ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅՈՒՆԸ 500 ՏԱՐԵԿԱՆ Է ԹԵՐԵԶԱ ԳԱԼՍՏՅԱՆ, Բանասիրական գիտ. թեկնածու Դարերի ընթացքում մեր երկրում տիրող քաղաքական ծանր իրավիճակների ու դժնդակ իրադարձությունների հետեւանքով հայ ժողովրդի խոշոր զանգվածներ հեռացել են հայրենիքից, գաղթել մոտակա կամ հեռավոր երկրներ, հիմնել հայկական գաղթօջախներ, որտեղ զարգացրել են հայոց հասարակական ու մտավոր կյանքը, մշակույթն ու արվեստը, կառուցել եկեղեցիներ ու դպրոցներ, հրատարակել գրքեր, ամսագրեր: Այդ է պատճառը, որ հայկական առաջին գիրքը տպագրվել է ժամանակի եվրոպական տպագրության գլխավոր կենտրոն Վենետիկում, առաջին պարբերականը («Ազդարարը»)` Հնդկաստանի Մադրաս քաղաքում: Սա մեր ե՛ւ առավելությունն է, ե՛ւ թերությունը: Առավելություն այն իմաստով, որ ի տարբերություն Հայաստանի տնտեսական ու քաղաքական ծանր պայմանների, հայ նվիրյալ անձինք թեկուզ օտար հողում, կարողացել են ստեղծել այնպիսի արժեքներ, որոնք այն դարերում հնարավոր չէր իրականացնել բուն Հայաստանում: Աշխարհի քիչ ժողովուրդներ կարող են պարծենալ գրքի տպագրության այդքան վաղ սկզբնավորմամբ: Գերմանացի Իոհան Գուտենբերգի մեծագործ գյուտից ընդամենը 50 տարի անց, 1512-13 թթ. Վենետիկում, հայազգի Հակոբ Մեղապարտի ջանքերով տպագրվեցին մեսրոպատառ առաջին գրքերը («Ուրբաթագիրք», «Պատարագատետր», «Տաղարան», «Աղթարք, «Պարզատումար»), որոնք իր ժամանակի ու պայմանների առումով նշանակալից երեւույթ էին: Եվ մենք երախտագիտությամբ պետք է հիշենք հայ առաջին տպագրիչին: Որոշ մասնագետներ Հակոբ Մեղապարտին նշավակում էին, որ նա բացի հոգեւոր-կրոնական բնույթի գրքերից լույս աշխարհ է բերել նաեւ սնոտիապաշտական, ոչ պիտանի գրքեր: Սակայն չպետք է մոռանանք, որ 16-րդ դարում նման բովանդակությամբ գրքեր տպագրվում էին նաեւ իտալական եւ եվրոպական այլ ազգերի հրատարակիչների կողմից: Միաժամանակ հիշենք, որ Հակոբի տպագրած գրքերից «Տաղարան»-ը իր մեջ ամփոփում էր միջնադարի հայ բանաստեղծներ Հովհ. Թլկուրանցու, Մկրտիչ Նաղաշի, Ֆրիկի տաղերը եւ Ներսես Շնորհալու 100-ից ավելի չափածո հանելուկները: Մի բան, որն արդեն առաջադիմական քայլ էր 16-րդ դարի հայ հասարակական կյանքում: Հակոբն իր գրքերի Հիշատակարաններում իրեն համեստորեն կոչել է «մեղապարտ», այստեղից էլ` նրա անվանակոչումը: Հակոբ Մեղապարտի գրքերը տպագրված են բարձր որակով, ունեն գեղեցիկ զարդեր, պատկերներ: Հակոբ Մեղապարտին հաջորդեցին հայ տպագրության նոր առաջամարտիկներ` Աբգար Թոքատեցին իր որդի Սուլթանշահի հետ, Հովհ. Տերզնցին, Վանանդեցի եղբայրները, Երեմիա Քյոմուրճյանը եւ շատ ուրիշներ: Նրանց մեծ մասը Ս. Էջմիածնի առաջադեմ միաբաններ էին, ովքեր մի խումբ հայ վաճառականների եւ բարերարների նյութական օժանդակությամբ, գերճիգեր գործադրելով, զարգացնում էին հայոց տպագրության գործը աշխարհի տարբեր ծագերում: Տպագրական գործի մեծ երախտավոր Աբգար Թոքատեցին 1567 թ., Վենետիկում տպագրելով մի շարք գրքեր, տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որն այն ժամանակ հայաշատ կենտրոն էր: Այստեղ նա բացում է հայկական առաջին տպարանը, սկիզբ դնելով Կ. Պոլսում հայ տպագրությանը: 1660 թ. Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հրամանով , Մատթեոս Ծարեցին Ամստերդամում (Հոլանդիա) հիմնադրում է «Ս. Էջմիածնի եւ Ս. Սարգսի» անվան տպարան, որի աշխատանքները 1664 թվականից շարունակում է Ոսկան Երեւանցին: Վերջինս Ս. Էջմիածնի միաբանության ամենակրթված, զարգացած, մի քանի լեզուների գիտակ, եպիսկոպոսական աստիճան ունեցող անձ էր, որի ծավալած գործունեությունը հայ տպագրության ասպարեզում անգնահատելի է: Երեւանցին 1666-68 թթ. Ամստերդամում տպագրում է հայերեն առաջին «Աստվածաշունչ»-ը, մի հոյակապ գործ` տպագրական-տեխնիկական տեսակետից եւ աննախընթաց աշխատանք` մինչեւ այդ եղած հայերեն հրատարակությունները: Այնուհետեւ Ոսկանը 1669-72 թթ., նախ Լիվորնոյում, ապա Մարսելում լույս ընծայեց 40 անուն գիրք` բարձրորակ տպագրությամբ: Շուտով հայերեն տպագրությունների տպաքանակը հասավ մի քանի հազարի: Փաստորեն 17-րդ դարում աշխարհի տարբեր երկրների հայկական տպարաններում հրատարակված գրքերի տպաքանակը 200-250 օրինակից բարձրացավ մինչեւ 1200-2700-ի: Իսկ դա պատկառելի հունձք էր: Հայկական տպագրության սկզբնավորումից 260 տարի անց, 1772 թ., Սուրբ Էջմիածնում հիմնադրվեց տպարան, որն առաջինն էր հայրենիքում: Նույն թվականից տպարան բացվեց նաեւ Հնդկաստանի Մադրաս քաղաքում, ուր 1794-96 թթ., Հարություն քահանա Շմավոնյանի խմբագրմամբ սկսեց հրատարակվել հայերեն առաջին պարբերականը` «Ազդարար» ամսագիրը: 1512-ից մինչեւ 1800 թթ. հայկական տպագրություն է եղել Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում` Վենետիկում, Հռոմում, Փարիզում, Բեռլինում, Լվովում, Ամստերդամում, Մարսելում, Լոնդոնում, Լայպցիգում, ինչպես եւ` Կոստանդնուպոլսում, Նոր Ջուղայում, Էջմիածնում, Մադրասում, Կալկաթայում, Պետերբուրգում, Նոր Նախիջեւանում եւ այլուր: Ըստ որում այդ ժամանակաշրջանում տպագրվել է շուրջ հազար անուն հայերեն գիրք` ամենաբազմազան թեմաներով. կրոնական, եկեղեցական, աշխարհագրական, մաթեմատիկական, փիլիսոփայական, բնագիտական, բժշկական, ինչպես եւ բառարաններ, դասագրքեր, թարգմանական գրականություն եւ այլն: Տպագրվել են նաեւ 5-րդ եւ հետագա դարերի մեր գրեթե բոլոր պատմիչների ու ստեղծագործողների երկերը (Մովսես Խորենացու, Եղիշեի, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Ֆրիկի, Մխիթար Գոշի եւ այլ հեղինակների): 1512-1800 թվականները համարվում են հայկական տպագրության հնատիպ գրքի շրջան: Այդ շրջանում տպագիր գրքերն իրենց ձեւավորմամբ, ձեւաչափով ու արտաքին տեսքով նմանեցվում էին հայ հին ձեռագիր մատյաններին: Ինչպես վկայում է հայ տպագրության պատմության գիտակ, մատենագետ-բանասեր Ռաֆայել Իշխանյանը` «Հայ հնատիպ գրքերն իրենց յուրահատուկ ձեւավորմամբ, նկարազարդմամբ այժմ հազվագյուտ հրատարակություններ են` թանգարանային արժեքով: Նրանց մի մասն իր նշանակությամբ հավասար է հայ գրչագիր մատյաններին»: Անշուշտ, հայ տպագրությունը չի սահմանափակվում հնատիպ գրքերի երեքդարյա շրջանով: Այն մեծ վերելք է ապրել հատկապես 18-րդ դարից սկսած, երբ տպարաններ են գործել նաեւ Լեհաստանում, Պարսկաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Անդրկովկասում եւ այլուր: Ցավոք, հնարավոր չէ ոչ մեծ հոդվածով անդրադառնալ բոլորին: Սակայն, անհրաժեշտ ենք համարում թեկուզ համառոտ մի քանի խոսք ասել Կ. Պոլսում գործող տպարանների մասին: Տպագրական գործը Թյուրքիայի այս հայաշատ կենտրոնում մեծ ծավալ ու թափ է ստանում հատկապես 17-րդ դարի վերջերից: Բացվում են բազմաթիվ տպարաններ, տպագրվում են հոգեւոր, նաեւ ազգաշահ գրքեր: Հիշատակելի են հատկապես տպագրական գործի անխոնջ մշակներ Գրիգոր Մարզվանեցին, Պողոս Արապյանը, Հովհ. Մյուհենտիսյանը եւ ուրիշներ, որոնք (նաեւ իրենց զավակների ու թոռների հետ) երկարատեւ ու ջանադիր աշխատանքով հայ տպագրական գործը հասցրեցին աննախադեպ բարձրության, տպագրելով բարձրորակ ու մեծարժեք բազում գրքեր: Այդ տպարաններում են հրատարակվել արեւմտահայ նշանավոր գրողների լավագույն ստեղծագործությունները, ժամանակի հանրահայտ հանդեսներն ու թերթերը: Չմոռանանք նաեւ հայ նորաձեւ տառերի ստեղծող, նորարար, նշանավոր փորագրիչ, վիմագրիչ, գրող եւ թարգմանիչ Ճանիկ Արամյանին: Նրա «արամյան» կոչվող գեղեցիկ տառերը հրապարակ գալով 1855 թվականին, գոյատեւեցին մինչեւ մեր օրերը եւ օգտագործվում էին նաեւ մեր տպարաններում մինչեւ 1970-ականները: Այժմ դարձյալ հակիրճ, ներկայացնենք Մխիթարյան միաբանության երկու պատվարժան կենտրոնների (Վենետիկի Ս. Ղազար կղզու եւ Տրիեստ-Վիեննայի) տպագրական-հրատարակչական հսկայածավալ գործունեությանը : Սուրբ Ղազարի Մխիթարյան հայրերը, հատկապես 18-րդ դարի վերջերից գրատպության գործում հասնում են մեծ հաջողությունների: Նրանց հրատարակությունները պոլիգրաֆիական տեսակետից հետ չէին մնում եվրոպական մյուս երկրների տպագրած գործերից: Այդտեղ տպագրվել են մի քանի հարյուր անուն գրքեր, որոնք բացի կրոնականից ընդգրկում էին գիտական-հասարակական, գեղարվեստական, ազգագրական եւ բազմաթիվ այլ բնագավառներ: Դեռեւս 1833 թ. նրանք իրենց ունեցած բազմալեզու տառերի շնորհիվ, 24 լեզվով տպագրում են «Հավատով խոստովանիմ» աղոթքը եւ ուղարկում Բելգիայի թագավորին, որից ստանում են շքանշան: 1882 թ. այդ նույն աղոթքը տպագրում են 36 լեզվով: Երկար տարիներ տպագրվել է եւ շարունակում է տպագրվել միաբանության օրգան «Բազմավեպ» գիտական, բանասիրական եւ գրական ամսագիրը: Ս. Ղազարի տպարանը գործում է մոտ 200 տարի. նա ամենաերկարակյացն է հայ տպագրության պատմության մեջ: Իր փառավոր գործունեությամբ առաջնակարգ տեղ է գրավում հատկապես Վիեննայի (նախապես` Տրիեստի) Մխիթարյանների տպարանը, որն իր բազմալեզվյան տպագրություններով նվաճել էր Եվրոպայի շատ երկրների ուշադրությունն ու նրանց գործակցությունը: Այստեղ հրատարակված հայերեն գրքերի քանակը մինչեւ 19-րդ դարի վերջը մոտենում էր 500-ի, չհաշված տարբեր լեզուներով մեծաքանակ հրատարակությունները: Ինչպես Ս. Ղազարի տպարանը, այստեղ եւս տպագրվում է նախ 25, ապա 50 հին ու նոր լեզուներով աղոթք, որի արդյունքում Եվրոպայի կենտրոնական շատ քաղաքներից նրանք ստանում են մեծաքանակ պատվերներ: Հայերենով տպագրվում էին հայագիտական, լեզվաբանական, բանասիրական, աշխարհագրական, ուսումնակրթական եւ այլ աշխատություններ: Աննախադեպ հրատարակություն էր «Հանդես ամսօրյա» ուսումնաթերթը, որ գոյատեւել է 1857-1930 թթ.: Ցավոք, մենք չանդրադարձանք հայ տպագրության այնպիսի կարեւոր կենտրոնների, ինչպես Թիֆլիսը, Բաքուն, Պետերբուրգը, Մոսկվան, Նոր Նախիջեւանը եւ այլ քաղաքներ, որտեղ հատկապես 19-րդ դարի ողջ ընթացքում մեծածավալ հրատարակչական աշխատանքներ են տարվել, հարստացնելով հայ տպագրության առանց այն էլ հարուստ ու բեղմնավոր պատմությունը: Պատմություն, որ կերտել են հարյուրավոր ջանադիր հայ երախտավորներ: 1801-1900 թթ. Հայաստանում, Էջմիածնից բացի, տպարաններ բացվեցին եւ տպագրական գործը մեծ ծավալ ստացավ նաեւ Երեւանում, Ալեքսանդրապոլում (Գյումրի), Շուշիում, Նոր Բայազետում, Գորիսում, Աշտարակում եւ այլուր: Երեւանում առաջին տպարանն սկսեց գործել 1876 թ. Զաքարիա Գեւորգյանի, ապա` Էմին Տեր- Գրիգորյանի տնօրինությամբ: 1880-ից տպագրվել է Երեւան քաղաքի առաջին պարբերական «Պսակ» թերթը, որի խմբագիրն էր Վասակ Պապաջանյանը: Մենք չենք անդրադառնում 20-րդ դարասկզբից մինչ օրս Հայաստանում տպագրված, հրատարակված բազմահարուստ ու բազմաբովանդակ գրականությանն ու պարբերական մամուլին, քանզի այդ շրջանն արդեն պահանջում է առանձին ուշադրություն ու առանձին հոդված: Լրագրային այս թռուցիկ ակնարկը կարծում ենք, այնուամենայնիվ, հնարավորություն ընձեռեց ընթերցողներին համոզվելու, որ անցած 500 տարիների ընթացքում ստեղծված հայ գրատպության հարուստ պատմությունը այսօր իրավունք է տալիս մեր հայոց ոստանը հռչակել «Գրքի համաշխարհային մայրաքաղաք»: |