ՏՐԴԱՏ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԱՎ «ԱՐՏԱՎԱԶԴ» ՄՐՑԱՆԱԿԻ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ Թատրոնի միջազգային օրվա, Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը, որն այս տարի նվիրված էր ՀԹԳՄ 70-ամյակին, «Ազգը» մանրամասնորեն անդրադարձել է: Ուրախալի փաստ էր, որ մրցանակակիրների շարքում էր նաեւ Բեյրութի (Լիբանան) ՀԲԸՄ-ՀԵԸ «Վահրամ Փափազյան» թատերախմբի վարչության ատենապետ Տրդատ Ավետիքյանը : Հիշեցնեմ, որ թատերախումբը մարտի սկզբին թատերասերների դատին հանձնեց Շիրվանզադեի «Ազգային գործիչը» դրաման, որը բեմադրելու համար կրկին Բեյրութ է հրավիրվել պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը: Ներկայացումը 8 անգամ ցուցադրվել է ու արժանացել մեծ ընդունելության: «Ազգը» հյուրընկալեց Տրդատ Ավետիքյանին, շնորհավորեց «Արտավազդ» մրցանակին արժանանալու համար եւ զրուցեց տարբեր հարցերի շուրջ: «Ես այս անգամ հրավիրվեցի պրն Երվանդ Ղազանչյանի կողմից մասնակցելու մրցանակաբաշխության հանդիսությանը: Ինձ համար անակնկալ էր, երբ հայ բեմի երախտավորների շարքում, որոնց հանձվեց «Արտավազդ» մրցանակը, պրն Ղազանչյանը իմ անունն էլ հայտարարեց»: Տրդատ Ավետիքյանը երեք տասնամյակ «Վահրամ Փափազյան» թատերախմբի ոչ միայն ատենապետն է եղել, այլեւ մշտապես իր վրա է վերցրել թատերախմբի վարչական ծախսերի ողջ ծանրությունը: «Անչափ տպավորված եմ նման գեղեցիկ ու կարեւոր հանդիսությունից: Թատերարվեստի ներկայացուցիչներին իրար գլխի հավաքել, նրանց գնահատել ըստ արժանվույն, պարզապես հրաշալի է: Երանի թե Սփյուռքում էլ կարողանայինք նման ձեռնարկ անել: Ավա~ղ...», ասաց պրն Ավետիքյանը: «Զարմացա եւ հիացա, երբ այդ տոնին ներկա էին պաշտոնատար անձինք ու նրանց ներկայությամբ ես ստացա այդ բարձրագույն թատերական մրցանակը: Իհարկե, հուզված էի, երբ ձեռքս առա մրցանակը եւ իմ շնորհակալական խոսքը հղեցի իմ տարիների վաստակը գնահատողներին ու մեր երկրի ղեկավարներին»: Այո՛, հուզիչ ու տպավորիչ էր Տրդատ Ավետիքյանի խոսքը, որն ավարտվեց սփյուռքահայ բանաստեղծ Վահան Թեքեյանի հրաշալի տողերով. «Ինչ մնաց, կեանքէն ինձի ինչ մնաց, ինչ որ տվի ուրիշին... տարօրինակ... այդ միայն»: «Ազգի» այն հարցին, թե ի՞նչ վիճակում է հիմա բեյրութահայ թատրոնը, ժողովրդի վրա ի՞նչ ազդեցություն ունեցավ Սիրիայում օրեցօր վատթարացող վիճակը, պրն Ավետիքյանը ասաց. «Իհարկե, այսօր թատրոնը որոշ չափով աղքատացել է: Անգամ անվճար հրավեր ենք ուղարկումՙ հանդիսատեսները չեն գալիս»: Իսկ ի՞նչն է պատճառը հարցին այսպես պատասխանեց. «Որովհետեւ մարդիկ շատ-շատ մտահոգություններ ունեն, ապրուստը շատ դժվարացել է, նամանավանդ այս վերջին իրադարձություններից հետո: Անգործություն, տնտեսական ճգնաժամ եւ դրան էլ գումարած հոգեկան ծանր ապրումներ: Սիրիայի իրավիճակը լուրջ ազդեցություն է ունենում եւ արդեն սկսել են Լիբանան տեղափոխվել այնտեղի հայերը: Եթե այդ վիճակը շարունակվի, կարծում եմ հայության մեծ մասը երկրից դուրս կգա: Լավ կլիներ, որ գոնե մայր հայրենիք գային: Եթե Հայաստանը տնտեսապես բարգավաճի, Հայաստան կգան: Կարեւորը, որ Հայաստանում աշխատատեղեր բացվեն, որ արտագաղթը կանխվի: Այս հարցը օրախնդիր է եւ մեզ Սփյուռքում ապրողներիս շատ է անհանգստացնում: Իհարկե շատ լավ էր, որ երկու տարին մեկ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում գալիս են հայրենիք, ծանոթանում ու կապվում հողուջրին, սակայն դա հարցի մի կողմն է: Ուստի բացի մշակութային ձեռնարկներից, հարկ է լուրջ գործունեություն տանել տեղի բնակչությանը աշխատատեղերով, բնակարանով ապահովելու գործում: Թող չթվա, թե Սփյուռքում ամեն բան լավ է հայերի համար: Ինչ որ անում ենք, ինչի որ հասնում ենք, շատ դժվարությամբ ու քրտնաջան նվիրումով միայն: Մեր թատերախմբի անդամները աշխատում են երկու տեղ ու երեկոյան մինչեւ գիշեր գալիս են թատրոն առանց վարձավճարի, կամավոր, գալիս են ու փորձերին մասնակցում: Ցավալի է, որ երիտասարդները այսօր մեր մոտ թատրոնով չեն հետաքրքրվում, անգամ օտար դպրոցներ են հաճախում...»: Իսկ թե ի՞նչ փոփոխություններ տեսավ այս այցի ընթացքում հարցին, Տրդատ Ավետիքյանն ասաց. «Նոր շենքեր, ժպտացող մարդիկՙ կարծես ժողովուրդը լավ է, իսկ երբ գյուղեր գնացինքՙ աղքատություն, վատ ճանապարհներ, գործազրկություն: Եթե ուզում ենք հայրենիքը պահել, պետք է աշխատատեղեր բացվեն: Կրկնում եմ ու էլի կրկնում: Միայն այդպես գաղթի ճամփի դեմը կարող ենք փակել: Չգիտեմ, թե հայրենի կառավարությունը ինչպես պիտի լուծի այդ բարդ ու դժվարին խնդիրը: Սակայն հույս ունենք, որ կհաջողի...»: |