ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՍՐԱՅԵԼԻ «ԹՌԻՉՔՈՒՂԻ» ԻՐԱՆԻ ԴԵՄ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Իրանի շուրջն իրավիճակը լրջության բավականին բարձր մակարդակի է հասել, թեեւ արտաքուստ գործընթացները ապագա պատերազմի հավանականության մասին դատողությունների առումով հուսալի հիմք չեն: Եվ եթե անգամ ամերիկյան եւ այլ տարածքներից իսրայելական կողմին զգուշացումներ են հնչում Իրանի դեմ պատերազմ սանձազերծելու անիմաստության եւ վտանգավորության առումով, կարծես թե Իսրայելում դրանց ականջալուր լինելու մասին բնավ չեն մտածում: «Foreign Policy» պարբերականը մարտի 28-ին, ի դեմս հեղինակ Մարկ Փերրիի, անդրադարձել է ոչ միայն Իսրայելի կողմից Իրանի հանդեպ քայլերին ու դրանց հավանական հետեւանքներին, այլեւ Իսրայել-Ադրբեջան դաշինքին, որ պետք է ծառայի այդ նպատակին: Փերրին նախ վկայակոչում է «WikiLeaks» կայքէջում գաղտնազերծված, 2009 թ. Բաքվում ԱՄՆ փոխդեսպան Դոնալդ Լյուի ծառայողական հաղորդագրություններից մեկը, ըստ որի Ալիեւը Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները բնութագրել է որպես այսբերգ, որի 90 տոկոսը ջրի մեջ է»: Ըստ Փերրիի, սա կարեւոր է նախ եւ առաջ այն պատճառով, որ Ադրբեջանը Իրանի հյուսիսային հարեւանն է, իսկ ԱՄՆ կառավարության բարձրաստիճան մի շարք ներկայացուցիչների հետ զրույցում Փերրիին կարծիք են հայտնել, որ անվտանգության հարցերում Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը «մեծացնում է Իրանի վրա Իսրայելի հարձակման ռիսկը»: Փերրիի աղբյուրների համաձայն, ինչպիսիք հանդես են գալիս «չորս ավագ դիվանագետներ ու ռազմական հետախուզության սպաներ», ԱՄՆ-ում, ունեցած տեղեկությունների հիման վրա, եզրահանգել են, որ Ադրբեջանն Իսրայելին իր օդանավակայանների հասանելիություն է ապահովել, իսկ թե Իսրայելի ինչին է դա հարկավոր` հստակ չէ: «Իսրայելցիները «Ադրբեջան» անունով օդանավերն են գնել», Փերրիին հայտնել է իր աղբյուրը: Ամերիկյան հետախուզական ուժերը մտահոգ են Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցությամբ, ինչը բարդացնում է Իսրայել-Իրան լարվածության թուլացմանն ուղղված ամերիկյան ջանքերը, ընդ որում, հետախուզական ծառայությունների մասնագետները այժմ, ըստ հոդվածի, փորձում են սցենարներ մշակել ոչ միայն Պարսից ծոցում, այլեւ Կովկասում պատերազմի հեռանկարի համար: Եվ սա հատկապես այն դեպքում, երբ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները խնդրահարույց են նաեւ Թուրքիայի առումով, որի բարձրաստիճան ներկայացուցիչները ԱՄՆ, նաեւ ադրբեջանցի իրենց գործընկերներին մտահոգություն են հայտնել այդ համագործակցության առնչությամբ: Ւսրայելի դեսպանատունը Վաշինգտոնում, նաեւ իսրայելական այլ պաշտոնական աղբյուրները որեւէ կերպ չեն արձագանքել Փերրիի հարցումներին, լուռ է մնացել նաեւ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը: Իսկ մինչ այդ Ադրբեջանը Իսրայելի հետ 1.6 մլրդի ռազմական գործարք է անում, ձերբակալում է «Իրանի համար լրտեսողների» ու բողոքի նոտաներ ստանում Իրանից, միեւնույն ժամանակ շարունակելով պնդել, թե Իսրայելին թռիչքուղիներ չի տրամադրել, եւ կամ իր տարածքը չի օգտագործվի ոչ միայն Իրանի, այլեւ Թուրքիայի, Ռուսաստանի ու Վրաստանի դեմ: Գուցե ոչ անմիջապես... |