«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ` ՄԱՐՏԻ 2-ԻՆ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ «Ժառանգության» համագումարը պետք է ծանրութեթեւ անի, թե որքանո՞վ ենք մենք գտնվում ազատ եւ արդար եւ իրավական ընտրությունների նախաշեմին, որպեսզի ընտրություններից հետո ո՛չ իշխանավորը, ո՛չ ընդդիմադիրը, ո՛չ հաղթողը, ո՛չ պարտվողը, ո՛չ ԿԸՀ արդյունք ընդունողը, ո՛չ հրապարակում գիշերողը չդժգոհի, այսինքն` իմանանք, թե որո՞նք են խաղի կամ կյանքի կանոնները Հայաստանի քաղաքական երկնակամարում», ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը` հայտարարելով, թե «Ժառանգության» համագումարը տեղի կունենա մարտի 2-ին: Ինչպես տեսնում եք` մարտի սկզբին շատ քաղաքական ուժեր են նախատեսում համագումար անել, այնպես որ մարտը հավանաբար նախընտրական հստակեցումների, «ո՞վ ում հետի» ամիս կլինի: «Ժառանգությունն» այդ օրը կորոշի առաջիկա ընտրական գործընթացներին մասնակցության ձեւ ու չափի հարցը, իսկ նախահամագումարյան շաբաթների ընթացքում այս խորհրդարանական ուժը որոշելու է, թե իր մասնակցությունն ինչպե՞ս է կիրարկելու, հասարակության պահանջը ո՞րն է եւ արդյոք միայն օրակարգո՞ւմ է Ազգային ժողովում կրկին հայտնվելը. «Մենք ուզում ենք հավատալ եւ հավատում ենք, որ ՀՀ-ն գտնվում է լուրջ փոփոխությունների նախաշեմին, եւ այս անգամ «Ժառանգությունը» պարտավոր է մաս կազմել համակարգափոխական շարժման թե՛ Ազգային ժողովում, թե՛ հրապարակում»: Նա ողջունեց համաձայնության հանգող թեկուզ ուշացած գործընթացը համամասնական կարգի շուրջը, թեեւ նա ինքը ծնվել է մեծամասնական կարգ ունեցող երկրում, բայց Հայաստանը այդ կարգին կհանգի միայն 50 տարի հետո: Ըստ նրա` շատ լավ կլիներ, որ գործող նախագահը հանդիպեր ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ ուժերի պատվիրակների հետ, քանի քաղաքական մշակույթի իրական դրսեւորումն այդ կլիներ. «Եթե քաղաքական կամքը կա եւ ՀՀ պատմության ողջ ընթացքում առաջին անգամ հայավայել, սահմանադրական, իրավական ընտրություն ենք ուզում, ապա պետք է շատ լրջորեն մոտենանք այդ հարցին»: «Ժառանգությունը» շարունակելու է շփումներն ինչպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության , այնպես էլ այլ կուսակցությունների, հասարակության ներկայացուցիչների, քաղաքացիական խմբերի հետ` հույս ունենալով մինչեւ մարտի 2-ը ամբողջացած ուժ ձեւավորել: Նախկին երեք արտգործնախարարների հանդիպման մասին մամուլի լուրին արձագանքելով` Ր. Հովհաննիսյանը նկատեց, թե այդպիսի հանդիպում չի եղել, ինքը չի հանդիպել պարոն Օսկանյանին եւ չգիտե նրա մտքինը, բայց. «Մեր դռները բաց են, եթե նա կամ մեկ այլ ցանկացած շահագրգիռ ուժ ուզում է համագործակցության եզրեր քննարկել, մենք բաց ենք, եւ կոնկրետ ես հաճույքով կհանդիպեի նրա հետ: «ժառանգությանը» հետեւելով կիմանաք, որ մենք հիշաչար չենք, հավատաքննիչ չենք, մենք համարում ենք, որ ՀՀ ազատության եւ ինքնիշխանության ապագան գտնվում է նոր բանաձեւի որոնման մեջ», ասաց` հավելելով, թե քննադատելով, արմատական ընդդիմություն լինելով Հայաստանի երեք նախագահներին, պատրաստ է համագործակցել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հետ նոր մոտեցման նպատակներն իրականացնելու համար: Նա չհերքեց, որ համամասնական համակարգի հարցով հանդիպելու են բազմաթիվ կուսակցությունների հետ, նաեւ փոխադարձ շահագրգռվածություն կա ավելի լայն օրակարգի` ընդդիմադիր, արատախորհրադարանական, եւ եթե ցանկություն լինի, ինչու չէ, իշխանության մաս կազմող կուսակցությունների հետ, եթե իրենք իսկապես ուզում են, որ Հայաստանում առաջիկա ընտրությունները լինեն համընդհանուր ընդունելի, ընկալելի եւ դե յուրե քաղաքական արդյունք առաջարկող. «Մենք պետք է որոշենք, որ այս անգամ ՀՀ-ն պետք է ունենա քաղաքական դե յուրե արդյունք. ոչ թե դե ֆակտո, այլ դե յուրե ընտրված Ազգային ժողով ունենանք, եւ Հայաստանի 4-րդ նախագահը լինի բոլորովին նոր մարդ, նոր անձ` դե յուրե ընտրված հայ ժողովրդի կողմից»: Ր. Հովհաննիսյանը «Ազատ դեմոկրատներին» բնորոշեց հավաքական, կոլեգիալ որոշումներ ընդունելու պատրաստ ուժ, որտեղ չկա անձի պաշտամունք, կա խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակցություն, համամասնականի կարգի զորակցություն: «Ժառանգության» համամասնականի ցուցակը կազմելու հարցի մասին խոսելը ժամանակից շուտ է, քննարկում չի եղել այդ առթիվ, ինչպես որ նախընտրական շտաբի հարցը: |