ՍԱՐԻԲԵԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԵՂԲՈՐ ՀՈՐԴՈՐՈՎ Մ. Խ. Երեկ գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը, ում թիվ 10 ԿԸՀ-ն գրանցել է որպես պատգամավորության թեկնածու, հանրությանը տեղեկացրել է իր առաջադրման շարժառիթների մասին: Տարածած հայտարարության մեջ նախ նա եղբորը` Խ. Սուքիասյանին չգրանցելը համարել է անօրինական, քաղաքական հետապնդում, մարդու իրավունքների կոպիտ խախտում եւ անօրինական, հաշվեհարդար` Խ. Սուքիասյանի քաղաքացիական դիրքորոշման պատճառով. «Պետք է պայքարեմ այդ անօրինականության դեմ` շարունակելով նրա պատգամավորական գործունեությունը», գրել է նա` նշելով, որ Խաչատուրը նախաձեռնություններ ու ծրագրեր ունի, դրանք պետք է իրականանան, այնպես որ` եղբայրն է հորդորել նրան առաջադրվելու որոշում ընդունել: Մյուս շարժառիթներից է թիվ 10 ընտրատարածքում մրցակիցների մեջ մշտապես եղած սուր, բայց քաղաքակիրթ մրցակցության ավանդույթը շարունակելու ցանկությունը, նաեւ ինչ-որ չափով առաջադրումն արձագանք է հասարակության պահանջին. «Համոզված եմ, որ ընտրողների քվեն ստանալու դեպքում կարող եմ արդյունավետ աշխատել Ազգային ժողովում», նշել է Սարիբեկ Սուքիասյանն իր տարածած հայտարարության մեջ: |