ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆ Երեկ կեսօրին, երեք օր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացրած «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանին կալանավայրից բաց թողեցին: Դատախազության որոշմամբ Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը կալանքից փոխվեց երկրից չբացակայելու ստորագրության: Լրագրողները Հայկին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքի մոտ ողջունեցին ծափերով ու սկսեցին գրկախառնվել: Ի դեպ, խափանման փոխելու որոշումը կայացրել է դատախազը, նշելով. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, նկատի ունենալով, որ Հ. Գեւորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր, նման պայմաններում բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»: Որոշման պատճենը ուղարկվել է ՔԿՀ-ի պետին, եւ Հայկ Գեւորգյանին բաց են թողել: Ինչպես «Ազգին» պատմում էր Հայկը, կալանավայրում իր նկատմամբ բռնություն չի կիրառվել, բանտում անցկացրել է «երեք հրաշալի օր», շփվել ութ տարբեր տիպի մարդկանց հետ, որոնց մասին առաջիկայում գրելու է: Իսկ դեպքի մանրամասները չցանկացավ ասել, մտավախություն ունենալով, որ իր պատմածներից ոստիկանությունը կարող է օգտվել: Հուսանք, որ «տուժած» քաղաքացին ավելի ուշ կխոստովանի ավտոմեքենայի հետնամասում հայտնվելու իր հանգամանքները, նաեւՙ թե ինչու կենտրոնում գործող երեք բուժհիմնարկները թողած, հասել է Նոր Նորքի հիվանդանոց, մի քանի օր պառկել ու հետո դուրս գրվել: ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ |