AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 80. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԾՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-02-17 02:34:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 4756, Տպվել է` 481, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի՞ՆՉ, ՈՐՔԱ՞Ն, ՈՐՏԵ՞Ղ ԵՆՔ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կան ցուցանիշներ, որոնք օբյեկտիվորեն արտացոլում են երկրի տնտեսական վիճակը: Դրանցից մեկը երկրի արտաքին առեւտրաշրջանառությունն է: Եթե այն ավելանում է, ապա տնտեսությունը որոշակի զարգացման տեմպեր ունի, եթե նվազում է, ապա տնտեսության մեջ նվազման միտումներ կան: Օրինակՙ ճգնաժամային 2009-ին Հայաստանում գրանցվեց 14,1 տոկոս տնտեսական անկում, իսկ արտաքին առեւտրումՙ 26,5 տոկոս նվազում:

Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրի ընդհանուր ցուցանիշը (ներմուծումն ու արտահանումը միասին) անցած տարիՙ 2016-ին գերազանցեց 5 մլրդ դոլարը (5 մլրդ 75 մլն դոլար), նախորդ տարվա համեմատ աճելով 7,4 տոկոսով: Շարունակում է գերակշռել ներմուծումը: Այն 2016-ին կազմել է 3 մլրդ 292 մլն դոլար, գերազանցելով արտահանմանը 1 մլրդ 509 մլն դոլարով: Արտահանումը կազմել է 1 մլրդ 782 մլն դոլար: Այժմ, թե որքանո՞վ են ավելացել արտահանման եւ ներմուծման ծավալները, ի՞նչ ապրանքներ ենք ավելի շատ արտահանել կամ ներմուծել, ո՞ր երկրներ ենք արտահանել եւ որտեղի՞ց ներմուծել:

Արտահանման դիվերսիֆիկացումը անցյալ տարի

Ինչպես արդեն նշեցինք, անցյալ տարի Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 782 մլն դոլարի արտադրանքՙ աճը կազմել է 20 տոկոս: Սա վերջին 5 տարիների աճի լավագույն ցուցանիշն է: Սակայն նշենք նաեւ, որ այդ ցուցանիշն արձանագրվել է 2015-ին գրանցված արտահանման 4 տոկոս անկումից հետո: Գումարային առումով, 2015-ի համեմատ, 2016-ին Հայաստանից արտահանել ենք մոտ 300 մլն դոլարով ավելի ապրանքներ: Որպես հետաքրքրական վիճակագրություն ավելացնենքՙ վերջին 15 տարվա ընթացքում, 2016-ին 2002-ի (505մլն դոլար) համեմատ, Հայաստանից արտահանման ծավալներն աճել են 3,5 անգամ:

Հայկական ապրանքների արտահանման հիմնական շուկան 2016-ին նույնպես Ռուսաստանն է եղել: Դեպի այդ երկիր արտահանել ենք 371 մլն դոլարի արտադրանք: Դա նախորդող տարվա համեմատ ավելի է 127 մլն դոլարով կամ 51,5 տոկոսով: Ռուսաստան արտահանվում են հիմնականում արդյունաբերական պատրաստի արտադրանքը եւ գյուղմթերքները:

Երկրորդ տեղում ԵՄ անդամ Բուլղարիան է: Այս երկիր արտահանել ենք 152 մլն դոլարի ապրանք կամ 93 տոկոսով ավելի, քան 2015-ին: ԵՄ-ից մյուս խոշոր արտահանման երկիրը Գերմանիան էՙ մոտ 139 մլն դոլարի արտահանված հայկական ապրանքներով: Դեպի Գերմանիա արտահանումը նվազել է 0,9 տոկոսով: Հարկ է նշել, որ դեպի Գերմանիա եւ Բուլղարիա արտահանումը փոխկապակցված է, քանի որ այդ երկրների միջոցով արտահանում ենք հումքային արտադրանքըՙ պղնձի հանքանյութը: Այսինքն, եթե ավելանում է արտահանումը Գերմանիա, կարող է նվազել արտահանումը դեպի Բուլղարիա եւ հակառակը: Ընդհանրապես, դեպի ԵՄ երկրներ հայկական պատրաստի արտադրանքը գրեթե չի արտահանվում, իսկ հումքային արտադրանքն էլ վաճառվում է միջազգային բորսաներում:

Հայկական ապրանքների արտահանման երրորդ խոշոր երկիրը մեր հարեւան Վրաստանն էՙ մոտ 147 մլն դոլար: Արտահանումը դեպի Վրաստան ավելացել է 17,3 տոկոսով կամ 21 մլն դոլարով: Սա վերջին տարիների միտում է եւ երկու հարեւան երկրների տնտեսական համագործակցության խորացման գործընթաց:

Անցյալ տարին նաեւ մեր արտահանման դիվերսիֆիկացման տարի կարելի է համարել, քանի որ նկատելիորեն ավելացել են դեպի մի շարք այլ երկրներ արտահանման ծավալները: Այսպես, 7 անգամ կամ 54 մլն դոլարով ավելի շատ ապրանքներ ենք արտահանել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, արտահանման ծավալը հասցնելով 63 մլն դոլարի, 36 մլն դոլարով կամ 91,6 տոկոսով աճել է դեպի Շվեյցարիա արտահանումը, հասնելով 74 մլն դոլարի, 31 մլն դոլարով կամ 29,2 տոկոսով էլ ավելացել է դեպի Կանադա հայկական ապրանքների արտահանումը, հասնելով 140 մլն դոլարի: Վերջին տարիներին մեր արտահանման եւս մեկ խոշոր շուկա դարձած Իրաք, անցյալ տարի արտահանվել է 137 մլն դոլարի ապրանքներ, ինչը 5,6 տոկոսով կամ 7 մլն դոլարով ավելի է նախորդՙ 2015-ի համեմատ:

Ո՞ր ապրանքների արտահանումն է ավելացել, որի՞նըՙ նվազել: Ամենից շատ ավելացել են թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների եւ դրանցից իրերի, ավելի կոնկրետՙ ադամանդների արտահանման ծավալներըՙ 73,9 տոկոսով կամ 143 մլն դոլարով: Արդյունքում, ոսկերչական եւ ադամանդագործական արտադրանքի արտահանումը անցյալ տարի կազմել է 337 մլն դոլար: Այս ապրանքախումբը երրորդ տեղում է արտահանման ծավալներով:

Առաջին տեղում հանքահումքային արտադրանքի (հիմնականում պղնձի հանքանյութի) արտահանման ծավալներն ենՙ 470 մլն դոլար: Այստեղ անցած տարի գրանցվել է 2,3 տոկոս անկում: Երկրորդ տեղը զբաղեցնում է պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը, ինչը միանշանակ դրական փաստ է: 2016-ին պատրաստի սննդի արտահանման ծավալներն ավելացել են 93 մլն դոլարով կամ 28,6 տոկոսով, կազմելով 418 մլն դոլար: Սրան ավելացնենք բուսական ծագման ապրանքներիՙ գյուղմթերքների արտահանման կտրուկՙ 83,2 տոկոսով կամ 32 մլն դոլարով աճը, որից հետո այն կազմել է 69 մլն դոլար: Փաստորեն, սննդարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը միասին 487 մլն դոլարի ապրանք են արտահանել, որը մեր ընդհանուր արտահանման մոտ 30 տոկոսն է:

Պատրաստի արտադրանք թողարկող այլ ճյուղերում նույնպես արտահանման ծավալների նկատելի աճ է արձանագրվել: Թեթեւ արդյունաբերական ապրանքների արտահանումն ավելացել է 25 մլն դոլարվ կամ 36,7 տոկոսով, հասնելով 93 մլն դոլարի, կոշկեղենինըՙ 63,2 տոկոսով կամ մոտ 1 մլն դոլարով, հասնելով 2,5 մլն դոլարի, մեքենասարքավորումներինըՙ 37,3 տոկոսով կամ 6 մլն դոլարով, հասնելով 21 մլն դոլարի, տրանսպորտային միջոցներինըՙ 43,2 տոկոսով կամ 5 մլն դոլարով, հասնելով 15 մլն դոլարի, սարքերինը եւ ապարատներինըՙ 27,7 տոկոսով կամ 7 մլն դոլարով հասնելով 33 մլն դոլարի, մոտ 2 մլն դոլարով կամ 15,5 տոկոսով էլ ավելացել են քիմիական արդյունաբերության ապրանքների արտահանման ծավալները հասնելով 17 մլն դոլարի:

Սրան հակառակ, մոտ 7 մլն դոլարով կամ 3,1 տոկոսով նվազել է ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի արտահանումը, կազմելով 220 մլն դոլար, կենդանիների եւ կենդանական ծագման արտադրանքի ծավալները նվազել են մոտ 23,7 տոկոսով կամ 11 մլն դոլարով, կազմելով 35 մլն դոլար:

Ներմուծում, որի մի մասը կարող է փոխարինվել տեղականով

2016-ին ներմուծման 3 մլրդ 292 մլն դոլար ծավալները 2015-ի համեմատ ավելի են եղել 1,6 տոկոսով: Միաժամանակ նշենք, որ 2015-ին ներմուծումը 26,8 տոկոսով անկում էր գրանցել: Այստեղ եւս մեկ հետաքրքրական վիճակագրություն. անցյալ տարվա ներմուծման ծավալները գրեթե այնքան են, որքան 10 տարի առաջՙ 2007-ին:

Ներմուծման դեպքում նույնպես մեր հիմնական գործընկերը Ռուսաստանն է, որտեղից ներմուծել ենք ընդհանուրի մոտ 30 տոկոսըՙ 996 մլն դոլարի ապրանքներ: Ներմուծումը Ռուսաստանից անցյալ տարի աճել է 5,7 տոկոսով:

Երկրորդ տեղում Չինաստանն էՙ 357 մլն դոլարի Հայաստան ներմուծվածՙ ամենատարբեր ապրանքներ: Ներմուծման աճն այստեղ կազմել է 13,2 տոկոս: Երրորդումՙ Գերմանիանՙ 186 մլն դոլար, որտեղից ներմուծումը նվազել է 7,6 տոկոսով: Հաջորդ տեղերում են Իրանըՙ 164 մլն դոլարի ներմուծում (նվազում 17,3 տոկոսով) եւ, դժբախտաբար, Թուրքիան (այս մասին առանձին կանդրադառնանք առաջիկայում)ՙ 163 մլն դոլարի ներմուծված ապրանքներ (աճ 19,6 տոկոսով):

Այժմ ներմուծվող ապրանքների մասին: Գերակշռում է հանքահումքային արտադրանքը, որն, ինչպես արդեն նշվեց, հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից: Դա գազն է, նավթամթերքները, միջուկային վառելիքը եւ այլն: Անցյալ տարի ներմուծվել է 591 մլն դոլարի հանքահումքային արտադրանք, որը 7,5 տոկոսով ավելի քիչ է 2015-ին ներմուծվածի համեմատ:

Երրորդ տեղում մեքենաների, սարքավորումների եւ մեխանիզմների ներմուծումն է, որոնց մեջ որոշակի տեղ են զբաղեցնում ներդրումային ծրագրերի համար ներմուծվող սարքավորումները: Այս ապրանքախմբից ներմուծել ենք 471 մլն դոլարի ապրանքներ, ինչը նախորդող տարվա համեմատ ավելի է 13,9 տոկոսով:

Հաջորդը պատրաստի սննդի արտադրանքն էՙ 332 մլն դոլար: Աճն այստեղ կազմել է 5,4 տոկոս: Այս ապրանքախմբում ներմուծումը տեղականով փոխարինելու ամենամեծ հնարավորությունները կան, քանի որ սննդարդյունաբերության ապրանքների մեծ մասն արտադրվում է Հայաստանում: Կան նաեւ իրական հնարավորություններ չարտադրվողների մի մասի արտադրությունը տեղում կազմակերպելու եւ պատրաստի սննդի արտադրանքի ներմուծման ծավալները էապես նվազեցնելու:

Ներմուծման նվազեցման լուրջ հիմքեր կան թեթեւ արդյունաբերության ապրանքների պարագայում: Այստեղ ներմուծել ենք 225 մլն դոլարի արտադրանք, ինչը 37 տոկոսով ավելի է 2015-ի ներմուծվածից: Նկատի ունենալով, որ գերակշռում են թուրքական ապրանքները, ապա կառավարությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի հենց այս ապրանքախմբում ներմուծման փոխարինմանը խթանող պայմաններ ստեղծելու համար:

Երբեմնի քիմիական արդյունաբերության երկիր Հայաստանն այժմ ներմուծում է 329 մլն դոլարի քիմիական արդյունաբերության ապրանքներ: Նկատի ունենալով այս ճյուղի բնապահպանական բացասական հետեւանքները, որոշակի վերապահումով պետք է մոտենալ ներմուծման փոխարինման հնարավորություններին: Նկատի ունենանք նաեւ, որ մեր երբեմնի քիմարդյունաբերական հզորությունները կա՛մ վերջնականապես քայքայվել են, կա՛մ բարոյապես եւ ֆիզիկապես մաշվել:

Հնարավո՞ր է արտաքին առեւտրի հաշվեկշիռը դրական դարձնել

Հայաստանի Հանրապետության գոյության տարիներին ներմուծման-արտահանման հաշվեկշիռը միշտ բացասական է եղելՙ հօգուտ ներմուծման: Երբեմն ներմուծումը մի քանի անգամ գերազանցել է արտահանմանը: 2016-ին ներմուծումը արտահանմանը գերազանցել է ընդամենը 45 տոկոսով կամ 1 մլրդ 509 մլն դոլարով: Նման ցածր տարբերությունը գրանցվում է առաջին անգամ: Ընդ որում, դա արդյունք է ոչ թե ներմուծման նվազման, այլ արտահանման աճի: Ըստ երկրների այդ հարաբերակցությունը մեծամասամբ հօգուտ ներմուծման է: Հօգուտ արտահանման, այսինքն դրական հաշվեկշիռ ունենք միայն մի քանի երկրների հետՙ Վրաստան, Կանադա, Շվեյցարիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Նիդեռլանդներ, Ռումինիա, Բուլղարիա, Ղազախստան:

Հնարավո՞ր է հասնել նրան, որ արտահանումը գերակշռի ներմուծմանը: Չնայած հանքահումքային առումով մեծածավալ ներմուծում ունենք եւ շարունակելու ենք ունենալ, այդուհանդերձ, հնարավոր է հասնել ներմուծման ծավալներին գերազանցող արտահանմանը: Բնական է, որ հենց այնպես դա տեղի չի ունենա, եւ պահանջում է կառավարության ու տեղական արտադրողների համագործակցված աշխատանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.