամենաուժեղը Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքն էր, որը, սակայն, տարտղնվեց, ամփոփվեց, եւ այժմ ներկայանում է փաստորեն «Բարգավաճ» կուսակցության շրջանակով: Սկզբնական շրջանում ԲՀԿ-ն Հանրապետական կուսակցության հետ կոալիցիայի մաս էր կազմում: Հետագայում երբ սկսեց ավելի շատ ժողովրդականություն վայելել, առանձնացավ եւ դարձավ ընդդիմությունՙ մտահոգություն պատճառելով Սարգսյանի վարչակազմին: Հայաստանում քաղաքական բանավեճերն այնքան էլ բարեկիրթ ձեւով չեն ընթանում: Դրանք կարող են չափազանց անողոք լինել: Ծառուկյանին զգուշացրել էին, որ հեռու մնա քաղաքականությունից, այլապես նա պետք է դիմագրավեր հետեւանքները: Նախադեպը կար, ի դեմս հաջողակ գործարար Խաչատուր Սուքիասյանի, որին զրկել էին խորհրդարանական մանդատից եւ գրավել ունեցվածքը: Ծառուկյանը հեռացավ քաղաքական դաշտից, բայց հիմա դարձյալ վերադարձել է: Իսկ նախագահ Սարգսյանը հայտարարել է, որ չի ողջունում նրա վերադարձը:

Ընդամենը 10 օր առաջ չորս կուսակցություններ եւ մեկ «շարժում» միացել էին Ծառուկյանի դաշինքին: Դրանց մեջ էին երկու ավանդական կուսակցություններՙ Հնչակյանն ու Ռամկավար Ազատականը: Ի դեպ, այս անգամ սփյուռքը ձգտում էր լուռ գործակից դառնալ, առանց քվեարկողների, քանի որ բոլոր խմբավորումներն էլ դա էին ցանկացել:

Կալիֆոռնիայում միայն ավելի քան 500 հազար ներգաղթյալ կա Հայաստանից: Վստահ կարելի է ասել, որ նրանց 95 տոկոսը դժգոհ է Հայաստանի ներկա իշխանություններից: Բայց Ծառուկյանը մեծ ժողովրդականություն է վայելում նրանց շրջանում, իր առատաձեռն բարեգործությունների եւ մասնավորապես Հայաստանի Օլիմպիական թիմին հովանավորելու համար:

Սովորաբար օլիգարխների մեծամասնությանը հատուկ է կողոպտել երկիրը, շահույթներ կուտակել եւ դրանք փոխանցել արտասահման, որովհետեւ նրանք չեն վստահում իրենց իսկ ստեղծած համակարգին: Ծառուկյանն ու Սուքիասյանը արժանի են գնահատանքի այն փաստի համար, որ նրանք չեն լքել հայրենիքը, շարունակում են աշխատանքով ապահովել հազարավոր մարդկանց:

Հեղինակավոր անձերով հարուստ մեկ այլ դաշինք են կազմել Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը, նախկին արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը, որոնց մինչեւ վերջին պահ միացել էր նաեւ Վիկտոր Դալլաքյանը: Մինչ այս դաշինքի նպատակը իշխանափոխությունն է, եւ նրանք շատ վճռական են այդ հարցում, հասարակությունը թերահավատությամբ է մոտենում նրանց ազնվությանն ու նպատակներինՙ հարց բարձրացնելով, իրավացիորեն, այն մասին, որ երկար ժամանակ իշխանությունների հետ համագործակցելով ինչո՞ւ ոչ մի բան չկարողացան անել: Մետասաներորդ ժամին, ինչպես ասում են, այս դաշինքին միացավ Րաֆֆի Հովհաննիսյանը, առավել դիտարժան դարձնելով դաշինքըՙ նախկին երկու արտգործնախարար եւ նախկին մեկ պաշտպանության նախարար, երկուսը սփյուռքից, մեկըՙ Արցախից:

Հաջորդ դաշինքը ձեւավորվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, նախկինում Հայ Ազգային Կոնգրեսի հայտնի անդամը, ով երկար ժամանակ որպես հարձակողական թեւ է հանդես եկել Լեւոն Տեր-Պետրոսյանի հավաքներում եւ զանգվածային լրագրության մեջ: Այդ դաշինքը կոչվում է «ԵԼՔ»: Նրան են միացել Էդմոն Մարուքյանն ու նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայ Ազգային կոնգրեսը» կորցրել է իր առաջվա ուժն ու հեղինակությունը, բայց առաջին նախագահը շարունակում է ղեկավարել քաղաքական այդ շարժումը եւ որոշ խելացի քայլերով կկարողանա ձայների 5 տոկոսը ապահովել, ներկա վարչակարգի լուռ բարյացակամության պայմաններում:

ՀՅԴաշնակցություն կուսակցությունը միայնակ է որոշել հանդես գալ: Ավանդաբար, կուսակցությունը կարողացել է 5-6 պատգամավոր ունենալ խորհրդարանում: Բայց այս անգամ, բանակցություններում նրանք 11 պատգամավոր ունենալու հայտ են ներկայացրել: Ընտրություններում առանձին մասնակցելու մտադրության պատճառը իշխանությունների հետ կոալիցիա կազմելու հետեւանքով ժողովրդականության կորուստն է, ինչը նաեւ զայրացրել էր տարբեր երկրներում գործող կուսակցության մասնաճյուղերի անդամներին: Բայց հիմա էլ կուսակցությունը համագործակցում է իշխող կուսակցության հետ, վստահեցնելով վերջինիս, որ կարող է զորաշարժի ենթարկել սփյուռքը: Դժվար թե:

Հանրապետական կուսակցության առաջնորդներին թեժ պայքար է սպասում, սփյուռքում ձեւավորվող նոր զարգացումների հետեւանքով: «Հանրահայտ մարդկանց դիվանագիտություն» անվան տակ հանդես եկող շարժումը Հարավային Կալիֆոռնիա համալսարանում (USC) վերջերս անցկացրեց մի սիմպոզիում, որի ընթացքում ելույթներ ունեցան Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը, Էրիկ Նազարյանը եւ Վահե Բերբերյանը:

Նրանք վճռել են վերահսկել ընտրությունների ընթացքը եւ մասնակցել Հայաստանի ժողովրդավարության գործընթացին, շահագրգիռ կողմի իրենց տրված լիազորությունների սահմաններում: Նրանք ոչ միայն հայտնի են իրենց ընտրած մասնագիտական ոլորտներում, այլեւ քաջատեղյակ են Հայաստանի քաղաքականության մանրամասնություններին:

Ինչպես տեսնում ենք, բավականին գունեղ քաղաքական համայնապատկեր է պարզված մեր առաջ, որը փոփոխություններ է խոստանում բերել Հայաստանին:

Ընտրությունները ցույց են տալու, թե երկիրը ամրապնդելու է օլիգարխիայի՞ դիրքերը, թե՞ ընտրելու է ժողովրդավարության ճանապարհը:

Ակնկալում ենք, որ փոփոխությունը լինի դրական:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Armenian Mirror-Spectator

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.