AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017



Տեղադրվել է` 2017-01-19 23:12:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 63995, Տպվել է` 615, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՁԻՈՒ ՔԱՅԼԵՐ` ՊԱՀԵՍՏՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անցած անգամ մենք գրել էինք, որ եթե ընտրություններին մասնակցեն Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորը` ԲՀԿ-ով եւ ընդդիմություն գործուղված Վիկտոր Դալլաքյանը եւ Սեյրան Օհանյանը, ապա այս երկու-երեք միավորները` իրենց շուրջ ձեւավորված լայն դաշինքներով եւ ՀՀԿ-ն (ՀՅԴ-ի կոալիցիոն ձայներով հանդերձ) կարող են խորհրդարանի տեղերի մի գերակշիռ մասը իրենցով անել` ստեղծելով կարկատանային մեծամասնություն, որը ոչ մեկի առաջ պարտավորություն չի ունենա, բացի նրանից, ով իրենց տանում է իշխանության:

Վերջին օրերի մի քանի իրադարձություն մեզ ստիպում են էլ ավելի առաջ նայել ու համարձակվել ավելի հստակեցնել մեր ենթադրությունը: Ծառուկյանի`քաղաքականություն վերադառնալու, իր խաչը մինչեւ վերջ տանելու խոստումի եւ լայն համագործակցության հրավերի պարագայում` հիմա արդեն կարելի է անգամ ենթադրել, որ ոչ միայն եւ ոչ այնքան կառավարվող կարկատանային մեծամասնություն է հարկավոր նոր նախագծի հեղինակին, որքան նո՛ր մեծամասնություն, ու այնտեղ միգուցե հսկիչ փաթեթը լինի ոչ թե ՀՀԿ-ի, այլ Ծառուկյանի ձեւավորած լայն դաշինքի կամ խորհրդարանական կոալիցիայի ձեռքում:

Սա կարող է լինել երկու դեպքում: Կամ` Սերժ Սարգսյանին հենց ա՛յդ խորհրդարանն է պետք, ու նրա պայմանավորվածությունները Ծառուկյանի հետ ա՛յդ համատեքստում են, կամ նա տեղյակ է Ծառուկյանի պլաններից, բայց իր ուզած ձեւով չի կարողանում ազդել գործընթացների վրա, քանի որ Հայաստանում նրա վարած շախմատը, ճիշտ է, միշտ դիրքային առավելություն է ունեցել, սակայն այժմ, ցավալիորեն, ինչպես արտաքին շփումներում, այնպես էլ անգամ ներհայաստանյան որոշումներում հսկիչ փաթեթը հավանաբար մեր ռուս գործընկերոջ ձեռքին է, ու նրան անհրաժեշտ է խորհրդարանում բոլորովին այլ մեծամասնություն: Ըստ այդմ էլ` գործընթացներ են ուղղորդվում: Եթե առաջինն է` մի բան այնպես չլինելու պարագայում միշտ կարելի է սպասել ձիու քայլի, մանավանդ` ձիու քայլի հնարավորությունն արդեն դրված է ընտրական օրենսդրության տարբեր ծուղակներում: Դիցուք` այդ ձիու քայլը կարող է լինել նաեւ ընտրական օրենսգիրքը, ըստ որի ընտրապատնեշը հաղթահարած կուսակցությունը առավելագույնը երկու կուսակցության հետ կարող է դաշինք կազմել` եթե կա վարչապետի թեկնածուի վերաբերյալ համաձայնություն: Մանավանդ բոնուսային համակարգ է գործելու` եթե կոալիցիան 54 տոկոսից պակաս է ստացվում, բայց համապատասխանում է ԸՕ մեծամասնություն լինելու դրույթին, ապա լրացուցիչ մանդատներ է ստանում` մինչեւ այդ 54 տոկոսանոց շեմը հաղթահարի: Ասենք` եթե ՀՀԿ-ն ստանում է 30 տոկոս, ապա ուրիշ երկու կուսակցությունների հետ կարող է կոալիցիա կազմել, պակասի դեպքում էլ բոնուս ստանալ, տեսականորեն չի բացառվում, որ նույն բանն անի ԲՀԿ-ն` եթե ստանա, ասենք, էլի երեսուն տոկոս ու հետո այլ ընդդիմադիրների հետ համագործակցի:

Բայց հազիվ թե` երեւի նախագծողները մտածել են, որ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն պետք է ունենան այնպիսի թվեր, որ հետո կայուն մեծամասնություն լինեն, իսկ ուրիշ բեւեռներին միայն փշրանքներ հասնեն: Այդ իմաստով միգուցե արդարացված կհամարվի Ծառուկյանի ասած լայն կոնսոլիդացիան ու վերջին նրա հայտարարության` խաչը մինչեւ վերջ տանելու խոստումը (իսկ ո՞րն է վերջը): Իսկ եթե Ծառուկյանը ՀՀԿ-ից ավելի քվե հավաքի ու խախտի ամեն տեսակ պայմանավորվածություն, ինչը տեսականորեն հնարավոր է, ԸՕ-ն միշտ էլ պահել է մի անակնկալ` ընտրությունների երկրորդ փուլը, որը, ինտրիգներ հարուցելով ուզած խորհրդարան անցած եւ կոալիցիայի համար բանակցող կուսակցության մեջ, կարող է խափանել համաձայնությունը եւ հարեհաս վրա հասնել:

Եթե երկրորդն է, այսինքն ռուսական ազդեցության գործոնը` անգամ պահեստի ձիու քայլերն առ ոչինչ կդառնան, սա կարող է տհաճ անակնկալ պարունակել հենց նախագծողի համար, որն իքս պահի ստիպված պետք է լինի միայն ուժեղ ձեռքը համբուրել ու ճակատին դնել, միգուցե այս տարբերակի առումով է հասկանալի, թե հատկապես ում է ուղղված նախագահ Սարգսյանի` դաշնակցական նախարարի հետ հանդիպման ընթացքում մարդկության չարիքների արմատի` տգիտության մեջ հերթական որոնումը:

Ի դեպ` հայաստանյան իրականության մեջ ոչնչից պետք չէ զարմանալ, ու միայն անփորձ մարդկանց կարող է թվալ, թե լծակները ՀՀԿ-ի ձեռքում են ու վերջ, կամ` ես անհավանական բան եմ ասում: Հայաստանյան իրականության մեջ, ուր բոլոր նախընտրական քարոզչություննները ղեկավարարվել են մեկ կենտրոնից, անկախ նրանից, թե քանի նախընտրական շտաբ են եղել կամ քանի կուսակցություն են մասնակցել ընտրություններին, ուր բազմաթիվ հեռուստատեսությունների առկայությամբ քարոզչական նյութը մոնտաժվում էր նախագահականում ու հեռարձակվում բոլոր հեռուստաընկերություններով` իբր այդ հեռուստաընկերության ռեպորտաժ, եւ իջեցված տեքստն էլ ուղղակի տարբեր հեռուստաընկերությունների հաղորդավարներն իրե՛նց առոգանությամբ էին կարդում, իսկ մեր օպերատորները նկարահանելիս անկապ հորանջում էին, քանի որ գիտեին` իրենց «մատերիալը» չի գնալու, ոչ մի անհնարին բան չկա:

Անհնարին բան չկա նաեւ քաղաքական հարթության մեջ, ուր բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես են նոր դաշինքները մեկ գիշերում համալրել «հզոր» թվացող ուժերի «կարկառունները», քանի որ զգացել են վառոդի հոտը, կամ այդպիսին է եղել վերեւի հրահանգը, ու դրա անունը ժողովուրդը մի իմաստուն խոսքով է կնքել` «առնետավազք»: Անհնարին չէ, քանի որ մեր քաղաքական դաշտում ոչ թե քաղաքական կամ քաղաքագիտական կանոններն են գործում, այլ ամեն տեսակի, բացի նշյալներից: Մենակ ինչ արժեին վերջին երկու օրվա երկու միտումնավոր արտահոսքերը` Խաչատուր Սուքիասյանը միանալու է Ծառուկյանի դաշինքին եւ Սեյրան Օհանյանին էլ հեռացնելու են ԵԿՄ-ից: Ապատեղեկատվական փորձարկումներ են փաստորեն: Առաջին ապատեղեկատվությունը խփում էր Սուքիասյանին, չնայած կարող էր նաեւ բան հասկացնելու քայլ լինել` իսկապես, եթե Սուքիասյանը միանա Ծառուկյանին` այս երկու ֆինանսական հսկաները միգուցե անկասելի լինեն, Սուքիասյանի մամուլի քարտուղարի խոսքով` Սուքիասյանն այսօր-վաղը հայտարարություն կանի: Բայց դե` ապատեղեկատվության երկսայրի սուրը հերքելուց հետո էլ շարունակում է աշխատել, ինչպես Օհանյանի դեպքում է` հերքվեց, որ նրան ԵԿՄ-ից հեռացնելու խնդիր կա, սակայն այդ լուրը Օհանյանին ընդդիմադիրի լուսապսակով օժտելու իր առաքելությունը դեռ կատարում է:

Ամեն դեպքում չի բացառվում, որ շուտով շատերը կլինեն Ծառուկյանի թիմում, նրա հայտարարությունը միգուց հենց դրա համար էլ ուշանում էր` շանս չտալու համար այլ միավորների իրական համախմբմանը` փետրվարի 6-ը քթի տակ է, երբ կմեկնարկի ցուցակները ԿԸՀ ներկայացնելու շատ սուղ` տասնօրյա ժամկետը, ժամանակ չկա շատ մլուլ տալու, ու այդ պատճառով շատ ուժեր ու գործիչներ արագ կարող են կողմնորոշվել դեպի Ծառուկյանը: Եթե այնտեղ է Իշխան Զաքարյանը, ապա այնտեղ չի կարող չլինել նրա վաղեմի մտերիմ Վիկտոր Դալլաքյանն ու նրան հարող ուժերը (հիմա կամ մի փոքր ուշ` չգիտենք): Եթե հանկարծ, չնայած այժմյան հերքմանը, այնտեղ հայտնվի Խաչատուր Սուքիասյանը, որը, ինչպես եւ Ծառուկյանը, համակիրների իր ստվար զանգվածն ունի, միգուցե շուտով այնտեղ կլինեն նաեւ արմատական ընդդիմադիր համարվող, սակայն այժմ արդեն առանձին ներկայանալու համար իրենցից ոչինչ չներկայացնող ուժերը: Կամ ի՞նչ բեւեռից են խոսում Վարդան Օսկանյանն ու նրա «Համախմբումը»` նրան միացած ուժերով հանդերձ, հո հարյուր բեւեռ չի լինում, հակաքաղաքական-հակաբնական, անգամ մոլորակների բնականոն գործունեությունն ընդամենը երկու բեւեռ են կանոնակարգում, էն էլ Օսկանյանի պարագայում, ով խորհրդարան էր եկել Ծառուկյանի թիմի հետ:

Ուրիշ հարց է, թե ինչպես եւ ինչու կարող էինք հասնել այն կետին, որ դերակատար լինեն միայն քյաշ փողատերերը, այդ մասին շատ անգամ ենք խոսել (անօգուտ) եւ հետո ենք խոսելու (դաս չենք քաղում), սակայն փաստն այն է, որ անկախ մեր ուզել-չուզելուց, հասարակ մարդկաց զգալի շերտեր կան, որ սիրում են ե՛ւ Գագիկ Ծառուկյանին, ե՛ւ Խաչատուր Սուքիասյանին, վերջին դեպքում գոնե կրթված լինելու հանգամանքը մեղմում է անհարմարությունը: Ու անկախ մեր համակրանքներից` ստիպված ենք ընդունել իրերի առկա դրությունը. մեզնից անկախ, իրոք, խորհրդարանի պատկերը մեկընդմիշտ կարող է փոխվել, իսկ այնտեղ հայտվելու շանս ավելի շատ կարող են ունենալ Ծառուկյանի ձեւավորած դաշինքում ընդգրկված մարդիկ: Ուզում ենք դա, թե չենք ուզում` այժմ լծակներ ու փող ունեցող մարդիկ ու նրանց հարող շրջանակները որոշել են փաստորեն մինչեւ առնվազն 2030 թիվը պաշտպանել իրենց իշխանություն լինելու եւ ազդեցության տիրույթները, քաղաքների, համայնքների ղեկավարումը փոխանցել սեփական ժառանգներին, իշխանության ոչ մի լծակ չզիջել պատահական մարդկանց: Այս անգամ նրանք կմիանան Ծառուկյանի դաշինքին, այսինքն ` ընտրության հնարավորություն կունենան` ՀՀԿ-ի՞ն, թե՞ Ծառուկյանին հարելով դա անել: Մնացյալը` կուսակցություններ, գաղափարներ, հայրենիք, Արցախ` ցավոք սոսկ իդիլիա է, այս նպատակի մեջ տեղավորվող այնքանով- որքանով: Չնայած` Ծառուկյանն էլ, բոլորն էլ պարտավոր էին հիշել ու մտածել, որ ես (ժողովուրդը) անվերջ չեմ կարող իմ պատուհանից նայել իր պալատին, առիթ-անառիթ լսել նրա սալյուտի գմփոցները, եւ ես (ժողովուրդը) պետք է բարելավեմ իմ կյանքը, ստանամ ի՛մ հնարավորությունը` անվերջ միայն նայել հնարավոր չէ: Իսկ նրա պլանների մեջ ես (ժողովուրդը) չկամ, կամ` կամ այնքանով, որ հերթական անգամ իմ աչքին թոզ փչելով` սեփական ժառանգներին իշխանություն կտակեն:

Իսկ Կարեն Կարապետյանին վարչապետ բերելու պատմությունը կարծես արդեն հստակություն է ստանում, սա տեղի ունեցավ նույն պատճառով, ինչ զանազան կուսակցությունների խեղճացնելիս ու մագիլահան անելիս էր` ժամանակավորապես հարկավոր էր զբաղեցնել մարդկանց մտքերը, որ նրանք շեղվեն ելքեր գտնելու մտմտուքից ու հույսեր կապեն ա՛յդ ֆիգուրի հետ` մինչեւ ընտրություններ չկարողանալով այընտրանքային լուծումներ գտնել կամ համախմբվել: Դա ստացվեց: Այս գաղափարն աշխատեցնողն իսկապես տեղեկատվական եւ այլ բնույթի իրական լծակների է տիրապետում: Ընդ որում` սահմանադրագետ Վարդան Պողոսյանի այն բացատրությունը, թե 2018 թվականի ապրիլին է միայն պահանջվելու, որ վերջին չորս տարվա ընթացքում Կարապետյանը 731 օր բնակված լինի Հայաստանում, ցույց է տալիս, որ Կարեն Կարապետյանի գործոնը դեռ էլի օգտագործվելու է խորհրդարանական ընտրություններից հետո, նրան եւս մեկ տարի վարչապետ են առաջադրելու` մինչեւ նախագահի լիազորությունների ավարտը, ապահովելով առավել տանելի անցումն ու փոխանցումը:

Իսկ դուք ասում եք` փոփոխություններ:

Հ.Գ. - Դաշինքվող-դրստվող-հրմշտվող-իրար ոտքի տակ փորող քաղաքական ուժերին, քաղաքականություն լքող-վերադարձողներին, քաղաքական սրբերին ու արծաթասերներին, թատերասերներին ու կրկեսասերներին իմ երկու ամսական տասներկու օրական պստլո թոռնիկը մի կարեւոր բան փոխանցեց. ասաց` ղու..., ասինքն` սպասեք մեծանամ, կտեսնեք...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.