ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին նրանք դժգոհություն հայտնեցին զինդատախազ Գեւորգ Կոստանյանից Յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության շենքի առջեւ ցույցի դուրս եկող խաղաղ ժամանակ բանակում զոհված մի քանի զինծառայողների ծնողները երեկ իրենց դժգոհությունն էին հայտնում նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին : Նրանք նշում էին, որ մեկ տարի առաջ, նախագահի հրամանով իրենց ընդունել էր զինդատախազ Գեւորգ Կոստանյանը եւ խոստացել նորից ուսումնասիրել իրենց տղաների մահվան հանգամանքները: Սակայն անցել է մեկ տարի, իսկ որեւէ փոփոխություն ոչ մի քրեական գործում չի եղել: Նրանք պահանջում էին հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քանի որ Գեւորգ Կոստանյանը, զոհված զինվորների ծնողների խոսքերով, չի կատարում նախագահի հանձնարարականը: Վիգեն Սարգսյանը նշում էր, որ բանակում հանցագործությունները չեն կոծկվում, եւ զինդատախազն ինքն է շահագրգիռ, որ դրանք բացահայտվեն: Նրան ի պատասխանՙ ծնողներն ասում էին, որ կոնկրետ իրենց որդիների գործերում ոչ մի բան չի փոխվել: Նախագահի աշխատակազմի ղեկավարը կրկին առաջարկեց հանդիպում զինդատախազի հետ, որին զոհված զինվորների ծնողները կրկին պատասխանեցին, որ ցանկանում են հանդիպել նախագահի հետ: Սակայն, ինչպես մեզ հետ զրուցելիս ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը, նախագահի աշխատակազմի ղեկավարը ոչինչ չխոստացավ: Ինչ վերաբերում է գործերի վերանայման գործընթացին, ապա, զոհվածի հոր հավաստիացմամբ, քննիչները նույն պարզաբանումներն են տալիս, որոնք արդեն կան քրեական գործում, եւ որոնցից էլ հենց իրենք դժգոհ են: |