AZG Daily #88, 17-05-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

AZG ONLINE

2012-05-16 22:21:07
Բորսայում վաճառվել է 8.55 մլն դոլար

2012-05-16 18:09:12
Թուրքական ռազմազօդային ուժերի հարձակումը Հյուսիսային Իրաքի վրա

2012-05-16 17:12:47
Դիմում է գրել

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ`
ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#130, 2011-07-15 > #131, 2011-07-16 > #132, 2011-07-19 > #133, 2011-07-20 > #134, 2011-07-21
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 19-07-2011



Անցուդարձ

Տեղադրվել է` 2011-07-19 00:51:14 (GMT +04:00)

ԵՌԱԿԻ ՏՈՆ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում կիրակի օրը տոն էր, ավելի ճիշտ` եռակի տոն. նշում էին Ալավերդի քաղաքի օրը, հանքագործի ու մետալուրգի մասնագիտական տոնը եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի հիմնադրման 241-ամյակը: Չնայած քաղաքում տոնական օր էր, ալավերդցիներն առանձնակի ուրախ ու խանդավառ չէին. պատճառը քաղաքի հազարումի խնդիրներն են` սոցիալական, առողջական, բնապահպանական եւ այլն: Ինչեւէ, տոնական մթնոլորտ ստեղծելու համար գոնե արտաքուստ ամեն ինչ կազմակերպվել էր հավուր պատշաճի:

Տոներին նվիրված միջոցառումներն ու հանդիպումները կազմակերպել էին «Վալլեքս» խումբն ու Ալավերդու քաղաքապետարանը: Ալավերդի ժամանած հյուրերի ու լրագրողների հետ առաջին հանդիպումը եղավ Ալավերդու պղնձաձուլական գործարանի վարչական շենքում, որտեղ ներկա էին նաեւ «Վալլեքս» խմբի «Արմենիան քափըր փրոգրամ» (ACP) ընկերության ղեկավարությունն ու Ալավերդու քաղաքապետարանի ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանն անդրադարձավ ընկերությունների աշխատանքին եւ պատասխանեց լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը պատկանում է «Արմենիան քափր փրոգրամ» ընկերությանը: Սկզբում Վալերի Մեջլումյանը խոսեց «Թեղուտ» ընկերության ծրագրերից: Նրա խոսքով` Թեղուտի կոմբինատի աշխատանքը սկսելուց հետո Հայաստանում արդեն կարտադրվի ավելի քան 1000 տոննա պղինձ, պղնձի խտանյութ. «Եվ դա լուրջ հիմք է, որ հետագայում ունենանք ժամանակակից պղնձաձուլարան»: Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները նախատեսվում է սկսել 2 տարի հետո, իսկ ներդրումների ծավալն արդեն կազմում է շուրջ 100 միլիոն դոլար: Ըստ Վալերի Մեջլումյանի` նախատեսվում է շուրջ 3 տարվա ընթացքում գործարկել Ալավերդու ծծմբաթթվի արտադրության աշխատամասը:

Ներկաներին նաեւ հետաքրքրում էր` Թեղուտի հանքավայրը շահագործելու համար որքա՞ն ծառեր են հատվել եւ հատվելու: «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը ասաց, որ հանքավայրը շահագործելու համար նախատեսված է հատել 357 հա անտառ. «Սակայն մեր ստանձնած պարտավորությունը ենթադրում է նույն ժամանակահատվածում իրականացնել կրկնակի ծավալով անտառապատման աշխատանքներ: Այս պահին շուրջ 65 հա տարածք է հատվել, եւ կրկնակի ծավալով անտառապատումն արդեն կատարված է»: Նրա փոխանցմամբ` առաջիկայում Ալավերդիում էլ շահագործվելու է նոր ծխատար, ինչի շնորհիվ քաղաքի բնակչության վրա գործարանային արտանետումների վատթար ազդեցությունը կնվազի: «Սակայն դա վերջնական լուծում չէ», հավելեց Վալերի Մեջլումյանը:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը , որն էլ անդրադարձավ քաղաքի խնդիրներին: Փաստացի 17 հազար բնակիչ ունեցող Ալավերդիում, ըստ քաղաքապետի, խնդիրները հիմնականում կապված են էկոլոգիային ու գործազրկությանը: Լոռու մարզում հանքավայրերի շահագործումը մի կողմից բնակչության համար բացում է նոր աշխատատեղեր, բայց մյուս կողմից քայքայում մարդկանց առողջությունը: Թունավոր արտանետումները նվազեցնելու եւ դրանք ֆիլտրելու ուղղությամբ անհապաղ քայլեր են հարկավոր: «Վալլեքս» խումբը ստեղծում է նոր աշխատատեղեր, սակայն անդառնալի կորուստների հաշվին` առողջական կորուստների: Երբ ճոպանուղով բարձրացանք վերեւՙ տեսնելու քաղաքի համայնապատկերը, մեր առջեւ զարմանալի տեսարան բացվեց. ամբողջ Ալավերդին «կորել էր» ծխի մեջ: Գործարանի ծխատարից դուրս եկող ահռելի քանակությամբ ծուխը մշուշել էր տները, շենքերն ու բնությունը: Իսկ այդ բոլոր թունավոր արտանետումները շնչում են բնակիչները, եւ այս խնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված: «Վալլեքս» խմբի շատ աշխատակիցներ, որոնք աշխատում են գործարանում, գերադասում են շնչել թունավորված օդը, միայն թե չմնան գործազուրկ: Իսկ քաղաքի մյուս բնակիչները... չէ՞ որ բոլորը «Վալլեքսի» աշխատակիցները չեն...

Ալավերդու պղնձաձուլական գործարանում տարեկան վերամշակվում է մինչեւ 50 հազար տոննա խտանյութ, արտադրվում եւ իրացվում է մինչեւ 10 հազար տոննա անզուտ պղինձ:

Քաղաքի խնդիրները քննարկելուց հետո քաղաքի հյուրերը, տեղի բնակիչները, «Վալլեքս» խմբի աշխատակիցներն ու լրագրողներս գնացինք Ալավերդու մշակույթի կենտրոն, որտեղ նույն օրը բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի քանդակների ցուցահանդեսը: Ցուցադրված բոլոր քանդակները Խաչատուր Իսկանդարյանը նվիրել է «Վալլեքս» խմբին, եւ դրանք մշտապես ցուցադրվելու են Ալավերդիում: Նկարիչը պատմեց, որ քանդակները պատկերում են հանքագործների իրական կերպարներ: Ցուցահանդեսից հետո դահլիճում տեղի ունեցավ նվերների ու պատվոգրերի հանձնումը: Բայց մինչ դրանք հանձնելը Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը շնորհավորեց բնակիչներին տոների կապակցությամբ: Առանձին խոսքով հանդես եկան նաեւ Ալավերդու քաղաքապետը, Վալերի Մեջլումյանը եւ ուրիշներ: Ապա քաղաքապետը պատվոգրեր, առողջարանային ուղեգրեր ու հեռուստացույցներ հանձնեց քաղաքի բնակիչներին:

Իսկ Գագիկ Արզումանյանն ու «Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանը հանձնեցին «Վալլեքս» խմբի նվերները «ACP» եւ «Թեղուտ» ընկերությունների աշխատակիցներին: Բոլոր ստացողների ու նվերների անունները հնչեցին առանձին-առանձին, յուրաքանչյուրն առանձին բարձրացավ բեմ ու ստացավ իր նվերը կամ պատվոգիրը, եւ դրանք հանձնելու «արարողությունը» տեւեց ավելի քան մեկ ժամ: «Արարողությունը» դարձել էր ձանձրալի անգամ նվերներ ստացողների համար: Լավ կլիներ` բեմից հրապարակվեր միայն նվերներ ստացողների թիվը, իսկ լավագույն դեպքում նաեւ ասվեր` ինչ նվերներ են տալիս:

«Վալլեքս» խմբի նախաձեռնությամբ 20 ուսանողներ էլ հնարավորություն կունենան տեսնելու Արեւմտյան Հայաստանը: Ուսանողների գերակշռող մասն ալավերդցիներ են:

«Վալլեքս» խմբի անակնկալները, սակայն, չէին ավարտվում այսքանով: Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտում կազմակերպվել էր տոնական համերգ, որին հաջորդեց հրավառությունը:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 19-07-2011


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua