ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ԵՆ Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի 3-րդ տուրը հաջող էր ուժեղագույնների խմբում հանդես եկող հայ շախմատիստների համար: Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով հաղթեց Միխայիլ Ուլիբինին: Իր օգտին հաղթական միավոր գրանցեց նաեւ Հրանտ Մելքումյանըՙ պարտության մատնելով հնդիկ շախմատիստ Գուջրաթի Վիդիթին: Կարեն Գրիգորյանը հաշտություն կնքեց Պավել Պոնկրատովի հետ: 3 տուրից հետո Մելքումյանն ու Հակոբյանը 2-ական միավորով հետապնդում են առաջատարներին: Միանգամից 8 շախմատիստներ 2,5 միավորով գլխավորում են աղյուսակը: Կարեն Գրիգորյանը 1,5 միավորով 56-րդ հորիզոնականում է: B խմբի մրցաշարում հայաստանցի 8 շախմատիստներից առավել հաջող են խաղում գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը եւ միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը, որոնք վաստակել են 2,5-ական միավոր: Քոթանջյանը հաղթեց ռուսաստանցի Եկատերինա Կովալեւսկայային, իսկ Հայրապետյանը ոչ-ոքի խաղաց մեկ այլ ռուսաստանցուՙ Գրիգորի Օպարինի հետ: 2 միավոր ունի Մանուել Պետրոսյանը, 1,5-ականՙ Արտաշես Մինասյանը, Դավիթ Պետրոսյանն ու Վահե Բաղդասարյանը: Հովհաննես Գաբուզյանի օգտին գրանցված է 1 միավոր, իսկ Աղասի Ինանցը առաջին կես միավորը վաստակեց միայն 3-րդ տուրում: B խմբի մրցաշարում եռիշխանություն է: 3-ական միավորով առաջատարներն են Սերգեյ Գրիշչենկոն, Էմրե Կանը եւ Վիտալի Սիվուկը: C խմբի մրցաշարում հայաստանցի 6 շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Մարկ Բասենչյանը, որը վաստակել է 2,5 միավոր: Նա հաշտություն կնքեց Ուրտնասան Նասանջարգալի հետ: Բասենչյանն ընդամենը կես միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող 5 առաջատարներից: 2-ական միավոր ունեն Սուրեն Պողոսյանը, Արթուր Ղարագյոզյանն ու Աշոտ Ավետիսյանը: Էդմոնդ Խաչատրյանի օգտին գրանցված է 1 միավոր, իսկ Գագիկ Ավետիսյանն ունի կես միավոր: |