AZG Daily #85, 23-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#032, 2012-02-22 > #033, 2012-02-23 > #034, 2012-02-24 > #035, 2012-02-25 > #036, 2012-02-28
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 24-02-2012



Ֆրանսիական մամուլ

Տեղադրվել է` 2012-02-23 23:43:35 (GMT +04:00)

ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԿԵՂԾ ՊՆԴՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ՞ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

ՄԻՀՐԱՆ ԴԱԲԱՂ, Սփյուռքի եւ ցեղասպանական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն
Ռուրի համալսարան, Բոխում, Գերմանիա
Ֆրանսիական «Le Monde»-ից թարգմ. Պ. Ք.

Ֆրանսիայի խորհրդարանը քրեականացրեց Ֆրանսիայում պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների ուրացումը, մասնավորապես դա վերաբերում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը: Այժմ հատկապես Թուրքիայում ձայներ են հնչում ժողովրդավարական հասարակությունների սկզբունքներին այդ ձեւով հասցվող վնասը դատապարտելու համար, քանզի օրենքը շոշափում եւ նույնիսկ սահմանափակում է խոսքի ազատության հիմնարար իրավունքը:

Այսպիսով ընդգծվում է այն փաստը, որ Թուրքիայի դիրքորոշումը ոչ թե ժխտում է ցեղասպանության իրողությունը, այլ ավելի շուտ վերաբերում է կարծիքների արտահայտմանը, փաստերի բացատրությանը: Տվյալ փաստարկը հիմնվում է մասնավորապես իրադարձությունների լուսաբանման նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկության վրա:

Այդուհանդերձ, անկախ այն փաստից, որ պատմական հստակության վկայակոչվող բացակայությունը ինքնին ռեւիզիոնիստական մտքի կարեւոր տարր է, քանզի պատմաբանները վաղուց բերել են ցեղասպանության ապացույցը, իրավաբանական տեսակետը ցեղասպանության պատմական իրողության հարցից այն կողմ է անցնում: Խոսքի ազատության չափանիշի առնչությամբ ֆրանսիացիների որոշման օրինականության հարցը դիտարկելիս հարկավոր է ստուգել, որ նաեւ համոզմունքի պաշտպանություն գոյություն ունի այնտեղ, որտեղ վկայակոչում են համոզմունքի ազատությունը: Գլխավոր խնդիրն այն փաստն է, որ հենց գոյություն չունի համոզմունքի նման պաշտպանություն: Քանզի մի կողմից այն փաստի ժխտումը, որ 1915-1916 թթ. հայերի տեղահանությունն ու բնաջնջումը երիտթուրքերի վարչակարգի կանխամտածված քաղաքականությունն էր, համապատասխանում է Թուրքիայի Հանրապետության ծանր հետեւանքներով (մասնավորապես իրավաբանական) հղի քաղաքական դիտավորությանը, քանի որ ցեղասպանության պատմական իրողության քողարկումը կարող է հանգեցնել քրեական հետապնդումների: Մյուս կողմից, եվրոպական պետություններում ծագում է գործելու անհրաժեշտություն, քանզի Թուրքիայի Հանրապետությունը վերջին հարյուր տարիներին կարողացել է եվրոպական որեւէ պետության ամեն մի հայտարարություն դիտարկել իբրեւ Թուրքիային հասցված վիրավորանք եւ միջամտություն նրա ներքին գործերին:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու Ֆրանսիայի որոշումը ոչ թե ծառայում է պատմական փաստի հաստատմանը, այլ պաշտպանում է ցեղասպանության իրողությանն առնչվող պատմական գիտելիքը: Դա ոչ թե դատողություն է պատմության վերաբերյալ, այլ պատմական իրողության պաշտպանություն: Նման մտածելակերպը խորթ չէ գերմանական իրավունքին, եթե նկատի ունենանք, օրինակ, Գերմանիայում Հոլոքոսթի ժխտումը քրեականացնող իրավաբանական հիմքերը (Քրեական օրենսգրքի 130-րդ պարագրաֆ, 3-րդ պարբերություն):

Այսպես, Գերմանիայի սահմանադրական դատարանը մասնավորապես հետաքրքրվել է խոսքի ազատության հիմնարար իրավունքի ոտնահարման հարցով: Դատարանը տարբերակում է համոզմունքները եւ փաստացի պնդումները, գտնելով, որ վերջիններս կարող են պաշտպանվել լոկ այն դեպքում, եթե թույլ են տալիս համոզմունք ձեւավորել: Ըստ դատարանի, ժողովրդավարությունը սկզբունքորեն որեւէ շահ չունի պաշտպանելու փաստացի սխալ պնդումները, քանզի դրանք չեն նպաստում հասարակության ներսում համոզմունքի ձեւավորմանը: Սահմանադրական դատարանը այդպիսով 1994 թ. ապրիլի 13-ի վճռով գտավ, որ Հոլոքոսթի ժխտման քրեականացումը չի վնասում խոսքի ազատությանը, քանզի ճշմարտությունից այդքան հեռացած որեւէ պնդում սահմանադրական իմաստով համոզմունք չէ:

Եթե նույնիսկ տվյալ հարցը Գերմանիայի սահմանադրական դատարանի դիրքորոշումից տարբեր ձեւով դիտարկվի, խոսքի ազատության սահմանադրական արդարացման հարցը չի վերանում: Հարկավոր է ծանրութեթեւ անել. մի կողմում հիմնարար իրավունքի սահմանափակման վկայակոչումն է, մյուսումՙ զոհերի իրավունքների ոտնահարումը եւ նույնիսկՙ ուրացումը: Այստեղ եւս կարող է օգտակար լինել Հոլոքոսթի քրեականացմանը վերաբերող գերմանական օրենսդրությունը: Օրենսդրության գլխավոր կետը զոհերի պաշտպանությունն է զրպարտությունից եւ զոհվածների ու նրանց ժառանգների հիշատակի անարգումից (Քրեական օրենսգրքի 189-րդ պարագրաֆ):

Ուստի հարկավոր է խորհրդածել հիմնարար ազատությունների նման կիրառությունից պաշտպանվելու եղանակի մասին, կիրառություն, որը ժխտում կամ վտանգում է եվրոպական հիմնարար արժեքները: Ամենածանր ոճիրների ժխտումը, որոնցից են միջազգային իրավունքով քրեականացված հակամարդկային հանցագործությունները, ինչպես նաեւ զոհերի անարգումը, անուրանալիորեն դրա մասն են կազմում: Դա համապատասխանում է ռասիզմի եւ այլատյացության որոշ դրսեւորումների դեմ քրեական իրավունքի միջոցով պայքարելուն վերաբերող Խորհրդի 2008 թ. նոյեմբերի 28-ի թիվ 2008/913/JAI շրջանակային որոշման 1-ին հոդվածի 1c պարբերությանը, որը պահանջում է քրեականացնել «ցեղասպանության ոճիրների հրապարակային դրվատումը, ժխտումը կամ գռեհկացումը»:

Ժխտողականությունը քրեականացնելու որոշումը պատմաբաններին շրջանակների մեջ դնող եւ որոնումները պատժող սկզբունք չէ: Սխալ է այն փաստարկը, թե նման օրենքը կվնասեր հետազոտությունների ազատությանը: Ցեղասպանության ոճիրներին վերաբերող ազատ հետազոտությունը եւ իրականացման կառույցներին վերաբերող աշխատանքը հնարավոր են լոկ այն ժամանակ, երբ ճանաչումը եւ «այո» եւ «ոչ» հարցի ազատագրումը տեղի են ունեցել. այդ դեպքում ուրացումը այլեւս խոչընդոտ չէ ամբողջովին հետազոտության վրա կենտրոնանալու համար: Այսպես, Հոլոքոսթին վերաբերող մանրակրկիտ հետազոտությունը հնարավոր դարձավ, քանզի որպես հակամարդկային ոճիր եւ ցեղասպանություն այդ իրադարձության իրողությունը երբեւիցե կասկածի տակ չառնվեց: Ցեղասպանության ժխտումը, հատկապես, եթե դա իրագործել է պետությունը քաղաքական-ռազմավարական պատճառներով եւ եթե այն պարտադրված է արտերկրին, խանգարում է հետազոտությանը եւ փաստարկումը հանգեցնում պարզեցումների, մասամբՙ փաստերի չիմացության պատճառով: Դա պարզ երեւում է հայերի բնաջնջման օրինակով, որն ավելի քան 95 տարի ժխտում են ոճրագործության հեղինակները եւ հետագա սերունդները:

Ֆրանսիայում ընդունված օրենքը իրավաբանական տարածք է բացում ցեղասպանության հանցագործությանը վերաբերող պատմական գիտելիքը պաշտպանելու, տվյալ ոճրագործության խորացված հետազոտություն կատարելու եւ նման քաղաքականության շարունակումից խուսափելու համար: Քանզի պատմության վիճարկումից բացի, ցեղասպանության ուրացումը նշանակում է չցանկանալ ներկայումս եւ ապագայում հրաժարվել ուժի գործադրումից որպես քաղաքական միջոցից: Թուրքական ուրացումը սոսկ պատմության մռայլ էջերի ժխտումը չէ: Խոսքը քաղաքական ռազմավարության մասին է, որը գրեթե հարյուր տարի որոշակի քաղաքականության հիմքն է կազմում. դա թուրքերի ազգային ինքնության ձեւավորման պրոցեսի ամբողջական տարր է:

Այս համատեքստում սեփական անցյալը հիշելու աշխատանքի մերժումը մասնավորապես հնարավոր է դարձնում Թուրքիայում փոքրամասնությունների հանդեպ բռնությունների քաղաքականությունը եւ մարդու իրավունքների ոտնահարումը: Բայց միայն Թուրքիայում չէ, որ ժխտողականությունը քաղաքականության հիմքն է կազմում. դա նաեւ թուրքական ծագումով բազմաթիվ ֆրանսիացի եւ եվրոպացի անձանց պատմական գիտակցության եւ քաղաքական կողմնորոշման հիմնարար տարր է: Նրանց քաղաքական դիրքորոշումները վնասում են Ֆրանսիայում ապաստանած վերապրողների սերունդների անձի իրավունքներին: Ինչպես ցույց են տալիս նախնական քննարկումները, պատգամավորներն ու սենատորները գիտակցում էին, որ ցեղասպանության ոճիրների ուրացումը չի կարող համարվել որպես համոզմունքի պարզ արտահայտություն, եւ որ ստահոդ պնդումներով ուղեկցվող նման ուրացումները քաղաքական-ռազմավարական բնույթ ունեն եւ բացում ու նույնիսկ հավերժացնում են քաղաքական գործունեության գծերը: Պատգամավորները գիտեին, որ իրենք քաղաքական պատասխան են տալու ժխտողականության քաղաքական ռազմավարությանը:

Հետեւողական ձեւով նրանք ընդլայնեցին Հոլոքոսթի ժխտման քրեականացմանը վերաբերող եւ տարիներ առաջ ընդունված առանձնահատուկ օրենքը, որպեսզի ընդհանուր օրենքում մասնավոր դեպքերի շրջանակից դուրս պատժվի հակամարդկային ոճիրների ժխտումը: Ֆրանսիացիների որոշման հետ կապված քննարկումների առիթով կարեւոր է հիշեցնել, որ հակամարդկային ծանր ոճիրների ակտիվ ժխտման դեմ ուղղված հստակ դիրքորոշման բացակայության պայմաններում առկա է եվրոպական հիմնարար արժեքների վնասման վտանգ: Արդ, ժխտողականության դեմ պայքարելը այսօր գիտականորեն եւ մարդկայնորեն կարեւոր աշխատանք է, որը նաեւ մեծ դեր ունի կանխիչ ռազմավարությունների զարգացմանը վերաբերող խորհրդածությունների մեջ: Քանզի ցեղասպանությունը մի ոճիր է, որն իրականացվում է ոչ այնքան հեղինակների, որքան հետագա սերունդների եւ նրանց ապագայի համար որոշակի իրողություն ստեղծելու նպատակով:

Ահա թե ինչու պատասխանատուների թողած հասարակությունները հարկավոր է մասնակից դարձնել ինչպես հիշողությանն առնչվող աշխատանքին, այնպես էլ սոցիալական եւ քաղաքական պատասխանատվությանը: Գերմանական իրավունքի նշանավոր փիլիսոփա Բեռնհարդ Շլինկը իրավունքի պատմության տեսակետից լուսաբանել է, որ հանցագործների ընկերակցությանը համերաշխված ամեն ոք ոճրագործությունից հետո դառնում է հանցավոր եւ արարքի ժխտման միջոցով փորձում է ձերբազատվել իր հանցավորությունից: Այս իմաստով ֆրանսիացիների ընդունած որոշումը պետք է համարվի ուղղորդիչ:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 24-02-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua