ՀՈՒԺԿՈՒ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ՀԱԼԵՊՈՒՄ Կասկածվում են սուննի ընդդիմության հետ կապված ահաբեկիչները Սիրիայի հյուսիսումՙ Հալեպ քաղաքում երեկ առավոտյան որոտացել են երկու հուժկու պայթյուններ, որոնց հետեւանքով վնասվել են տասնյակ շենքեր: Պետական հեռուստատեսությունը հրապարակել է առողջապահության նախարարության նախնական տվյալները, որոնց համաձայն սպանվել են առնվազն 25 եւ վիրավորվել 175 անձինք: Թեեւ ահաբեկչությունների թիրախները երկրի ուժային կառույցներն էին, բայց զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Երկու դեպքում էլ պայթեցվել են ականված ավտոմեքենաներ: Ենթադրվում է, որ պայթյուններից մեկն իրականացրել է մահապարտ ահաբեկիչ: Առաջին ավտոմեքենան պայթել է Խալիբ Ջադիդի շրջանում, ռազմական հետախուզության կենտրոնակայանի մոտ: Երկրորդ պայթյունը 5 րոպե անց որոտացել է Սախուրա հրապարակում, անվտանգության ուժերի բաժանմունքի մոտ: Երկու դեպքում էլ լիցքի հզորությունը տրոտիլային համարժեքով առնվազն 20 կգ էր: Սիրիայի իշխանությունները Հալեպի պայթյունների համար պատասխանատու են համարում սուննի ընդդիմության հետ կապված ահաբեկիչներին: Հիշեցնենք, որ Սիրիայում խռովությունների սկզբից ի վեր Հալեպը զերծ էր մնացել բախումներից: Միաժամանակ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է Հոմս քաղաքում բանակի եւ ապստամբների միջեւ արդեն 5 օր շարունակվող մարտերի մասին: Այդ քաղաքում սպանվածների թիվն անցնում է 500-ից: Ահաբեկչական խմբերի եւ կառավարական զորքերի բախումներ են տեղի ունենում Էլ Քուսեյրումՙ Լիբանանի սահմանի մոտակայքում: Այնտեղ ծայրահեղական խմբավորումների ռազմակայաններում բանակն առգրավել է զենք եւ զինամթերք: |